Բագրատ սրբազանի եւ 14 անձի կալանավորումը՝ ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով, դատական իշխանությունը բացահայտ կերպով նվաստացնելու ցցուն օրինակ է:
Հիշեցնենք, որ կալանավորվել են Բագրատ սրբազանը, Տիգրան Գալստյանը, Արման Իսրայելյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Օկումուշյանը, Արսեն Ղազարյանը, Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, Տիգրան Թոփալյանը, Լիդիա Մանթաշյանը, Դավիթ Գալստյանը, Հրայր Հակոբյանը, Արմեն Ալեքսանյանը, Մովսես Շարբաթյանը, Միհրան Մախսուդյանը:
Այսօր էլ իրավապահները առավոտից լցվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և փորձում էին վեհարանից դուրս բերել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ երկրում <ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների համար։ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով գործ է հարուցվել, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։
Խոսքը` Աջապահյանի մեկ տարվա վաղեմություն ունեցող հարցազրույցներից մեկի մասին է: ԽՍՀՄ քաղաքական բանտարկյալ, 10 տարի սովետական ճամբարներում նստած, ՀՀ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ կարծիք ունի այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում.
– Անձանց կալանավորում են ոչ թե խոսքի համար, այլ` մտադրության: Այն ժամանակ էլ էին պատժում և հիմա էլ են պատժում` մտադրությունների համար: Բոլոր երկրներում է այդպես, եթե գործողություններ ես ծրագրում ռեժիմի դեմ, քրեական օրենսգրքով պատժում են:
– Ուզում եք ասել` արևմտյան երկրներում, որտեղ իսկապես ժողովրդավարական արժեքներն են գերիշխում, ընդդիմադիր քաղաքական գործչին իշխանության քննադատելու համար կարող են բանտարկե՞լ:
– Գիտեք՝ ամեն տեղ էլ այդպես է, մենք ուղղակի արտագրել ենք «Արևմուտք» բառը և մեզ թվում է Արևմուտքում ատելության խոսքի համար մարդուն ներում են և առհասարակ ամեն ինչի համար ներում են, բայց չէ, աշխարհի բոլոր պետություններն էլ, ըստ տրամաբանության, դատապարտում են ատելության խոսքը, ագրեսիան, վիրավորանքը և այլն:
– Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, նման չէ՞ ԽՍՀՄ-ի գործողություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին. եկեղեցականների կալանավորումներ և այլն:
– Կարծում եմ, որ պետությունը մեղմ է մոտենում, պետությունը թերանում է, պետությունը լուրջ քայլեր չի անում, իսկ հասարակությունը պետք է լուրջ պաշտպանված լինի թե ատելության խոսքից, թե այլ արատավոր երևույթներից: Պետությունը պետք է խիստ լինի այս առումով: Ոչ մեկը չպետք է համարձակվի ՀՀ ինքնիշխանության դեմ ծրագրեր կազմել:
– Իսկ իշխանությունից, իշխանության հայհոյանքներից ու ատելության խոսքից ո՞վ պետք է ժողովրդին պաշտպանի: Ի դեպ` ինքնիշխանությունից խոսեցիք, արդյո՞ք կա այլ մեկը` Փաշինյանից բացի, որ վտանգի տակ է դրել Հայաստանի ինքնիշխանությունը:
– Հենց ինքը` ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել իրեն: Պետք է հետ կանչել իշխանություններին, պետք է զսպել, ժողովուրդն ինքն է այդ հարցերի լուծողը, եթե իրավապահ մարմինները ոչինչ չեն անում և հասարակութանը չեն պաշտպանում, անտեսում են անձի արժանապատվությունը: Այո, իշխանությանը պետք է փոխել, սա իշխանություն չի, ես չգիտեմ, թե ինչ է:
– Ինչո՞ւ իշխանությանը փոխել, որովհետև կտրուկ չե՞ն ընդդիմադիրների հանդեպ, ավելի՞ բիրտ քայլեր եք ցանկանում տեսնել:
– Եթե իշխանությունը հայհոյում է, իսկ իշխանությունն իսկապես հայհոյում է, ես կարդում եմ նրանց գրառումները, դեմ եմ այդ ամենին, հայհոյողներին հարկավոր է պատժել, անկախ այն բանից, թե մարդը ինչ պաշտոն է զբաղեցնում: Հո պաշտոնը չէ՞ կարևոր: Կարևորն այն է, որ մարդը կատարում է քրեական հանցագործություն: Եթե կա նման տարր, ապա անձը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե ոչ, ապա պետք է հանդիմանել, զրկել ինչ-ինչ հնարավորություններից, օրինակ` հայհոյելուց:
– Երբ Ձեզ ԽՍՀՄ ռեժիմը բանտարկեց, վստահաբար ուներ բացատրություն, Ձեր տրամաբանությամբ կարո՞ղ ենք նրանց էլ արդարացնել, եթե Դուք օրվա իշխանություններին արդարացնում եք….
– Չէ, ես Սովետական միությանը չեմ հայհոյել, մենք պարզապես ուզում էինք Սովետական միությունը քանդել, կազմակերպություններ էինք ստեղծում և ցանկանում էինք կազմաքանդել այդ ռեժիմը, որպեսզի ապրենք ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում: Մենք անմեղ չէինք, ես ինքս էլ դատարանում ասել եմ` դեմ եմ ձեզ բոլորիդ, ես բացահայտ հայտարարել եմ, որ ցանկացել եմ ԽՍՀՄ-ի մինչև վերջին հիմքերը քանդել:
– Այսօր Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ուժերին կալանավորելու հրաման է տալիս, քանի որ նրանք ունեցել են իշխանափոխության ծրագիր, սակայն 2018 թվականին նույն Փաշինյանը Հանրային ռադիոյի դռները ջարդուփշուր անելով, երկիրը քաոսի վերածելով եկավ իշխանության և նրան ոչ մեկը դրա համար չդատեց, չդատապարտեց:
– Իրեն էլ չէր կարելի, բայց քանի որ հաղթեց, ամեն ինչ ներվեց, ընդհանրապես այդպես է. հաղթողին ամեն բան ներվում է: Եթե ընդդիմությունն էլ հաղթեր պայքարում, ապա ոչ մեկը նրանց չէր կարողանա պատժել: Հաղթողը երբեք չի պատժվում, սա օրենք է:
– Հավատո՞ւմ եք այն վարկածին, որ Բագրատ սրբազանը տեռորիստական խմբեր է ձևավորել և փորձել է զինված աբստամբությամբ իշխանությունը վերցնել Փաշինյանից:
– Ես կարող եմ այդ մասին միայն այն դեպքում կարծիք հայտնել, երբ դատ լինի, դատաստան լինի: Ես ինչպե՞ս կարող եմ հավատալ մի բանի, որը դատարանով չի ապացուցվել: Ասում են հոկտեմբերի 27 է կանխվել, այն, որ եղել է հոկտեմբերի 27, դա գիտենք բոլորս, սակայն քանի որ իբրև կանխվել է նոր հոկտեմբերի 27-ը, դրա համար ապացույցներ են պետք:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»