03/07/2025

Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է

Արևմուտքը փորձում է սահմանափակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն Ռուսաստանի մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Մասյուկը:

«Արևմուտքը կողմերին հարկադրում է ստորագրել խաղաղության վաղահաս համաձայնագիր»,- ռուսաստանցի դիվանագետի դիտարկումը մեջբերել է ՏԱՍՍ-ը: Նա գտնում է, որ «ինքնակոչ միջնորդների այդ միակողմանի և մակերեսային մոտեցումը գործին չի օգնի»:

Մասյուկի գնահատմամբ՝ Ռուսաստանը «հետևողականորեն աջակցում է հարաբերությունների համակողմանի լիարժեք կարգավորմանն ուղղված Բաքվի և Երևանի ջանքերին», որ, նրա հավաստիացմամբ՝ ձեռք են բերվել երկկողմ բարձր մակարդակով՝ 2020-2022 թվականներին:

«Այդ ձևաչփում է մշակվել երկու երկրների հաշտեցման օպտիմալ ճանապարհային քարտեզը»,- մանրամասնել է Մասյուկը և հավելել, որ Ռուսաստանը «ողջունում է խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և կողմերին առաջարկել է իր հարթակը՝ ստորագրելու այդ պատմական փաստաթուղթը»:

Ռուսաստանցի դիվանագետն այստեղ ակնհայտ վրիպում է թույլ տվել, եթե Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը վաղահաս է», Մոսկվան գտնում է, որ այն կառուցված չէ 2020-2022 թվականներին կողմերի միջև բարձր մակարդակով ձեռք բերված «օպտիմալ ճանապարհային քարտեզի» սկզբունքների հիման վրա, ապա ինչո՞ւ է ստորագրման համար առաջարկում իր հարթակը և բանակցված նախագիծն անվանում «պատմական փաստաթուղթ»:

Խնդիրն, ըստ այդմ, ոչ թե «խաղաղության պայմանագրի» բովանդակությունն է, այլ՝ ստորագրման հարթակի ընտրությունը, և Մոսկվան համարում է, որ արևմտյան միջնորդներն «ինքնակոչ են», նրանց մոտեցումները՝ «միակողմանի և մակերեսային», ուստի «դա գործին չի օգնի»:

Ըստ էության, Մասյուկի ասածը սպառնալիք է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» ստորագրումն ամեն գնով կխոչընդոտի, քանի դեռ Երևանը և Բաքուն չեն ընդունի, որ «պատմական փաստաթղթի» ստորագրման միակ օպտիմալ վայրը Մոսկվան է: Այսինքն՝ հայ-ադրբեջանական «պատմական հաշտության» երաշխավոր պետք է լինի Ռուսաստանը:

Խոսքն, անշուշտ, Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության մասին է: Հայտնի չէ, թե Ռուսաստանը ե՞րբ եւ ի՞նչ մակարդակով է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել, որ «խաղաղության պայմանագիր» ստորագրեն Մոսկվայում: Առհասարակ նման հեռանկար կա՞:

Եվրամիության անվտանգության և արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կալասի հետ բանակցություններից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների հարցով բանակցություններ սկսել:

Բաքվից որեւէ արձագանք չի հետևել, իսկ մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովը վերստին կրկնել է համաձայնեցված նախագիծն ստորագրելու ադրբեջանական նախապայմանները:

ՌԴ ԱԳՆ ԱՀԿ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Մասյուկը հայ-ադրբեջանական պայմանագրի հանդեպ արևմտյան «խակ սիրո» և Ռուսաստանի «հասուն տանջանքի» մասին խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր լարվածության ֆոնին:

Արդյոք Մոսկվան Բաքվին առաջարկել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել իր հովանու ներքո և մերժում ստացել, թե Իլհամ Ալիևը միտումնավոր իրավիճակ է սրում, որպեսզի խուսափի այդ թեման քննարկելուց:

Ռուսաստանը փաստացի սպառնում է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմամբ, եթե Արևմուտքի «ինքնակոչ միջնորդները» շարունակեն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Մոսկվայի մասնակցության «սահմանափակումը»:

Հուլիսի 3-ին Իլհամ Ալիևը կհուրընկալի Թուրքիայի նախագահ Էրդողանին: Ո՞ր տարբերակին է վերջինս նախապատվություն տալիս, կա՞ Պուտին-Էրդողան աշխարհաքաղաքական նշանակության գործարքի հնարավորություն:

Բաքվում առաջին անգամ, թեկուզ ընդդիմության կողմից, տեսակետ է հնչել, որ Ադրբեջանի ինքնիշխանության պահպանման գրավականներից մեկն էլ Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է: