27/07/2025

Եթե Մերձավոր Արևելքում թուրք-ամերիկյան համաձայնություն չի կայանում, ապա դա հնարավո՞ր է Հարավային Կովկասում

«ՀԱՄԱՍ-ն իրականում չի ձգտում գործարքի: Երևի նրանք մահ են ուզում: Ես կարծում եմ, որ նրանց նկատմամբ որս կսկսվի: Մենք հասել ենք մի կետի, երբ այդ գործը պետք է ավարտին հասցնել, պետք է կռվել և ազատվել նրանցից»,- Դոհայում իսրայելա-պաղեստինյան բանակցությունների ջախողումից հետո հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Իսրայելի պատվիրակությունը լքել է Կատարի մայրաքաղաքը, որտեղից հեռացել են նաև ամերիկացի և եգիպտացի դիվանագետները: Այսպես կոչված՝ «փոխանակման գործարքը» չի կայացել ՀԱՄԱՍ-ի կողմից նոր պահանջներ ներկայացնելու պատճառով:

Պաղեստինյան կազմակերպությունը պահանջել է, որ իսրայելական ուժերը հեռանան Եգիպտոսի հետ սահմանային անցակետից, ինչն անընդունելի է ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների համար:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն բարձր է գնահատել ՀԱՄԱՍ-ի մասին ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունը: Նա հավաստիացրել է, որ կառավարությունը «մշակում է պատանդների ազատ արձակման այլընտրանքային տարբերակներ»: Ստեղծված իրավիճակից ելքի երկու տարբերակ է ներկայացրել իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» ռազմական և անվտանգային հարցերով մեկնաբան Այհները:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարող է դիմել Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի իշխանություններին և պահանջել, որ արտաքսեն ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին»: Կարելի է հասկանալ, որ գործարքի տապալման հարցում նշված երկրները կամ նրանցից մեկը ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի վրա ազդեցություն է գործել:

Իսրայելցի մեկնաբանի ներկայացրած երկրորդ տարբերակը չափազանց ռիսկային է: Նա գտնում է, որ Միացյալ Նահանգները «կարող է արտոնել, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ոչնչացնի արտերկրում»:

Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը նման համաձայնության հասնեն և «Մոսադն» սկսի ՀԱՄԱՍ-ի առաջնորդների որսը, ապա Մերձավոր Արևելքում դիմակայությունը ոչ թե կթուլանա, այլ կտրուկ կաճի: ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդների գլխավոր նստավայրը Կատարի մայրաքաղաք Դոհան է, բայց նրանք պարբերաբար հանդիպումներ են ունենում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ:

ԱՄՆ նախագահի հիասթափությունը կարելի է հասկանալ. անցած երեք շաբաթներին նա մի քանի անգամ անոնսավորել է ՀԱՄԱՍ-Իսրայել գործարքի ավարտը: Իրականությունը, սակայն, ինչպես բացահայտվել է Դոհայից Իսրայելի պատվիրակության հեռացումով, բոլորովին այլ է: Իսկ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու:

Բայց արդյոք արդյունավետ կլինի՞, եթե նա արտոնի, որ Իսրայելը Գազայում «բացի դժոխքի դարպասները» և օկուպացնի պաղեստինյան անկլավի ամբողջ տարածքը կամ «Մոսադը» Կատարում, Եգիպտոսում և Թուրքիայում անցնի ՀԱՄԱՍ-ի առաջնորդների թիրախային ոչնչացման գործողությունների:

Առանց այդ էլ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում ռազմական բախումից մեկ քայլ հեռավորության վրա են ընդամենը: Ընդ որում, Դամասկոսի պաշտոնական ներկայացուցիչն Իսրայելին սպառնացել է, որ եթե չհեռանա Սիրիայի տարածքից, ապա «Իրանը և «Հըզբալան» կվերադառնան այնտեղ»:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի փորձությունը պետք է գնահատել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին նրա հայտարարությունների կտրվածքով: Որքանո՞վ է առարկայական ԱՄՆ-ի «միջնորդության» մասին իշխող տպավորությունը, ի՞նչ երաշխիք կա, որ Իլհամ Ալիևի համար Դոնալդ Թրամփն անառարկելի հեղինակություն է:

Մանավանդ եթե Գազայի և ՀԱՄԱՍ-ի հետ կապված հարցերում Վաշինգտոնը և Անկարան հայտնվեն հակառակ ճամբարներում: Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության պայմաններում Ալիևի համար վճռորոշ է դառնում Էրդողանի դիրքորոշումը:

Իսկ եթե Մերձավոր Արևելքում թուրք-ամերիկյան համաձայնություն չի կայանում, ապա դա հնարավո՞ր է Հարավային Կովկասում: