11/07/2025

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում կայացած ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար:

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։

«Մենք, միանշանակ, ողջունում ենք ուղիղ երկխոսության փաստը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։