Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը:
Հիշեցնենք․ Փաշինյանի հրահանգով Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին` մեղադրանք առաջադրելով «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» հոդվածով։
«Տաշիր պիցցայի» ցանցի մարքեթինգային բաժնի աշխատակից Արտակ Մաթեւոսյանը «Հրապարակ»-ին երեկ ասաց, որ այս պահի դրությամբ 10 մասնաճյուղ է փակվել: Անգամ մարզերում են փակել, մեկը, օրինակ՝ Էջմիածնում։ «10 օբյեկտ փակ, որոնցից 7-ի համար մենք դիմում ենք գրել ՍԱՏՄ, որ արդեն ենթակա է վերաբացման, այսինքն՝ այն խնդիրը, որը ՍԱՏՄ-ն նկատել է, 10 օբյեկտից 7-ում խնդիրները վերացված են։ ՍԱՏՄ-ն եկել է, խնդիրներ է գտել, նշել են՝ ինչ խնդիր են արձանագրել մեզ մոտ․․․ Հիմա 10-ից 7 օբյեկտի որոշումները վերացված են»։
– Խնդիրները խոհանոցի հե՞տ են կապված։
– Տարբեր` կարող է խոհանոց լինի, հովացման, տեխնիկական խնդիր։
– Մենք տեսանք՝ փակման պատճառաբանություններից մեկն այն էր, որ հատակի մակերեսը հարթ չի եղել, դա փակման պատճա՞ռ է։
– Գիտեք, ՍԱՏՄ-ն իր չափորոշիչներն ունի, գուցե այդ չափորոշիչների մեջ մտնում է, որ հատակը պետք է հարթ լինի, իսկ հատակը հարթ չի եղել, որը կարող է փաստացի արձանագրության հիմք դառնալ։
– Այս ստուգումները մշտապես եղե՞լ են, թե՞ սա առաջին դեպքն է։
– Այո, մենք հայտարարություններով էինք հանդես եկել, որ մասնաճյուղերից մեկում աղցանների հետ կապված խնդիր կար, որը կարճ ժամանակահատվածում վերացվեց, եւ օբյեկտը շարունակեց իր գործունեությունը։ Օբյեկտը չի փակվել, աղցանների վաճառքն էր դադարեցվել։
– Պիցցերիաների ցանցի նկատմամբ սեւեռում չե՞ք տեսնում, քանի որ, գիտենք, այն պատկանում է Սամվել Կարապետյանին։ Սա հստակ հրահանգ չէ՞ իշխանության կողմից՝ բիզնեսը տապալելու։
– Չեմ ուզում քաղաքական դաշտ մտնել, քաղաքական ենթադրություններ անել, որովհետեւ ինքս քաղաքականությունից հեռու եմ, բայց եթե տրամաբանորեն նայենք, քանի որ մինչ օրս ՍԱՏՄ-ի կամ մեկ այլ գերատեսչության կողմից մեր օբյեկտներից որեւէ մեկը չի փակվել, ասում եմ՝ աղցանի վաճառքն է միայն դադարեցվել, օբյեկտը չի փակվել, իսկ հիմա ՍԱՏՄ-ն օբյեկտները փակել է։ Մենք մեր գործունեության ընթացքում դեպքեր չենք արձանագրել, որ օբյեկտը փակվի, այո, եղել են խնդիրներ, բայց խնդիրը չի բերել նրան, որ օբյեկտը փակվի։
– Այսինքն՝ սա սեւեռում է, գուցե դուք խուսափո՞ւմ եք դա ասելուց։
– Չեմ խուսափում, մարդիկ էդպես են բնութագրում․․․
– Դուք այդ կարծիքին չե՞ք։
– Այո, ես՝ ինքս, տեսնում եմ այդ դիտավորությունը, որովհետեւ ասում եմ` եթե մենք ունենայինք նման դեպք, կասեինք՝ սա հերթականն է։ Սա աննախադեպ է նրանով, որ ՍԱՏՄ-ն մեր խնդրագրի, դիմումի հիման վրա է եկել ստուգելու․․․
– Տպավորություն է, որ դուք եք ասել՝ եկեք, ստուգեք, փակեք։
– Ստուգումներ իրականացվում են ՍԱՏՄ-ի կողմից, որովհետեւ մենք լաբորատորիա չունենք։ Իրենք գալիս՝ ուսումնասիրություն են անում, եթե խնդիր են հայտնաբերում, դա արագ վերացվում է, նպատակը՝ առողջ սննդով ապահովենք հաճախորդին։
– Տուգանե՞լ են նաեւ։
– Տուգանքի պահով ոչինչ չեմ կարող ասել, բայց 10-ից 7-ում խնդիրը վերացված է։
– Դիմումը ե՞րբ էիք ներկայացրել։
– Մինչեւ այս հայտնի դեպքերն իրենք արդեն շրջայցերը սկսել էին, մենք ՀՀ-ում ունենք 32 «Տաշիր պիցցա», նրանք հերթով իրականացնում են` պատահական մտնում են օբյեկտ, իրականացնում գործունեությունը։ Երբեւէ չի եղել, որ այցելեն մի օբյեկտ եւ ետ վերադառնան։
– Իսկ այս դեպքում եղե՞լ է։
– Այո, եկել, խնդիր չեն հայտնաբերել, հետո ետ են եկել եւ փակել են։ Պարզապես չեմ հիշում՝ որ հասցեի մասին է խոսքը։
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել. Պայքարելու ենք