02/07/2025

Փաշինյանի վերջին հայտարարություններն անգամ իր կուրատորների համար զարմանալի եւ անսպասելի են․ Զոլյան

Մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է բռնապետության ճանապարհով՝ բացահայտորեն հրահանգելով, որ եկեղեցականներ եւ գործարարներ կալանավորվեն` սոսկ ազատ խոսքի համար, Արեւմուտքն այս բոլոր ավտորիտար քայլերն անտեսում է, ավելին` խրախուսում է:

Երեկ ժողովրդավարության ջատագով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թվիթերում գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունը՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։

Նաեւ վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղությունը եւ բաց սահմանները կարեւոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ օրինակ՝ դրա սահմաններից անդին»։ Այդ ամենին զուգահեռ, հունիսի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, որը թերեւս նույնպես իր աջակցությունն է հայտնելու ՀՀ վարչապետին:

Զուգահեռաբար, ձկան պես լուռ են Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանները, անգամ` ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ոչ մի խոսք չասաց ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի ոչ իրավաչափ կալանավորման մասին: Մինչդեռ այս դեսպանները նախորդ իշխանությունների ժամանակ, եթե նման դեպքեր լինեին, տասնյակ նոտաներ էին հղել, այցելել քաղբանտարկյալներին, հայտարարություններ արել:

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս օրերին, երբ Հայաստանը բացահայտ բռնապետության ուղին է բռնել, եւ Փաշինյանի անձնական հրահանգներով բացահայտորեն հոգեւորականներ, ընդդիմադիր գործիչներ, գործարարներ են կալանավորվում, Արեւմուտքը, ինչպես նաեւ ՌԴ դեսպանը, իրենց լռությամբ Փաշինյանին են աջակցում եւ ստեղծում իմիտացիա, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել:

– Ամեն դեպքում, լռությունն ու աջակցության ժեստը ես կտարբերակեի, թեպետ Մակրոնի հայտարարությունը հստակ աջակցություն է եւ նշան, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, թույլատրելի է: Բոլոր դեպքերում, Մակրոնն ունի բավականին հակասական վարքագիծ: Օրինակ, վերջերս նա իր աջակցությունը հայտնեց Էրդողանին, որի հետ բավականին լարված հարաբերությունների մեջ էր, Ադրբեջանն էլ իր հերթին չի թաքցնում իր հակաֆրանսիական քաղաքականությունը, սակայն Մակրոնն ուզում է բոլոր լարերի վրա խաղալ, միայն թե իրականացնի հակառուսական քաղաքականություն: Նրա հիմնական քաղաքական նպատակը հետեւյալն է` միայն թե վատ լինի ռուսների համար, բայց թե ինչ կլինի արցախցիների հետ, թե ինչպես Հայաստանում կոտնահարվեն մարդու իրավունքները, թե քանի քաղաքական բանտարկյալ կլինի Հայաստանում, դրանցից քանիսը կկալանավորվեն խոսքի ազատության համար, այդ ամենը Մակրոնին բնավ հետաքրքիր չէ: Հավանաբար կհիշեք, որ նախորդ տարի, երբ Սրբազան շարժման մասնակիցները ճնշումների ենթարկվեցին, երբ ուժայինները բռնությունների ճանապարհով գնացին, մի խումբ ֆրանսահայեր դիմել էին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն` պահանջելով, որ դեսպանը կատարվածի վերաբերյալ դիրքորոշում հայտնի: Պատասխանը եղավ այն, որ տեղի ունեցածը, հայ ոստիկանների պահվածքը սարսափելի է, սակայն առավել սարսափելի կլինի, եթե իշխանության գան պրոռուսական ուժեր: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում կատարվող պրոցեսներն Արեւմուտքը գնահատում է որպես ռուսական ազդեցությունից ազատվելու ջանքեր, եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են Փաշինյանի գործողություններին, ուրեմն պրոռուսական քաղաքականության կողմնակից են: Ինչ վերաբերում է ռուսական կողմի լռությանը, ապա ռուսական մամուլը, ընդ որում` ամենաազդեցիկ խողովակներով, կոշտ հայտարարություններ է անում, սակայն պնդում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հայ ժողովրդի խնդիրն է: Մեծ հաշվով, ես համաձայն եմ այդ տեսակետի հետ: Ռուսական կողմի հայտարարությունները, այնուամենայնիվ, բավականին կոշտ են եւ խիստ տարբերակելի, օրինակ, Ֆրանսիայի հայտարարություններից եւ մոտեցումներից:

– Իսկ Կայա Կալլասի այցն այս փուլում ինչի՞ համար է:

– Ինձ չի զարմացնում այն փաստը, որ Կայա Կալլասը նույնպես չի անդրադարձել տեղի ունեցածին, ես չեմ էլ սպասում նման արձագանքի: Նախորդ տարի տեղի ունեցածից հետո, երբ անգամ ԱՄՆ դեսպանը ցուցադրաբար այցելեց Ազգային ժողով եւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում ունեցավ` այն շրջանում, երբ ցուցարարներին բռնության էին ենթարկում դրսում, ամեն ինչ շատ ավելի հստակեցրեց: Ասեմ, որ առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ կերպ դրսի հետ համաձայնեցված քայլերով էր աշխատում, այժմ ես կարծում եմ, որ նա ավելի ինքնուրույն է գործում: Փաշինյանի վերջին հայտարարություններն անգամ իր կուրատորների համար զարմանալի եւ անսպասելի են: Նրա բառապաշարը, նրա հայտարարությունները, Եկեղեցու ետեւից ընկնելու հանգամանքը, այս ամենը բոլորովին պետք չէ որեւէ կողմի: Այլ` ավելի կարեւոր հարցեր կան, որոնք մինչ այս պահը լուծված չեն: Էրդողանի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը չունեցավ հաջողություն: Խնդիր էր դրված, որ Փաշինյանը դառնա Հայաստանում վիլայեթի ղեկավար, սակայն նրան ասվեց, որ դա քո մակարդակի, քո խելքի բանը չէ, դու նախ գնա՝ Ալիեւի մոտ մարզպետ աշխատիր, հետո կհասկանանք, թե ինչ ենք անում քեզ հետ: Ես, համենայնդեպս, նրա՝ Թուրքիա կատարած այցից դա հասկացա: Թուրքիան հայտարարեց, որ առանց Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունների ոչինչ չի կարող անել: Ինչ վերաբերում է Եկեղեցուն, ապա Եկեղեցին իրականում ոչ մի հարցում իշխանությանը չի խանգարում, Սրբազան շարժումը Եկեղեցուց չեզոք շարժում էր, վստահաբար՝ Թուրքիայում այդ ինֆորմացիան ունեն: