Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը, ով երեկ թույլ չէր տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, հրաժարվելով նրա քավորության պարագայում կնքել փոքրիկին, պարզվում է` ուսանել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, հետագայում վերադարձել է Հայաստան եւ ուսանել է Էջմիածնում, որից հետո ձեռնադրվել է քահանա:
Նրա մասին ասում են, որ նա երաժշտական տաղանդ ունի` շատ լավ երգում է։ Նա մի խումբ քահանաների հետ վերջերս Երեւանում էր, Տեր Եզրասի հետ մասնակցում էր ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված ցույցին։
Այսօր ամենից քննարկված թեման Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի արարքն էր, որը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին մկրտության քավոր կանգնի, երեխայի ծնողներին առաջարկել է փոխել քավորին:
Տեր Սեբեոսի քայլը բավականին մեծ ոգևորություն է առաջացրել եկեղեցու պաշտպանների շարքերում:
Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նկատել է ոգևորություն շատ մարդկանց մոտ, սակայն հակառակ կողմից էլ կա մեծ քննադատություն:
«Իրականում ես բացարձակ ոգևորված չեմ և շատ տխուր եմ, որ մենք ստիպված ենք այդպիսի քայլի գնալ, ինչպես որ հայտարարության մեջ՝ իմ մեկնաբանության մեջ նշել եմ, այո, ես արդարացնում եմ տեր Սեբեոսի քայլը, որովհետև այդ քայլը ուղղված չի եղել երեխային չմկրտելուն, ուղղված է եղել եկեղեցուն իր հակականոնական պահվածքը պնդող մարդուն կարգի բերելուն: Եվ այդ մարդը, ինչպես որ Ազգային Ժողովում է հայտարարություններ արել, այդպես էլ եկեղեցում է ասել` այո, ասել եմ և կրկնում եմ: Ես իրականում շատ տխուր եմ, որ այդպիսի առիթ է եղել:
Մի անգամ էլ ես եմ այդպիսի առիթ ունեցել, բայց ոչ թե չմկրտելու, այլ մկրտության ընթացքում մեկը, ով իրեն շատ վատ էր պահում և ոգևորված խոսում էր Վեհափառի հասցեին, ստիպված եմ եղել դուրս հանել, սակայն մկրտությունն արել եմ: Դա իրականում ոգևորության հարց չի»,-ասաց տեր Մարկոսը:
Հարցին, հնարավո՞ր է, որ բոլոր հոգևորականները սկսեն մերժել ՔՊ-ականներին եկեղեցում որևէ արարողության մասնակցել, ասաց, որ դա հնարավոր է մի դեպքում, երբ Մայր Աթոռի կողմից որոշում կայացվի այդ մասին, հստակ ասվի, որ ովքեր ՔՊ-ի անդամ են՝ չեն կարող մասնակցել:
«Բայց իմ պատկերացմամբ, այդպիսի որոշում չի լինի, որովհետև այդպիսի որոշում կարող է լինել, եթե լինի բանադրանք, իսկ բանադրանքի համար շատ ավելի այլ իրավիճակներ են անհրաժեշտ և դրա հետ կապված ես որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող:
Այսինքն, համատարած պարզապես որոշել, որ ովքեր ՔՊ անդամ են, իրենց զրկում ենք եկեղեցուց՝ չէ, չի լինելու դա: Մարդիկ միայն վերնագրերն են կարդում և վերնագրերով պատկերացում կազմում, ես չեմ ասել, որ ՔՊ-ից է պատգամավորը, դրա համար պետք չի իրեն կնքահայր դարձնել:
Հարցը ՔՊ-ից լինելը չի, հարցը պահվածքն է, որը եկեղեցու կանոնական վիճակը խաթարում է: Դու մտնում ես մի եկեղեցի, որը օծել է Ամենայն հայոց Կաթողիկոսը, որին դու Կտրիճ Ներսիսյան ես համարում, դու եկել ես մի քահանայի մոտ մկրտության համար, որի հոգևոր հորը անարգում ես և ուզում ես, որ ինքն այդ մկրտությունն անի: Եկեղեցական ամբողջ կարգն ու սարքն էլ մի կողմ դնելով, զուտ մարդկային տեսանկյունից, այդ ինչ երես ու ամոթ, աբուռ կորցրած պիտի լինի մարդ, որ հանդգնի այսպես: Ես անկեղծ կասեմ, ՔՊ-ին հավանող բազում քրիստոնյաներ գիտեմ, որոնք երբեք թույլ չեն տա իրենց նման պահվածք:
Բոլորը չեն, որ մեզ սիրում են, բոլորը չի, որ Տեր Մարկոսին կամ Ամենայն հայոց կաթողիկոսին սիրում են՝ մենք չենք էլ ուզում, որ մեզ սիրեն, բայց մենք ուզում ենք, որ հարգեն եկեղեցու ներքին կարգն ու սարքը, դրվածքը, նվիրապետական կարգը: Իմ խնդիրը ՔՊ-ի մասով չի, ՔՊ-ի մասով ավելի քաղաքական հարցեր կան, որոնց ես չեմ ուզում անդրադառնալ, բայց հարցն այստեղ պահվածքն է»,-շեշտեց Տեր Մարկոսը:
Հարցին, արդյոք սա ուսանելի դա՞ս կարող է դառնալ ՔՊ-ականների համար, ասաց, որ սա երկսայր սուր է՝ կարող է և դաս լինել, և պրովոկացիայի աղբյուր:
Տեր Մարկոսը նշում է, որ պորովոկացիայի համար եկած մարդուն թույլ չի տա մասնակցել արարողությանը, որպեսզի բացառի սադրանքը և հավելում է․«Ինձ բացարձակ միևնույն է՝ եկեղեցում ՔՊ-ականներ կան, թե ոչ: Եւ քաղաքական դաշտի ՔՊ-ականներ կան, ոչ շատ հայտնի, բայց կան: Ես այդ մարդկանցից շատերի հետ խոսելու առիթ ունեցել եմ և այդ մարդիկ իրենց պարկեշտ են պահում, այսինքն, շատ տարբեր է: Հիմա կարող է պրովոկացիայի առիթ դառնալ, բայց ես հույս ունեմ, որ ավելի ուսուցողական կլինի և այս մարդիկ ի վերջո մտածելու առիթ կունենան, որ այդպիսի վերաբերմունքի արժանացան»,- նկատեց Տեր Մարկոսը:
Հոգևորականը նկատեց, որ Տեր Սեբեոսը շատ նորմալ, արժանապատիվ հոգևորականի կեցվածք է դրսևորել, ինչպես կարող են գալ ու քո հորը հայհոյել և դու ցույց տաս, որ ոչինչ չի եղել:
«Ես մի կողմ եմ թողնում բոլոր հայացքները, մի կողմ եմ թողնում քաղաքական հարցերը, ընդամենը մարդկայինն եմ դիտարկում,, եթե նա տեր Հոր հարցին պատասխանելուց չասեր, այո, ես այդ մարդն եմ ու կրկնում եմ, ու փոխարենը ասեր, որ այսօր եկել եմ կնքելու համար, այլ կերպ միգուցե ընթանար, սակայն վերջինս կրկնել է իր հայտարարությունները»։
Բաց մի թողեք
Աշխարհաքաղաքական դերակատարների հետ բաց և փակ պայմանավորվածությունների կգա Թուրքիա՞ն
Ոսկե հորդան ավելի հարազատ է, քան՝ արևմտյան մշակույթը. Պուտինը կամուկացի մեջ է
Ռուսաստանի միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ». Պատրուշև