Վաշինգտոնը Իրանում ամերիկյան ցամաքային զորքեր օգտագործելը համարում է Իրանա-իսրայելական հակամարտությանը ԱՄՆ-ի մասնակցության ամենաքիչ նախընտրելի տարբերակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ խոսի ցամաքային ուժերի մասին։ Ցամաքային ուժերն այն վերջին բանն են, որ մարդ կցանկանա օգտագործել։ Դա ծայրահեղ տարբերակ է», – ասել է Թրամփը հունիսի 20-ի ուրբաթ օրը՝ պատասխանելով լրագրողների հարցին Իրանում ԱՄՆ ուժերով ցամաքային օպերացիա իրականացնելու հնարավորության մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը դեռևս որոշում չի կայացրել Իրանի հետ հակամարտությանը ԱՄՆ-ի ուղղակի մասնակցության վերաբերյալ։ «Միգուցե այո, միգուցե ոչ», – նա պատասխանել էր լրագրողների հարցին՝ արդյոք Ամերիկան հարվածելու է Իրանի միջուկային օբյեկտներին։
Նախօրեին ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է միջամտել Իրանի և Իսրայելի պատերազմին և կիրառել 30 հազար ֆունտանոց բունկերային ռումբը՝ աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև վերջ կփորձի դիվանագիտական ճանապարհով կարգավորել Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, սակայն եթե հասկանա, որ այդ մեթոդները սպառել են իրենց, ապա կանի ամեն անհրաժեշտը՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար։
«Նա ասաց, որ կհետևի դիվանագիտական մեթոդներին, քանի դեռ դա հնարավոր է։ Եվ հենց որ նա որոշի, որ դիվանագիտությունը լիովին սպառել է իրեն, որ լրացուցիչ բանակցությունները մեզ ոչինչ չեն տա, նախագահը, կարծում եմ, կանի ամեն անհրաժեշտը՝ վերջ դնելու ուրանի հարստացմանը [Թեհրանի կողմից] և վերջ տալու Իրանի միջուկային ծրագրին», – ասել է ԱՄՆ փոխնախագահը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վենսն ընդգծել է, որ վերջնական որոշումը կկայացնի Թրամփը։
«Ինձ թվում է, որ ժամանակը սպառվում է, բայց, ինչպես ասաց նախագահը, նա ուզում է ևս մի փոքր սպասել և տեսնել, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը», – հավելել է քաղաքական գործիչը։
Վենսի խոսքով՝ Թրամփը «ոչ ոքի չի ասի, թե ինչ և երբ է մտադիր ձեռնարկել» Իրանի նկատմամբ։
«Նա կիմանա, թե երբ է դիվանագիտությունը սպառել իրեն, և երբ պետք է ԱՄՆ զինվորականներին գործի դնի՝ երաշխավորելու, որ Իրանը միջուկային ծրագիր չունի», – եզրափակել է փոխնախագահը։
Բաց մի թողեք
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը
Նեթանյահուն վաղուց էր ցանկանում կռվել Իրանի դեմ․ Բիլ Քլինթոն