Թուրքիայում անցկացված Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլ էր մեկնել Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Հրապարակ թերթը գրել է․ Մասնակցության շրջանակներում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Անցած շաբաթավերջին էլ Թուրքիա էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպել նախագահ Էրդողանի հետ:
Մի քանի օր է՝ նախարար Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է անում՝ հանրությանը ներկայացնելով, թե որքան կարեւոր գործ է կատարել՝ այցելելով Թուրքիա եւ Հայաստանի համար աննախադեպ հնարավորություններ ստեղծելով: ՔՊ-ական եւ մեր իրականություններն առհասարակ շեշտակի տարբերվում են իրարից: Մի բան է` ՔՊ-ի պատկերացրած հաջողությունը, այլ բան` հայ քաղաքացու պատկերացրածը: Ի վերջո` ի՞նչ կտա մեզ ՏԿԵ նախարարի՝ Թուրքիա կատարած այցը։ Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
«Տարիներ շարունակ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին ասում էին. եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, ապա Հայաստանը կստանա բազմաթիվ առավելություններ` ճանապարհներ կբացվեն, համագործակցություններ կսկսվեն եւ այլն: Եթե հիմա արդեն կոնկրետ քննարկումներ, այցեր են սկսվել, նշանակում է, որ գործընթացներն արագացել են, եւ շատ մոտ է այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը կստորագրի այն փաստաթղթի տակ, որը կամրագրի թուրք-ադրբեջանական կողմի բոլոր պահանջները:
Այդ ծրագիրը, ըստ իս, արդեն մտել է գործնական փուլ: Խուդաթյանի այցը, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի այցը այդ ամենի վառ վկայությունն են: Այս ամենը մեկ բանի մասին է վկայում. Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Էրդողանի պնդումներին, Ալիեւի հետ նույնպես եկել է համաձայնության, եւ առաջիկայում անպայման փաստաթուղթ է ստորագրվելու, հակառակ դեպքում անիմաստ կլիներ հանդիպումներ ձեռնարկելը:
Այն հնարավորությունները, որոնց մասին իշխանությունները խոսում են, Հայաստանի համար կարող են կարճաժամկետ լինել: Դրանք մեծ ռիսկեր են պարունակում, պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանն Իսլամական երկրների կոնֆերանսում խոսում էին 300 հազար ազերիների Հայաստանում բնակեցնելու մասին: Եվ բնավ այստեղ խնդիրն այն չէ, որ այդ 300 հազար ազերիներն ապրելու այլ տեղ չունեն, պատճառն այն է, որ դա երկարաժամկետ ծրագրի առաջին քայլն է: Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ արդյունքում, կարող են ուսումնասիրել Կիպրոսի օրինակը, թե ինչպես Հյուսիսային Կիպրոսը պոկվեց Կիպրոսից եւ դարձավ անկախ պետություն:
Պատճառաբանությունն այն էր, որ այնտեղ ապրում էին թուրքեր, իսկ Թուրքիան պարտավոր էր երաշխավորել իր ժողովրդի անվտանգությունը: Հիմա էլ 300 հազար ադրբեջանցիների մասին են խոսում, եւ նույն բանը կարող է լինել այստեղ: Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն կատարելու այնպիսի քայլեր, որոնք Հայաստանի համար օգտակար լինեն: Երբ ինձ հարցնում են` Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հաջողվա՞ծ է, թե՝ ոչ, ես չեմ կարողանում այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտեմ, թե որն է նրա նպատակը: Եթե նրա քաղաքականության նպատակը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելն է, ապա նրա քայլերը շատ հաջողված են, հիանալի կատարում է իր առջեւ դրված նպատակը, բայց եթե այդ քաղաքականության նպատակն իբրեւ Հայաստանի Հանրապետության հզորացումն է, ապա, միանշանակ, Փաշինյանի քաղաքականությունը ձախողված է:
Բոլորն էլ ցանկանում են հարաբերությունները կարգավորել հարեւանների հետ, բոլորն էլ ցանկանում են տնտեսական առավելություններ ստանալ, բայց այստեղ հարցը հետեւյալն է` ո՞րն է այդ ամենի գինը: Ողջ խնդիրը սա է, բայց քանի դեռ չի ասել Փաշինյանը, թե որն է այն գինը, որ պետք է վճարենք այդ ամենի դիմաց, չենք կարող հստակ գնահատականներ տալ: Ամեն դեպքում, Ադրբեջանից հնչող սպառնալիքները, Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելն առիթ են տալիս մտածելու, որ ոչինչ չի ընթանում ճիշտ ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»