23/07/2025

Ալիևի ասածն ու տեղից արձագանքները՝ դառնանք «մեր ոչխարներին»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը յուրովի խմբագրել է օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը և ներկայացրել այնպես, որ նա, իբր խոստովանել է, որ Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք ստորացած էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ադրբեջանական ժողովուրդը, քանի որ բանակցությունների ընթացքը տանում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչմանը:

Եթե ԼՂ կարգավորման բանակցություններում Հայաստանի հետապնդած նպատակը ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչումն էր, ուրեմն այդ ամբողջ ընթացքում պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում գտնվող սուբյեկտ, որ ձգտում է իրացնել ինքնորոշման իրավունքը: ՀՀԿ Գործադիր մարմնի անդամն այսպիսով հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը, որ Հայաստանի բոլոր իշխանությունները ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում:

Սա պարզագույն տրամաբանության հարց է, եթե մի սուբյեկտ ձգտում է ինքնորոշման, նշանակում է նա գտնվում է մի պետության կազմում, որտեղ իր ինքնուրույնությունը չի ճանաչվում և չի հարգվում:

Ընդ որում, Գագիկ Մինասյանը չի ասում, թե բանակցային գործընթացը տանում էր ԼՂ հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, նա շեշտում է, որ վերջնարդյունքում պետք է ճանաչվեր ԼՂ ինքնորոշման իրավունքը, ինչից ուղղակիորեն չի հետևում, թե դա կլիներ անկախություն կամ Հայաստանի հետ միավորում: Ինքնորոշում է նաև Ադրբեջանի կազմում իրավական կարգավիճակը, նույնիսկ՝ ազգային-մշակութային ինքնակառավարումը:

Բայց դառնանք «մեր ոչխարներին»: Ստեփանակերտում խնդրո առարկայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների «մեխը» հետևյալն է. «Ինչպես ես 2003 թվականին խոստացել եմ, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է, քսաներկու տարի անց կրկնում եմ նույնը»:

Ասված է շատ պարզ, ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնը՝ նա իր ժողովրդին խոստացել է, որ կվերադարձնի Լեռնային Ղարաբաղը և Ստեփանակերտում կազմակերպած «միջազգային մեդիաֆորումի» հարթակից հայտարարում է, որ երդումը կատարել է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ստորացվածությանը, ապա ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը հաստատ հիշում է, որ 2011 թվականին Իլհամ Ալիևն է հրաժարվել Կազանի «աշխատանքային փաստաթղթից», որտեղ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին խոսք չկար:

Ընդամենն ասվում էր, որ ԼՂ շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց հետո կարգավիճակի հարցով պետք է անցկացվի իրավական պարտադիր ուժ ունեցող պլեբիսցիտ: Ի դեպ, նույն փաստաթղթում առաջին անգամ պաշտոնապես սահմանվել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին Նախիջևանի հետ ցամաքային անխոչընդոտ հաղորդակցություն ապահովի:

Քաղաքական ընդդիմախոսության «ժանրն», իհարկե, որոշակի մանիպուլյատիվություն միշտ և ամենուր ունենում է, բայց ներկայացնել այնպես, որ մինչև 2018 թվականը «պարտված և ծնկաչոք էր»՝ ոչ միայն բարոյական չէ, այլև բազմաթիվ փաստերով հերքվում է, առաջին հերթին՝ Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթով, որտեղ նա Հայաստանի ժողովրդին հորդորում էր հույս չպահել, թե Ադրբեջանը չի դիմի ԼՂ խնդրի ուժային կարգավորման տարբերակին:

Նվաստացած, ստորացած, ծնկաչոք երկիրը հարևան պետության հետ ուժի կիրառման լեզվով չի խոսում: Գուցե առաջին պատերազմին հաջորդած երկու-երեք տարիներին Հեյդար Ալիևը ԼՂ խնդիրը խաղաղ-փոխզիջումային ճանապարհով կարգավորելու մտադրություն ունեցել է, բայց ստույգ է, որ Իլհամ Ալիևը 2003 թվականից մշտապես խոսել է «օկուպացված տարածքները» պատերազմով վերադարձնելու առաջնահերթության մասին: