«Հայհեղինակ» ՀԿ-ն հայտ է ներկայացրել զբաղվելու հեղինակային իրավունքների պաշտպանությամբ։ Ըստ այդմ, այս կազմակերպությունը ստեղծագործողների հետ պայմանագրեր է կնքում, գրանցվում է ստեղծագործությունը, ինչը, ըստ կազմակերպության, անհրաժեշտ է կատարել, որպեսզի հեղինակը ժամանակին ստանա իր հասանելիք հեղինակային վարձատրությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Այժմ բազմաթիվ ստեղծագործողներ պայմանագրեր ունեն իրենց ստեղծագործությունների գույքային կառավարումն իրականացնող «Հայհեղինակի» հետ, սակայն այնպես չէ, որ նրանց հեղինակային իրավունքների պաշտպանությունը երաշխավորված է եւ իրենք միլիոններ են ստանում իրենց ստեղծագործությունների հնչելուց եւ կատարվելուց:
Դժգոհություններն այս ՀԿ-ից բազմաթիվ են, եւ դրանց մասին, բազմաթիվ նյութեր կան մամուլում։ Այս ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 25-ին իրավատերերի նիստ են գումարում, օրակարգում մի քանի կետից բաղկացած հարցեր են լինելու, այդ թվում` անդամության կանոնակարգի, բյուջեի կատարողականի եւ այլնի հետ կապված։
Բազմաբնակարանային մի շենքում գործունեություն իրականացնող այս ՀԿ-ի ներկայացուցիչներն, ի դեմս Մարինե Ավետիսյանի, Կարեն Արիստակեսյանի, կենդանի վահան դարձած այսօր չթողեցին, որ «Հրապարակի» լրագրողն ու օպերատորը մտնեն դահլիճ` լուսաբանելու նիստը, որի օրակարգային հարցերը հրապարակված էին։
Տիկինը պատճառաբանեց, թե իրենք մեզ չեն հրավիրել, փակ նիստ է` չեն կարող թույլ տալ առաջ գնալ, պարոնն էլ սկզբում ասաց, որ կարող ենք առանց տեսանկարահանելու լուսաբանել նիստը, այնուհետեւ՝ գործընկերների հետ քըչփըչ անելուց հետո, հայտարարեց, որ չենք կարող։ Հարցին հետո խառնվեց Ռաֆայել անունով մի անձնավորություն, որը ներկայացավ ՀԿ-ի իրավաբան, նա էլ իր հերթին արգելեց ներս գնալ, վիճեց մեզ հետ` խոչընդոտելով մեր աշխատանքն ու ասաց, որ հեռանանք անգամ միջանցքից, քանի որ, ըստ նրա, նիստի դահլիճի դուռը ապակյա է եւ մենք ինչ֊որ բաներ կարող ենք տեսնել ու լսել միջանցքից:
Ստացվում է, որ այս անձինք ինչ որ գաղտագողի գործընթաց են իրականացնում եւ այնքան են վախենում լրատվամիջոցի ներկայությունից ու նիստը լուսաբանելուց, որ խոչընդոտում են լրագրողին իր աշխատանքը կատարել։ Հարկ է նշել, որ իրենց հայտարարությունը եղել է հրապարակային, բաց։ Բայց ոչ մի խոսք չի եղել փակ նիստ անցկացնելու վերաբերյալ։
Սրանով հաստատվում են այն հեղինակների կասկածները, որ ՀԿ-ն գաղտնի է գործում, եւ իրենց տրվող վարձատրությունը շատ չնչին է կամ առհասարակ չեն ստանում վարձատրություն, բաշխման մեխանիզմը թափանցիկ չէ, չկա հաշվետվողականություն, թե հեղինակը որքան պետք է ստանա, բաշխումը արվում է ֆավորիտիզմի սկզբունքով, մինչդեռ իրենք բավականին մեծ գումարներ են վաստակում։ Այս ՀԿ-ի գործունեությանը, հիշեցնենք, հետեւում է Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը:
Հետաքրքիր է` մշակույթի ոլորտի խնդիրները որքանով են մտահոգում ոլորտը համակարգող ԿԳՄՍ նախարարությանը, նրանք տեղյա՞կ են այս ծածուկ նիստերի, թաքուն քննարկումների մասին, որոնց արգելված է լրագրողներին մասնակցել։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ