Սփյուռքում բնակվող հայազգի ծրագրավորող Արմեն Աթայանը ներկայացրել է հայկական ChatGPT-ն՝ HyGPT մեծ լեզվային մոդելը, որը հասանելի է համացանցում բոլոր ցանկացողների համար՝ անվճար հիմունքներով։
HyGPT-ն առաջին բարձրորակ մեծ լեզվային մոդելն է, որը ստեղծվել է հատուկ հայերենի համար։ Նախագծի գլխավոր նպատակը արևելահայերենով աշխատող լեզվային մոդելի ստեղծումն ու թրեյնինգն էր՝ ի նպաստ հայերեն լեզվի թվային ներուժի զարգացմանը և հայախոս համայնքի՝ ժամանակակից ԱԲ տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմանը։
Նախագիծն իրականացվել է մի քանի կարևոր ուղղություններով։ Սկզբում ընտրվել է համապատասխան հիմքային մոդել, որին հաջորդել է արևելահայերենում ներկայացուցչական և մեծածավալ կորպուսի հավաքագրումն ու մանրակրկիտ պատրաստումը։
Այնուհետև իրականացվել է նախնական ուսուցում՝ մոդելը հայերենի հետ արդյունավետ աշխատեցնելու նպատակով։ Ծրագրի ընթացքում ներդրվել են մի շարք նորարարական լուծումներ, որոնք ուղղված էին մոդելի որակի բարձրացմանը։
Ավելին, կատարվել է հրահանգների վրա հիմնված ուսուցում, ինչը զգալիորեն բարելավել է մոդելի երկխոսության ունակությունները։
Չնայած վերջին տարիներին մեծ լեզվային մոդելների ոլորտում արձանագրված առաջընթացին՝ հայերենը մինչ այժմ մնում էր գրեթե անտեսված։ Սա մեծ խոչընդոտ է հայախոս օգտատերերի համար՝ նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու առումով։
«HyGPT-ի ստեղծումը մեր մշակույթի և լեզվի թվային ինքնության պահպանման կարևոր և անհրաժեշտ քայլ է։ Հայերենն արժանի է ունենալ ժամանակակից արհեստական բանականության այնպիսի գործիքներ, որոնք կկարողանան ծառայել թե՛ կրթությանը, թե՛ բիզնեսին, թե՛ ստեղծարար ոլորտներին։ Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է բացում հայախոս օգտատերերի համար՝ օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից և զարգացնել հայերենով աշխատող համակարգերը։ Հպարտ եմ, որ կարողացանք ստեղծել առաջին բարձրորակ մեծ լեզվային մոդելը, որը հատուկ ձևավորված է մեր լեզվի առանձնահատկությունները հաշվի առնելով»,-իր խոսքում նշել է Արմեն Աթայանը։
HyGPT-ի ստեղծման գործընթացում օգտագործվել են հայկական լրատվամիջոցների հոդվածներ, մաքրված վեբ-բովանդակություն, հայերեն Վիքիպեդիայի գրառումներ, գրական ստեղծագործություններ, գիտական հրապարակումներ և այլ հանրամատչելի աղբյուրներ։ Մեծապես աջակցություն է ցուցաբերել նաև Արտակ Հովսեփյանը․ առանց նրա հավաքած նյութերի HyGPT-ն ամբողջական չէր լինի։
HyGPT-ի ստեղծող Արմեն Աթայանի մանկությունն անցել է Հայաստանում։ Այժմ բնակվում է Ղազախստանում, որտեղ հիմնադրել է Gen2B.ai ընկերությունը՝ նպատակ ունենալով զարգացնել արհեստական բանականության կիրառությունը բիզնես ոլորտում։ Նրա ջանքերով Ղազախստանում արդեն ստեղծվել է ղազախերեն առաջին լեզվային մոդելը՝ Irbis GPT-ն․ վերջինիս մասին բազում հիշատակումներ կան ղազախական մամուլում։ Առաջիկայում նա նախատեսում է նաև ստեղծել լեզվային մոդել Լյուքսեմբուրգի և Ուզբեկստանի համար։
HyGPT-ի ստեղծումն Արմեն Աթայանը դիտարկում է որպես անձնական ներդրում՝ Հայաստանում արհեստական բանականության զարգացման գործում։ Նրա խոսքով՝ այս քայլն իր երախտագիտության արտահայտությունն է՝ ուղղված հայ մշակույթին, լեզվին ու հասարակությանը, որոնք առանցքային դեր են ունեցել իր անհատականության և մասնագիտական ուղու ձևավորման մեջ։ Նա հույս ունի, որ HyGPT-ն կդառնա հիմք բազմաթիվ նոր հայկական թվային նախաձեռնությունների համար։







Բաց մի թողեք
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․
Ճանապարհ բացելու այս PR-ի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է ՀՀ-ին մատակարարվող ցորենի գինը