11/07/2025

Ալիևի համար բարդ է Պուտինի հետ «պորտալարը կտրել»

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը մեկնաբանել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը, որ նա Սպիտակ տանն արել է նախագահ Թրամփի կողմից կառավարության անդամների հետ հանդիպմանը:

Ռուբիոն այդ հնարավորությունը համարել է ընդամենը վեց ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահի կարևոր հաջողությունը. «Պետքարտուղարն այդ մասին հենց այնպես չի խոսել: Երբ մենք ավելի կոնկրետ տեղեկություն կունենանք, անպայման կկիսվենք դրանով»:

Գրեթե զուգահեռաբար Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը տեղեկություն են տարածել, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում:

Այդ տեղեկատվությունը փոխանցելով՝ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը հավելել է, որ բանակցությունները տեղի կունենան միջազգային միջնորդությամբ շարունակվող խաղաղ գործընթացի շրջանակներում»: Ո՞վ է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի միջազգային միջնորդը:

Հայտնի է, որ անցյալ տարեվերջին Բաքուն մերժել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումը՝ պատճառաբանելով, որ բանակցությունների ամենաօպտիմալ ձևաչափը երկկողմ քննարկումներն են:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանը և Ադրբեջանը հենց այդ ձևաչափում էլ համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի հարցում բանակցություններ սկսել:

Այդ հայտարարությունը նախորդե՞լ կամ հաջորդե՞լ են հայ-ադրբեջանական ոչ հրապարակային շփումներ՝ հայտնի չէ:

Դատելով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունից և պետդեպի մամուլի խոսնակ Բրյուսի զգուշավոր մեկնաբանությունից, Վաշինգտոնն ինչ-որ ձևաչափով ներգրավված է հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումներին, բայց այդ մասին հրապարակային հայտարարություն չի անում:

Դա նշանակում է, որ Փաշինյան-Ալիև վաղը կայանալիք հանդիպման արդյունքը կանխորոշված չէ կամ Վաշինգտոնում վստահ չեն, որ «նախնական պայմանավորվածությունները կամրագրվեն» գոնե համատեղ հայտարարությամբ:

Փաշինյան-Ալիևը հանդիպումը կազմակերպվում է ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին, որ, ինչպես երևում է, որևէ կերպ չի մեղմվել ՌԴ ԱԻ նախարարի Բաքու այցից հետո: Այդ առթիվ ռուսաստանյան մամուլում տեսակետ է տարածվել, որ ԱԻ նախարար Կուրենկովը ժամանակին եղել է Վլադիմիր Պուտինի օգնականը և «վստահելի կապեր ունի նաև Բաքվում»:

Ըստ որոշ տեղեկությունների, նա Ռուսաստանի նախագահից «անձնական ուղերձ է փոխանցել»: Ադրբեջանի նախագահի կողմից Վլադիմիր Պուտինի բանագնացին ընդունելու մասին տեղեկատվություն, սակայն, հայտնի չէ:

Դրանից, իհարկե, ուղղակի չի հետևում, թե Իլհամ Ալիևը Պուտինի հանձնակատարի հետ չի հանդիպել, բայց եթե մամուլի համար գոնե «արտահոսք չի կազմակերպվել», պետք է ենթադրել, որ Ալիևը Պուտինի ուղերձն առավելագույնն «ի գիտություն է ընդունել»:

Կարևոր է նաև, որ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկատվությունը տարածվել է Վլադիմիր Պուտինի հասցեին Դոնալդ Թրամփի կոշտ արտահայտությունների շուրջ փորձագիտական քննարկումների ֆոնին:

Ալիևը Փաշինյանի հետ հանդիպման է մեկնում Միացյալ Նահանգների նախագահի վեցամսյա ջանքերն ամրապնդելո՞ւ, թե «ջուրը նետելու» մտադրվածությամբ: Տրամաբանորեն նա չպետք է «հեղինակազրկի» Թրամփին, քանի որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերբեռնման գերխնդիր ունի: Մյուս կողմից, երևի, Ալիևի համար բարդ է Պուտինի հետ «պորտալարը կտրել»: