Երրորդ օրն է՝ Բաքվի իշխանական, խորհրդարանական շրջանակներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Ռուսաստանի Դաշնության հասցեին ամենակոշտ քննադատություն է հնչեցվում, որի հիմքում մի գլխավոր թեզ է, այդ երկրի Քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը և դատարանները «բռնություններ են գործադրում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ»:
Հատկապես կարևորվում է, որ հունիսի 27-ին իրավապահներն «արտադատական գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով սպանվել է երկու անձ, մի քանիսը՝ ստացել մարմնական ծանր վնասվածքներ»:
Այդ քարոզչությունը, իհարկե, որոշակի հիմքեր ունի: Արձանագրված փաստ է, որ ԱԴԾ հատուկ ջոկատը Սաֆարովների բնակարանում բռնություններ է գործադրել, ինչի հետևանքով եղբայրներից երկուսը մահացել է տեղում, երրորդը՝ հիվանդանոցում:
Բաքվի աղբյուրները խոսում են նաև հինգերորդ սպանվածի մասին: Փաստ է նաև, որ երկու կասկածյալ գտնվում է Եկատերինբուրգի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում՝ իրավապահների հսկողության ներքո:
Բայց ալիևյան քարոզչամեքենայի բոլոր ջանքերն անցած գիշեր ի դերև են եղել, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Բաքու քաղաքի Ղարադաղի շրջանում 29 –ամյա Թեհրան Մամեդովը, վարելով «Վազ 2104» մեքենա, չի ենթարկվել ոստիկանների կողմից ներկայացված «կանգ առնելու» պահանջին, կորցրել է կառավարումը և բախվել կողնակի արգելանքին։
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Մամեդովն այնուհետև դանակով սպառնացել է և պահանջել, որ ոստիկանությունը մեքենայով գտնվող անձանց թույլ տա հեռանալ», ինչից հետո նրա նկատմամբ «գործադրվել է հաշվեցուցակային զենք, և նա վնասազերծվել է: Եվս մեկ կասկածյալ ձերբակալվել է, մեքենայից առգրավվել է տասը կիլոգրամ թմրանյութ:
Այս տեղեկատվությունը եթե պաշտոնական ոճի «փակագծերից ազատենք», ապա կստացվի, որ ոստիկանությունը հետապնդել է Թեհրան Մամեդովին, ինչի հետևանքով վերջինս հարկադրված է եղել ճանապարհի երթևեկելի մասից անցնել կողնակ, որտեղ բախվել է արգելանքի և կանգ առել:
Տեղ հասած ոստիկաններից մեկը Մամեդովին սպանել է իրեն ամրագրած հաշվեցուցակային զենքով: Մեքենայում հայտնաբերված թմրանյութի մասին հիշատակումը ոստիկանության «ալիբին» է:
Ստացվում է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն Իլհամ Ալիևին չափազանց «թանկ նվեր է մատուցել»՝ տեղում գնդակահարելով մի անձի, որին ընդամենը ինչ-որ կասկածանքով փորձել են բերման ենթարկել և հանդիպել «զինված դիմադրության»: Պարզապես անպատկերացնելի է, որ ոստիկանական կարգախումբը մեկ անձի վնասազերծելու այլ հնարավորություն, քան նրա գնդակահարությունն է, չի ունեցել:
Ընդ որում՝ դա բոլորովին էլ առաջին դեպքը չէ: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը նույնաբովանդակ այլ հաղորդագրություններ ևս տարածել է: Եվ եթե այդ հաղորդագրություններն ի մի բերվեն, ապա կստացվի, որ արտադատական բռնությամբ Ադրբեջանն Ռուսաստանին ոչնչով չի զիջում: Ինչ վերաբերում է էթնիկ անհանդուրժողականությանը, ապա Բաքուն քսենոֆոբիայի մարմնացում է:
Բայց Մոսկվան այդ փաստերը կներկայացնի՞ Բաքվին, թե Իլհամ Ալիևը վստահ է, որ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում իրականցրած էթնիկ զտումներին, թալիշ գործիչների կալանավորման և Ադրբեջանին արտահանձման մի քանի դեպքերում հանցակցությունը պարտակելուց դրդված՝ կլռի՞:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը բռնապետություն են: Եվ վերջին օրերի «հրետանային նախապատրաստության» նախաձեռնողները Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն են:
Բաց մի թողեք
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է
Ադրբեջանն ինչ նոր պլաններ ունի, ուր Մոսկվան էլ իբր ուզում է ճնշել
Մոսկվան զղջում է, թե՝ չի հավատում Բաքվի արցունքներին