Այսօր հայ հավատավոր հոտը ականատեսը դարձավ եկեղեցու սպասավորներից մեկի հրապարակային պղծությանը։ Այն էլ՝ գրավոր, այն էլ՝ հրապարակավ՝ սոցիալական ցանցի իր էջում։ Խոսքը շուրթերն անեծքով պղծելու մասին է՝ «անիծյալ լինեք» կապակցությունը երիցս կրկնելով։
Պղծողն այս անգամ Մայր աթոռի միաբան ներկայացող Ասողիկ աբեղա (թե՞ ամուսնացյալ քահանա) Կարապետյանն է։ «Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները: Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»,- գրել ու ստորագրել է եկեղեցու սպասավորը, որի «դիվահարության» և դրա հետևանքով առաջացած նողկալի պոռթկման պատճառը իրեն հասած լուրերն են, թե՝ «անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:
Օրեր առաջ հիշյալ միաբանը, որն իր ֆեյսբուքյան գրառումներում անձնուրացորեն հանդես է գալիս Գարեգին Բ-ի մոլի պաշտպանությամբ, սպառնացել էր. «Կա՛նգ առեք, տիկնայք և պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ, ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր և լույս իսպառ չկա, քանզի միմիայն թշնամու վարմունք է: Սոսկալի է եկեղեցական բանադրանքը՝ իր ծանրագույն հետևանքներով այս կյանքում և հանդերձյալում: Արդ, մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը. կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք»:
Եկեղեցական բանադրանքի սարսափելի լինելու մասին, թերևս, պետք է իմանա ու դրանից երկյուղի ամեն ոք, հատկապես մեկը, որի, որպես եկեղեցական, վարքագիծը, դատելով տարբեր աղբյուրներից մեզ հասած տեղեկություններից, անբասիր չէ, եթե չասենք՝ բանադրանքի արժանի։ Մենք, անշուշտ, չենք հավակնում դատելու, անիծելու կամ բանադրելու նրան, անշուշտ, անվերապահորեն ապավինելով աստվածային իշխանության արդար դատաստանին։
Ով է Ասողիկ՝ ավազանի անունը՝ Արթուր, Կարապետյանը
Դեռ 2019 թվականին համացանցային ռեսուրսներից մեկում հրապարակում եղավ «անեծքի մասնագետ» այս հոգևորականի մասին՝ «Կաթողիկոսը քահանայի ամուսնալուծության պատճառ. ընտանիքի՛ տարին՝ ընտանիքի դե՞մ…» վերնագրով։ Հրապարակման մեջ, որը ստորագրվել էր «մի խումբ վարդապետների, սարկավագների ու քահանաների» կողմից, մասնավորապես նշվում է. «Չիմացողներին տեղեկացնենք, որ այս տխրահռչակ քահանան (նա եկեղեցականների շրջանում հայտնի է որպես «դիվահար», «ցույց ցրող»-խմբ.) ամուսնացած է, ունի երկու դուստր, կինն էլ հայտնի սոպրանո Սիրանույշ Գասպարյանն է։ Ասողիկը նոր ամուսնացած ժամանակ ապրում էր Երևանի Կոմիտաս թաղամասում՝ տնփեսայի կարգավիճակով:
Հետո «նվիրյալ ծառայությունների» դիմաց Գարեգին Բ-ի կողմից բնակարան նվեր ստացավ Էջմիածնում, ինչպես իր մյուս կուրսեցի քահանաները, որոնք տարբեր վարչական պաշտոններ են զբաղեցնում Մայր Աթոռում: Օրերից մի օր, երբ այս սողունը հասկանում է, որ ընտանիքում խնդիրներ ունի, և շատ շուտով կինն իրեն դուրս պիտի շպրտի հորական տնից, աղվեսի նման վազում է իր հովանավոր կաթողիկոսի մոտ ու գանգատվում սեփական կնոջից՝ պատճառաբանելով, որ կինը շատ է հյուրախաղերի մեկնում ու այժմ էլ ցանկանում է բնակություն հաստատել Սոչիում։
Իրականում Ասողիկը, լինելով խնդրահարույց և կռվազան անձնավորություն, իր ծայրահեղ բնավորության երեսից հաճախակի էր կռվի բռնվում Սիրանույշի հետ և փաստացի չկատարելով իր ամուսնական պարտականությունները՝ փաստի առաջ է կանգնեցրել իր կնոջը: Ու այստեղ հարկ է նշել, որ Ասողիկ լրբենին իր պոռթկուն խառնվածքով կաթողիկոսին սեր է խոստովանում և հավատարմության երդում տալիս, որ ո՛չ կինը, ո՛չ երկու անչափահաս դուստրերը և ո՛չ էլ Աստծու Սուրբ Խորանի առաջ կնոջը պաշտպան կանգնելու ուխտը չեն կարող իրեն բաժանել կաթողիկոսից։ Բայց խորամանկ կաթողիկոսը ապահովության համար նաև գրավոր խոսք ու հավատարմագիր է պահանջում Ասողիկից, և վերջինս սիրահոժար նամակ է գրում, որտեղ մեղմ ասած՝ պախարակում է սեփական կնոջը…
Ինչպես ասում են, հիմա գանք մեր ոչխարներին: Քանի որ այս Ասողիկը Գարեգինի մոլի պաշտպանն է, ուրեմն վերջինս էլ այսօր կամ վաղը նրա «կուսակրոնության» հարցը կբարձրացնի ու, ինչպես միշտ, միաձայն կանցկացնի «գերագույն» ժողովում, որ հետո ասի՝ ժողովականներն են հաստատել, ոչ թե ես։
Սրանով կաթողիկոսը խախտում է Հայ եկեղեցու ու քրիստոնեական բարոյականության, իր կողմից վերջերս այդքան շահարկվող ընտանեկան ամրության ու ազգային արժեքների բոլոր կանոնները։ Հատուկ Տեր Ասողիկի համար մեջբերում ենք Երկրորդ առաքելական 5-րդ կանոնը. «Երեցը (քահանան) կամ սարկավագը չհեռացնեն իրենց կնոջը երկյուղածության պատճառով. եթե կհեռացնեն, թող մերժվեն (եկեղեցուց), իսկ եթե համառեն, թող կարգալույծ լինեն»:
Մինչդեռ Ասողիկ քահանան ոչ միայն «պատճառանօք երկիւղածութեան» լքել է իր կնոջը՝ Սիրանույշ Գասպարյանին, այլև տառապում է վեղարավոր լինելու մոլուցքով, որի համար անձամբ դիմել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ անդամագրվելու Էջմիածնի միաբանությանը:
Պատմաբան Գևորգ Յազչյանի փոխանցմամբ՝ կաթողիկոսը պահանջել է, որ Տեր Ասողիկը միաբաններից ստորագրություններ հավաքի՝ իրենց շարքերը համալրելու համար: Սակայն Էջմիածնի միաբաններից եղել են առարկություններ այն մասին, որ Ասողիկ քահանան ո՛չ աշխարհիկ և ո՛չ էլ եկեղեցական դատարանով ամուսնալուծված չէ, ուստի առայժմ չի կարող «կուսակրոն եկեղեցականների» դասն անցնել: Իհարկե, կնաթող քահանան հեռահար նպատակ ունի եպիսկոպոս ձեռնադրվելու, որպեսզի ավելիո՛վ հայտնի իր անմնացորդ նվիրվածությունը Գարեգին Բ կաթողիկոսին: Խոսակցություններ կան այն մասին, որ կաթողիկոսը մայիսի 12-ին եպիսկոպոս է ձեռնադրելու երկու վարդապետների, ու չի բացառվում, որ նրանց շարքերում տեսնենք Սիրանույշի ամուսին Ասողիկին։ Ուրեմն չպետք է զարմանալ, որ վեղարակիր Գարեգին Բ-ն ու բազմաթիվ եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ ապօրինի կին (կանայք) ու երեխաներ ունեն…
Ամուսնացած մարդուն անձնական ամբիցիաներով պայմանավորված արտոնե՞լ լքել սեփական կնոջը, երեխաներին և կուսակրոնի վեղար տալով՝ այրել հետագայում ընտանիքի միավորման բոլոր կամուրջները: Եվ այս ընտանեկան ողբերգությունն «օրհնվում» է Եկեղեցու բարձրագույն ատյանի կողմից… Մեծերը կասեին՝ չմեռանք, սա էլ տեսանք։ Ուրեմն կաթողիկոս Գարեգինը, այս տարին հռչակելով «Ընտանիքի տարի», քանդում է իր սիրելի քահանայի տունը, այդկերպ օրհնում է մնացյալ ամուսնալուծությունները՝ պսակված տղամարդուն գրչի մեկ հարվածով հռչակելով «կուսակրոն վարդապետ»։ Պարզ է, որ դրանով հնարավոր չէ ետ բերել Ասողիկի կորցրած կուսությունը, այլ դա ընդամենը միջոց է նոր աստիճանների և պաշտոնների հասնելու:
Պատահական չէ, որ ոչ վաղ անցյալում Ասողիկը ծրագրված քանդեց այն ժամանակ Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Փառեն արք. Ավետիքյանի ոտքի տակը և տիրացավ այդ պաշտոնին: Դա էլ քիչ էր, քիչ անց նրան վստահվեցին նաև Մայր Աթոռի ձեռագրատան և կաթողիկոսական արխիվի տնօրենների պաշտոնները:
Ասողիկի վեղարի տվչությունը մի կողմից կլինի «Ընտանիքի տարվա» կուլմինացիան, իսկ մյուս կողմից այն կբորբոքի կուսակրոն վարդապետների բարկությունը, ովքեր տարիներ շարունակ տարատեսակ ծառայություններ մատուցելով՝ անհամբեր սպասում են իրենց եպիսկոպոսանալու հերթին… Ի զե՛ն, քաջե՛ր, Ասողիկը ջեկփոթ է բռնում։
Մեր եկեղեցում ամուսնալուծությունը կատարվում է միայն հետևյալ դեպքերում՝
ա) ակնհայտ դավաճանություն, բ) անբուժելի հիվանդություն, որի դեպքում անհնար է համատեղ ապրել, գ) ամուսիններից մեկի 7 տարի անհայտ բացակայություն։ Այնպես որ նախ այս հիմքերից մեկով պիտի ամուսնալուծություն լինի, չնայած քահանայի պարագայում ավելի խիստ է դրված հարցը: Ամուսնացյալ քահանան, եթե փափագում է, կարող է «կուսակրոնություն» ընդունել միայն սեփական կնոջ մահվան պարագայում: Սա է պահանջում մեր Եկեղեցու՝ դարերով ընկալյալ կարգը։ Այս դեպքում տվյալ անձը կոչվում է «շուշտակ» վարդապետ։
Հայ եկեղեցու պատմությունից գիտենք, որ «շուշտակ» վարդապետ և ապա՝ կաթողիկոս էր Մկրտիչ Խրիմյան Հայրիկը, ով նախապես ամուսնացյալ քահանա է եղել, որը կնոջ մահից հետո այլևս ապրել է կուսական կյանքով և վեղար ստացել: Ժամանակին կնոջ մահից հետո նման խնդրանքով Գարեգին Բ-ին էր դիմել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Կյուրեղ քահանա Տալյանը, որպեսզի արտոնություն ստանա վեղար կրելու: Սակայն Գարեգին կաթողիկոսը մի քանի անգամ մերժում է Տեր Կյուրեղի խնդրանքը՝ առանց հիմնավորելու: Բայց արի ու տես, որ այդ հնարավորությունն այժմ ընձեռում է իր կամակատար Ասողիկ քահանային, ով ոչ թե այրիացած է, այլ տվյալ դեպքում՝ կնաթող»:
Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Պատմությունը դեռ շատ կխոսի Գարեգին Բ-ի դավանաբանական, կանոնական, եկեղեցաբանական շեղումների մասին… Հատորներ կգրվեն… Եթե Ասողիկ քահանային վեղար տրվի, ապա մյուս Աթոռների գահակալները պարտավոր են իրենց բողոքը հրապարակավ հայտնել: Եթե նման բան պատահի, մեծագույն պատասխանատվություն է կրելու նաև Մայր Աթոռի, այսպես կոչված, Կարգապահական հանձնախմբի ատենապետ Ոսկան արք. Գալփաքյանը, ով 8-9 ամիս առաջ ասում էր, թե Գարեգին Բ-ն իրեն է դիմել Ասողիկին վեղար տալը վավերացնելու հարցով, սակայն ինքը մերժել է նման ապօրինություն թույլ տալ»:
Ամիսներ անց նույն հարթակում հրապարակվեց Ասողիկ Կարապետյանի մասին մեկ այլ նյութ, դատելով որից՝ նախկին քահանան դարձել կամ ինքնահռչակվել է որպես վեղարավոր։ Ըստ այդմ. «Մայր Աթոռի Թանգարանների և ձեռագրատան տնօրեն Ասողիկ չքահանա Կարապետյանը, ով փոխանակ գնար և միանար իր լքած սեփական կնոջն ու երեխաներին, ընկնելով ցնորամտության և պատրանքների գիրկը, իրեն հայտարարում է հայր Ասողիկ աբեղա Կարապետյան: …Ասողիկ չքահանան ոչ միայն «պատճառանօք երկիւղածութեան» լքել է իր կնոջը՝ Սիրանուշ Գասպարյանին, այլև տարիներ շարունակ տառապում էր վեղարավոր լինելու մոլուցքով, որի համար դիմել էր Գարեգին Բ-ին՝ անդամագրվելու Էջմիածնի միաբանությանը: Մի անգամ Ասողիկը խոստովանել է, թե ինքն ի սկզբանե ցանկացել է կուսակրոն աբեղա ձեռնադրվել, սակայն հետևելով իր խոստովանահոր՝ Գարեգին Բ-ի հորդորներին՝ ամուսնացել է և վարչական քահանայությամբ զբաղվել: Ու հիմա կարծես ժամանակը եկել է, որ տնաքանդ քծնողը վարձատրվի ուխտադրուժ շնացողի կողմից, որպեսզի վերջինս այդկերպ նաև քավի իր անցյալի սխալ հորդորը:
Պատմաբան Գևորգ Յազչյանի փոխանցմամբ՝ չկաթողիկոսը պահանջել էր, որ Ասողիկը միաբաններից ստորագրություններ հավաքեր՝ իրենց շարքերը համալրելու համար: Սակայն Էջմիածնի միաբաններից եղել են առարկություններ այն մասին, որ Ասողիկ չքահանան ո՛չ աշխարհիկ և ո՛չ էլ եկեղեցական դատարանով ամուսնալուծված չէ, ուստի առայժմ չի կարող «կուսակրոն եկեղեցականների» դասն անցնել: Իհարկե, «կուսակրոն» աբեղայի տնազ դարձած կնաթող չքահանան հեռահար նպատակ ունի եպիսկոպոս ձեռնադրվելու, որպեսզի ավելիո՛վ հայտնի իր անմնացորդ նվիրվածությունը Գարեգին Բ ավազակապետին: Հայտնի չէ նաև, թե ի՛նչ դիրքորոշում ունի այս հարցում Հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասը, երբ խորանի առաջ ամուսնության ուխտ արած բազմազավակ եկեղեցականը դրժում է իր նվիրական ուխտը ու հիմա էլ «կուսակրոնության» ուխտ է անում…
Մոտ անցյալում Մայր Աթոռում նման եզակի մի խեղկատակ դեպք եղել էր՝ վարդապետական գավազանի ու վեղարի փոխարինումը երեցկնոջով, որին հաջորդեց ապահարզանը, ու ապա դարձյալ գավազան և վեղարի տվչություն, իսկ ավելի ուշ՝ եպիսկոպոսացում։ Խոսքը Եզնիկ աբեղա Պետրոսյանի մասին է, որ հետո վեղարազուրկ դարձավ և կոչվեց Եզնիկ քահանա Պետրոսյան, ապա՝ կրկին Եզնիկ աբեղա, որին հաջորդեց՝ Եզնիկ վարդապետ, և ի վերջո` Եզնիկ եպիսկոպոս…
Ասողիկի հիստերիկ, ագրեսիվ, կանացի և թարախոտ նկարագրին շատերն են ծանոթ: Մինչդեռ ստորաքարշ և նենգ, կեղծավոր ու բամբասկոտ այս լպրծուն արարածը, նույնինքն՝ եպիսկոպոսացու կռվազան Ասողիկ Կարապետյանը, որի կուռքն ու կյանքի նպատակը Գարեգին Բ-ն է, միմիայն արժանի էր կարգալույծ հռչակվելու, այլ ոչ թե շուշտակ վարդապետ կոչվելու…»։
Նշենք, որ Մայր Աթոռի պաշտոնական կայքում Ասողիկ աբեղա Կարապետյանի անունը նշված է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան աբեղաների ցանկում (2025 թ.)։ Նրա անվան դիմաց նշված է, որ 1978 թ. ծնված Կարապետյանը ձեռնադրվել է 2002 թվականին։ Հարկ է նկատել, որ Մայր Աթոռի պաշտոնական ամսագիր «Էջմիածին»-ում էլ նշված է, որ Ասողիկ քահանա Կարապետյանը 2002-ին ձեռնադրվել է որպես ամուսնացյալ քահանա։ Թե ինչ հանգամանքներում է քահանան դարձել աբեղա՝ պետք է պարզաբանի եկեղեցին։
Ասողիկը՝ վարչապե՞տ
Ի դեպ, 2019 թվականին Հ1-ով ցուցադրված «Կեսգիշերն անց» հաղորդման հյուր Ասողիկ քահանա Կարապետյանը, խոսելով ամիսներ առաջ տեղի ունեցած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասին, անկեղծության պոռթկում էր ունեցել և նշել. «Եկեղեցին այն հաստատությունն է, որ աշխարհում հաստատում է երկնային արքայությունը։ Եվ այդ արքայության մեջ չեն կարող գործել այնպիսի կարգեր, օրենքներ, որոնք հատուկ են մարդկային թագավորությանը»։ Հետաքրքիր է՝ այդ արքայության մեջ գործող կարգերի շարքում արդյոք Կարապետյանը դասո՞ւմ է կուսակրոնության ուխտը չխախտելը, տնտեսական գործունեությամբ՝ բիզնեսով չզբաղվելը, պետության դեմ դուրս չգալը՝ պահանջելով քաղաքական իշխանության հրաժարականը, իշխանության յուրացման նպատակով ահաբեկչական պլան չկազմելն ու չօրհնելը, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հասցեին անեծք-աղաղակ չհղելը, ատելություն չբորբոքելը…
Նկատենք՝ Կարապետյանը, որը 2018-ին աչքի էր ընկում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ցույցերի մասնակիցներին ցրելով (այդ օրերին կայքերից մեկի հետ զրույցում կին ցուցարարը պնդել էր, թե Ասողիկ Կարապետյանը հարվածել է իր գլխին), նախքան հոգևորական դառնալու վճիռ կայացնելը ցանկացել է դառնալ քաղաքական գործիչ, ընդհուպ՝ ՀՀ վարչապետ։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար. Համբարյան
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան