15/10/2025

Վերին Դվին եւ Արեւշատ համայնքներում բոլոր ձերբակալվածներին բաց են թողել

Վերին Դվին եւ Արեւշատ համայնքների բնակիչների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքով ձերբակալված անձինք արդեն ազատ են արձակվել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Մենք գրել էինք, որ ձերբակալվածների թվում էր նաև Արեւշատ համայնքի ՔՊ-ական վարչական ղեկավար Ստեփան Նիկոլյանը։

Մենք գրել էինք, որ ՔՊ-ական համայնքապետն իր որդու հետ մասնակցել է ծեծկռտուքին։ Պատմում են, որ կռվի թեժ պահին Նիկոլյանը մեքենայով հարվածել է «հակառակորդների» մեքենաներին, ջարդել դրանք։ Գրել էինք, որ ծեծկռտուքի հետեւանքով հիվանդանոցում է հայտնվել համայնքապետի որդին։

Քննչական կոմիտեն մինչ այս պահը չի ցանկանում հաստատել ՔՊ-ական համայնքապետի մասնակցության և ձերբակալման լուրը:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորիների համայնքի ներկայացուցիչ Զեմֆիա Միրզոեւան հայտնել էր, որ Վերին Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։

«Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում»,- ավելի ուշ հայտնել էին ՆԳՆ-ից: