17/10/2025

Բիթքոյինի գինը հասել է իր պատմական նոր առավելագույն ցուցանիշին՝ 123 218 ԱՄՆ դոլարի

Բիթքոյինի գինը հասել է իր պատմական նոր առավելագույն ցուցանիշին՝ 123 218 ԱՄՆ դոլարի։ Այս աճի հիմքում կանգնած են մի շարք կարևոր գործոններ։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններում Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Կիրիլ Խոմյակովի խոսքով՝ նախևառաջ, հիմնական շարժիչ ուժը դարձել է ինստիտուցիոնալ ներդրողների կայուն հետաքրքրությունը, որն առավելապես դրսևորվել է սպոտ ETF-ների միջոցով։

SoSoValue-ի տվյալներով՝ ամբողջ սպոտ բիթքոյին ETF-ների կառավարման ներքո է գտնվում շրջանառության մեջ գտնվող մետաղադրամների 6.43%-ը՝ ավելի քան 150 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Միայն հուլիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում ETF-ների մեջ ներհոսել է 2.72 մլրդ դոլար։ Հետաքրքիր է, որ կապիտալի այս դրական հոսքը շարունակվում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ։

«Մակրոտնտեսական իրավիճակն էլ է իր ազդեցությունն ունեցել։ Գլոբալ շուկաներում աճում է ռիսկի հանդեպ հետաքրքրությունը։ Nasdaq և S&P 500 ինդեքսները թարմացնում են իրենց պատմական առավելագույն ցուցանիշները, իսկ ներդրողները ակտիվորեն ներդրումներ են անում արհեստական բանականության, տեխնոլոգիաների և թվային տնտեսության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերում։ Binance Research-ի տվյալներով՝ կապիտալը զանգվածաբար տեղափոխվում է պաշտպանական ակտիվներից դեպի բարձր ռիսկի ակտիվներ, այդ թվում՝ կրիպտոարժույթներ։ BTC-ի նկատմամբ հետաքրքրության աճն այս շուկայական միտումների տրամաբանական շարունակությունն է»,-նշում է Կիրիլ Խոմյակովը։

Բիզնես միջավայրում նույնպես նկատվում է կրիպտոարժույթների ընդունման ակնհայտ աճ։ Binance Research-ի գնահատմամբ՝ ավելի ու ավելի շատ ընկերություններ են բիթքոյնը ներառում իրենց կորպորատիվ պահուստներում՝ ընդլայնելով կրիպտոթանկության գաղափարը։ Այս գործընթացը թափ է հավաքում տարբեր իրավասությունների շրջանակում։ Ark Invest-ի տվյալներով՝ այս տարվա սկզբից սկսած ընկերությունների հաշվեկշռում թվային ակտիվների տեղակայման նկատմամբ հետաքրքրությունը աճել է ավելի քան երկու անգամ։ Strategy (նախկինում՝ MicroStrategy) ընկերությունը՝ բիթքոյինի խոշորագույն հրապարակային սեփականատերը, վերջերս ձեռք է բերել ևս 4 225 BTC։ 2025 թվականի հուլիսի 13-ի դրությամբ ընկերության հաշվեկշռում է գտնվում 601 550 BTC (շրջանառության մոտ 3%-ը)։ Այս փաստն ամրապնդում է բիթքոյնի ընկալումը որպես ռազմավարական երկարաժամկետ ակտիվ։ Բացի այդ, Deloitte-ի 2025 թվականի Global Blockchain Survey-ի համաձայն՝ աշխարհի խոշոր ընկերությունների ղեկավարների ավելի քան 73%-ը վստահ է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում թվային ակտիվները կարևոր դեր կունենան իրենց բիզնես ռազմավարության մեջ։

«Միևնույն ժամանակ, շուկայում տրամադրությունները մնում են բավական զուսպ։ Վախի և ագահության ինդեքսը գտնվում է 67 մակարդակում, ինչը համապատասխանում է չափավոր ագահությանը և ցույց է տալիս գերհագեցած պահանջարկի բացակայություն։ Սա վկայում է, որ բիթքոյնի ընթացիկ աճը կառուցվածքային բնույթ է կրում և ոչ թե՝ սպեկուլյատիվ։ TradingView-ի տվյալներով՝ կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասել է 3.67 տրլն դոլարի, իսկ բիթքոյնի դոմինանտությունը նվազել է մինչև 63.8%, ինչը վկայում է ալտքոյնների նկատմամբ հետաքրքրության աշխուժացման մասին։ Այսպիսով, բիթքոյինի ներկայիս աճը չի հիշեցնում կարճաժամկետ պոռթկում, այլ արդյունք է հասուն, բազմաշերտ պահանջարկի, որը ձևավորվել է մակրոտնտեսական միտումների, ինստիտուցիոնալ ընդունման և կրիպտոարժույթների՝ ընկերությունների ֆինանսական ռազմավարությունների մեջ արագ աճող ինտեգրման խաչմերուկում»,-նշում է Կիրիլ Խոմյակովը։