02/07/2025

Իրանը ուղղո՞ւմ է սխալը Հայաստանի հանդեպ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային Թեհրանում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Իսլամական գործակցության կազմակերպության պետությունների Ստամբուլյան հռչակագրին, որ ընդունվել էր հունիսի 21-ին:

Մասնավորապես, անդրադարձը վերաբերել է այդ հռչակագրում և ընդունված փաստաթղթերում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ ձևակերպումներին:

Հայաստանի ԱԳՆ մեկ օր ուշացումով իր մտահոգությունն էր հայտնել այդ ձևակերպումների և փաստաթղթի առնչությամբ: Դրան կողմ էին քվեարկել ԻԳԿ բոլոր անդամները, բացառությամբ Լիբանանի, որը արտահայտել էր վերապահում հենց Հայաստանին առնչվող այդ անընդունելի ձևակերպումների առնչությամբ:

Բնականաբար, հարցեր առաջացնում էր ոչ միայն Իրանի, այլ նաև ԻԳԿ մյուս այն անդամների քվեարկությունը, որոնք բարեկամական և լավ հարաբերություն ունեն Հայաստանի հետ տարիներ ի վեր:

Բայց, անշուշտ հատուկ ուշադրության էր արժանացել Իրանի քվեարկությունը, հաշվի առնելով ոչ միայն հարևանությունը, այլ նաև խնդրի հենց քաղաքական, անվտանգային ասպեկտն ու այդ հարցում Իրանի դիրքորոշումները: Դա էր առաջացրել տարակուսանք, որ Թեհրանը կողմ էր քվեարկել անընդունելի ձևակերպումներին:

«Մեր կարծիքով՝ նման ձևակերպումների և արտահայտությունների կիրառումը կարող է աշխարհաքաղաքական փոփոխությունների ցանկություն առաջացնել, ինչը կառուցողական չէ և չպետք է տարածաշրջանի պետությունների գործնական քաղաքականության հիմք հանդիսանա»,-հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Նա ասել է նաև, որ «իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները հավաքական փաստաթղթերում կարող են այնպիսի հարցեր առաջ քաշել, որոնք չեն արտահայտում մեկ այլ անդամ պետության մոտեցումները»:

Լավ է անշուշտ, որ Իրանը անդրադառնում է թեմային և արձանագրում, որ Ստամբուլյան հռչակագրում ձևակերպումները չեն արտահայտում Իրանի մոտեցումը: Իհարկե, կրկնեմ, Իրանի ներկայացուցիչը կողմ է քվեարկել հռչակագրին, սակայն այդուհանդերձ այստեղ պետք է, իհարկե, խնդրին մոտենալ սառը գլխով: Հռչակագիրը ընդունվել է հունիսի 21-ին:

Դա այն ժամանակ էր, երբ ըստ էության «գագաթնակետին» էին հասնում Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները, Իրանի պատասխանը, և ակտիվորեն քննարկվում ու սպասվում էր Միացյալ Նահանգների հնարավոր ներգրավման հարցի պատասխանը:

Ի դեպ, հունիսի 22-ի լուսադեմին էլ փաստորեն Նահանգները հարվածեցին Իրանի միջուկային օբյեկտներին: Հնարավոր է պատկերացնել, թե ստամբուլյան հավաքի ընթացքում ինչով կարող էր ամբողջապես տարված լինել հարվածների ենթարկվող Իրանը:

Ըստ այդմ, բոլորովին զարմանալի չէ, որ այլ հարցերի առնչությամբ ուշադրությունը կարող էր թուլանալ, ինչից էլ օգտվել էին Ադրբեջանը, նախագահող Թուրքիան, և ԻԳԿ-ում նրանց մյուս դաշնակիցները: Այդ իմաստով, խնդրո առարկան, թերևս, Հայաստանի ԱԳՆ դաշտում է:

Դա եղել է Հայաստանի ԱԳՆ բացթողումը, անբավարար աշխատանք ԻԳԿ անդամ բարեկամ երկրների հետ, գուցե բացառությամբ Լիբանանի, որը հայտնել է իր վերապահումները հենց հռչակագրում: Բոլոր դեպքերում, տեղի ունեցածը վկայում է, որ Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատն ու դիվանագիտական ներկայացուցչությունները ունեն Իսլամական գոտու, արաբական գոտու երկրների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն:

Ընդ որում, պատճառներն այդտեղ շատ ավելի խորն են, իսկ Ստամբուլյան հռչակագիրը՝ դրանց հանդեպ ուշադրության ծանրակշիռ առիթ: