27/07/2025

Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի. Լուսանկար

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, առաջարկել է փոխել քավորին։ Մկրտությունը չի իրականացրել։

Նա նշել է, որ եկեղեցու և Վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։ «Պատահաբար ես ճանաչեցի՝ տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները ուղղված ամենայն հայոց Հայրապետիս, հայ եկեղեցականներին և հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ Վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է Վեհարանից դուրս շպռտեն, այդ անձնավորությունը եկել էր և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ։

Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես իմ մեղքերով հանդերձ ունեմ առաքյալներից մինչ ինձ հասած այդ իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ»,- նշել է քահանա Ղալաչյանը։

Որպես Հայ Եկեղեցու սպասավոր եմ ասում. եթե մեկը այդքան հանդգնություն ունի վայրահաչելու Հայոց Եեղեցու նվիրապետական կարգի ու այդ նվիրապետության գլուխ հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա որևէ դեր ստանձնել մեր ծիսական կյանքում և ոչ էլ հաղորդ կդարձնեմ որևէ սրբության:

Միակ բանը, որ տվյալ անձն ունի անելու, ապաշխարության խորհրդով անցնելն է:

Եվ բնավ կապ չունի այդ անձը ՔՊ – ական է, թե՝ ոչ:

Ոչ ոք չի ասում, որ ամենքդ պիտի ուշագնաց սիրով սիրեք ինձ կամ որևէ այլ աստիճանի հոգևորականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, սակայն հարգանք նվիրապետական կարգի հանդեպ պարտավոր եք ունենալ: Չունեք այդ հարգանքը և լկտիություն ունեք եկեղեցում այդ մասին մեծաբերան խոսելու, ուրեմն պատրաստ եղեք նույն այդ նվիրապետական կարգի ներկայացուցչի կողմից կարգի հրավիրվելու կամ առնվազն մերժում ստանալու:

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի: Տեր Հայրը ոչ թե մերժել է կատարել մկրտությունը, այլ թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր: Այլ կնքահայր ընտրելու դեպքում մկրտությունը կարվեր:

Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ականը մկրտության քավոր կանգնի