03/07/2025

Իմ հորդորով է վարչապետը որոշել մեկ շաբաթ չհայհոյել․ Վիգեն Ավետիս․ Լուսանկար

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձեւ է» կրթարշավի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ նաեւ Իտալիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: 

Նա իր խոսքում ասել էր. «Նայում եմ ձեզ ու տեսնում վերածնվող Հայաստան: Այս բանախոսություններն էլ դրա օրինակն են։ Մինչեւ երեկ գիշեր ինձ հորդորում էին չգալ, չմասնակցել շարժմանն ու չխոսել այս հարթակից։ Մեկը գիշերը եկել էր տուն։ Ասում եմ՝ լսեք, ես ազատ մարդ եմ, ազատ` իմ որոշումներում, որոնց վրա ոչ ոք չի կարող ազդել։ Կներեք, բայց նույնիսկ՝ վարչապետը»։ Բանախոսությամբ հանդես գալուց հետո օգտատերերը Ֆեյսբուքում սուր քննադատության ենթարկեցին քանդակագործին: Ի՞նչ տպավորություններ է ստացել քանդակագործը «Կրթվելը նորաձեւ է» ֆորումից։

Այս եւ այլ հարցերի շուրջ Հրապարակ թերթը զրուցել է Վիգեն Ավետիսի հետ:

– Ի՞նչ տպավորություն ստացաք՝ իշխանական զույգի հետ հանդես գալով նույն բեմից:

– Ես քանի որ այնտեղ բանախոս էի, այս հարցին ավելի շատ պետք է հանդիսատեսը պատասխանի: Իմ տպավորությունները, ընդհանուր առմամբ, եթե մեկ բառով ասենք` հրաշալի էին:

– Իսկ վարչապետի եւ նրա կնոջ բանախոսությունների մասին ի՞նչ կասեք: Ինչի՞ մասին էին դրանք, Ձեզ դուր եկա՞ն:

– Վարչապետի տիկինը` հարգարժան Աննա Հակոբյանը, հրաշալի բանախոսությամբ հանդես եկավ, ես շատ-շատ պարզաբանումներ արեցի ինձ համար նրա ելույթից: Երբեք նման էքսկուրս չէի ունեցել, որ թե՛ պատմական լիներ, թե՛ ժամանակակից. համեմատական այսօրվա Հայաստանի եւ այսօրվա Նոր Զելանդիայի մասին, որը ստեղծվել է 800 տարի առաջ…. մի խոսքով` ես ցնցված էի, շատ հավանեցի նրա ելույթը: Թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ վարչապետը, թե՛ ամբողջ հասարակությունը լսեցին ինձ, իմ արվեստի մասին, ծանոթացան իմ մոտեցումներին, լսեցին նաեւ իմ խորհուրդները: Մարդիկ ինձ ծափահարեցին: Այդ ծափահարություններն ինձ համար շատ կարեւոր էին: Իմ ելույթը շատ բարձր գնահատվեց թե՛ վարչապետի եւ թե՛ հանրության կողմից:

– Ինչի՞ մասին խոսեցիք:

– Խոսեցի արվեստի մասին, ազնվության մասին, խոսեցի իմ անցած ճանապարհի մասին եւ շատ կարեւոր ուղերձներ թողեցի ներկաներին: Նշեցի, թե, ըստ իս, ինչն է այս կյանքում ամենակարեւորը: Դրանք մի քանիսն են: Նշեցի, որ կրթվելը սկսվում է գրագետ խոսքից` լեզվից: Կրթված մարդը նա է, որը լավ տիրապետում է իր լեզվին: Կրթությունը հայերեն լեզվին տիրապետելն է:

Օրինակ բերեցի Վիկտոր Համբարձումյանի կտակից: Համբարձումյանն իր կտակում ժողովրդին ուղերձ էր հղել՝ սովորել հայոց լեզու: Մյուս ուղերձս սուտ չխոսելու մասին էր: Իմ օրինակով բացատրեցի, թե որքան է մարդու կյանքը փոխվում, երբ սկսում է մերժել սուտը եւ բացառել: Ես 7-8 տարեկանից սուտ չեմ խոսում, եւ իմ կյանքը լրիվ փոխվեց այդ պահից: Մարդը պետք է ապրի այնպես, որ սուտ խոսելու կարիք չլինի, այլ ոչ թե շարունակ մտածի` ինչպես անել, որ սուտը ջրի երես չբարձրանա:

Շատ կարեւոր մի բան էլ ասացի, որին նաեւ հետո անդրադարձավ վարչապետը` խոսքը հայհոյանքը հայերենից, ինչպես նաեւ մտքից հանելու մասին է: Այն մաքրում է հոգեւոր եւ մշակութային դաշտը: Երբ չես հայհոյում, ամեն բան փոխվում է: Հայը երբեք չի հայհոյել: Հայը հայհոյել է թուրքերեն եւ ռուսերեն: Մեր լեզվի մեջ չի եղել հայհոյանք: Ես խորհուրդ տվեցի ներկաներին՝ բացառել հայհոյանքը: Հորդորս ունեցավ արձագանք. վարչապետը որոշեց մեկ շաբաթ չհայհոյել: Իմ կարծիքով՝ սա շատ կարեւոր առաջխաղացում է: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հանրության մեջ նման ներդրում ունենալ:

– Փաստորեն, խոսել եք լեզվի իմացության մասին, մինչդեռ Փաշինյանը հաճախ է բառերի իմաստը շփոթում, խոսել եք սուտ խոսելու մասին, բայց ամենից շատ Փաշինյանն է սուտ ասում, խոսել եք հայհոյանքի բացասական դերի մասին, իսկ ամենից շատ հայհոյում են օրվա իշխանությունները` Փաշինյանի եւ իր կնոջ գլխավորությամբ: Արդյո՞ք Ձեր ուղերձները հասան տեղ….

– Մենք պետք է վերադառնանք մեր ակունքներին, այսինքն` պետք է հայ մնանք: Մենք ունենք հայկական բարձրագույն մշակույթ: Եթե մեր մշակույթին մոտենանք, ոչ մեկը չի կարող մեզ վնասել: Մենք վնասվում ենք, որովհետեւ, օրինակ, լսում ենք ռաբիս երաժշտություն եւ հայերեն խոսել չգիտենք: Եթե խոսենք մաքուր հայերեն, լսենք ճաշակով երաժշտություն, կդառնանք անպարտելի: Մենք պարտվում ենք, որովհետեւ հետեւում ենք օտար մշակույթին:

«Հրապարակ». Իմ հորդորով է վարչապետը որոշել մեկ շաբաթ չհայհոյել