Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ.
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, խախտում է օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։
ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։ Իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։ Սա ոչ միայն սպառնում է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» հոլդինգի օրինական շահերին, այլև խարխլում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի վստահելիությունը։
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը կրում է բացահայտ անօրինական բնույթ։ 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ընդունված, և հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեղսակից թողտվությամբ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները դիկտատորական իշխանությամբ «ժամանակավոր կառավարիչ» նշանակելու հակասահմանադրական լիազորություններ են շնորհում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), չեն ապահովում գործընթացի թափանցիկություն և չեն սահմանում փոխհատուցման արդար մեխանիզմներ։ Ավելին, ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեխանիզմը, այսպիսով, դուռ է բացում կամայական ինքնիրավչության համար՝ առանց ընկերության կողմից լիցենզիայի պայմանների խախտման օբյեկտիվ ապացույցների։ Սա ի ցույց է դնում օրենքի ընտրովի կիրառման և պետական մարմինների կողմից իրավական չարաշահումների գնալու մտադրությունը։
Իշխանությունների կողմից ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների իրական պատճառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ նրա ցուցաբերված աջակցությունն է, իսկ մեղադրանքն առաջադրելու համար առիթ է հանդիսացել մի հրապարակային հայտարարություն, որն անօրինական որեւէ դրույթ չի պարունակում։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում.
Իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։
Հայաստանի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը՝ միանալ սեփականության իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի և կրոնական ազատությունների պաշտպանության պայքարին։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այլև խարխլում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Մենք պահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։
Երեւան, 2025, հուլիսի 9
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել