Կոռուպցիան այն ոչ պաշտոնական գործոնն է ռուսական իշխանական բուրգում, որն ապահովում է որոշակի կարգուկանոն եւ կենտրոնից եկած հանձնարարությունների կատարում։
Զուգահեռաբար, կոռուպցիայի դեմ պայքարը կարող է իրականացվել միայն կենտրոնից, եւ միայն այն դեպքում այն կլինի արդյունավետ, եթե իրականացվի որպես վարչակարգի զտման կամ վերակառուցման կամային գիտակցված գործողությունների ծրագիր։
Կոռուպցիայի դեմ տարերային պայքարը, որպես կանոն, բռնկվում է որպես վարչակարգային համակարգերի խոր ընդերքում տիրող էկոլոգիական վիճակի վատթարացման հետեւանք եւ կոնկրետ Ռուսաստանի պարագայում կարող է լինել նախանշան առ այն, որ իշխանական համակարգի ներսում որոշակի ապակայունացման տրամադրություններ են հայտնվել։ Իսկ որպես վարչակարգային համակարգի ընդերքներում տիրող էկոլոգիական վիճակի վատթարացում կարող է դիտարկվել ռուս-ուկրաինական ռազմական առճակատման հետեւանքով առաջացած ֆինանսական գերբեռնվածությունը։ Այս մասին գրում են ռուսական տելեգրամյան ալիքները՝ փորձելով վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում իշխանական բարձր էշելոններում՝ աչքի առաջ ունենալով այդ երկրի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի ինքնասպանությունը։ Կոռուպցիոն սխեմաները էլիտաների կամ վարչակարգային համակարգերի անբաժանելի մասն են, որոնք ինչ-որ տեղ նաեւ գործոն են հանդիսանում, որպեսզի ապահովվի վերջիններիս կենսագործունեությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարի անվան ներքո «ուժայինների» կամ, որ նույնն է՝ «գիշատիչների» կողմից իրականացվող գործողությունները, որոնք կարելի է անվանել նաեւ «որս», ինչ-որ առումով խախտում են արդեն ձեւավորված բալանսը եւ կարող են ազդել ընդհանուր համակարգի ֆունկցիոնալության վրա։ Նման գործողությունները, երբ շղթայի օղակներից մեկը ձերբակալվում է կամ հեռացվում ասպարեզից, կարող է բերել շղթայի խաթարման, շղթայի մյուս օղակներին կարող է զրկել պաշտպանվածությունից եւ ռեսուրսներից, ինչը կարող է արդեն տեղում բերել պարալիզացման, գործընթացների խափանման։
Այս ամենը կարող է հանգեցնել ընդհանուր միջավայրում վախի մթնոլորտի առաջացման, քանի որ իր հերթին որոշակի անկանխատեսելիության պատճառ է դառնում, իսկ դա պուտինյան Ռուսաստանում մեծ հաշվով ընկալելի չէ, քանի որ վերջինս կանխատեսելիության եւ բալանսավորման վրա է կառուցված։ Իսկ կանխատեսելիությունը նախեւառաջ նշանակում է խաղի հստակ կանոնների առկայություն, կանոններ, որոնք ձեւավորում են միջավայրը, մթնոլորտը եւ համակարգը, ապահովում վերջինիս անխափան կենսագործունեությունը։
Բաց մի թողեք
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ
Վրաստանը մարել է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Ադրբեջանին ունեցած երկարամյա պարտքը
Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա