«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը գրառում է կատարել՝ «մտահոգություն հայտնելով», թե վերջին շաբաթներին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տեղի է ունենում անհասկանալի, բայց հստակ օրինաչափություն ունեցող գործընթաց․ փորձառու քննիչները մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են ներկայացնում և լքում համակարգը։
Վերջինս շտապել է իր կարծիքը հայտնել, թե սա պարզապես կադրային շարժ չէ, այլ իրավապահ համակարգում հասունացող խորքային ճգնաժամի ամենախոսուն վկայություն է:
Իրավապաշտպանի դիրքերից հանդես եկող Կարագոզյանը հավելել է, թե խոսքը տարիներ շարունակ աշխատած, բարդ քրեական գործեր քննած, կիբեռհանցագործությունների դեմ պայքար մղած քննիչների մասին է․ մասնագետներ, որոնք ոչ միայն գիտելիք ու փորձ են կուտակել, այլ նաև հավատք արդարության նկատմամբ։
Արձագանքելով մտահոգված Կարագոզյանին՝ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նրա գրառման տակ մեկնաբանություն է թողել՝ նկատելով, որ ողջունելի է, թե ինչ ջանասիրությամբ է Կարագոզյանը հետևում Քննչական կոմիտեում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, սակայն ՔԿ մամուլի քարտուղարն անհամաձայնություն է հայտնել իրավապաշտպանի հնչեցրած միակողմանի և սուբյեկտիվ գնահատականների վերաբերյալ, քանի որ ըստ Կիմա Ավդալյանի՝ Մհեր Կարագոզյանը ակնհայտորեն հանդես չի գալիս անաչառ և անկողմնակալ դիտորդի դերում:
«Կադրային փոփոխությունը իրավապահ համակարգում հասունացող խորքային ճգնաժամի ամենախոսուն վկայությունը չէ, այլ հակառակը՝ համակարգի առողջացման, կոմպետենտ կադրերով համալրման վկայությունն է, որն անխոս կրելու է շարունակական բնույթ:
Ձեզ հուզող հարցերի պատասխանը մեկն է՝ Քննչական կոմիտեում կադրային փոփոխությունների հիմքում մարդկային և պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներն են ազնվությունը, արդարամտությունը, պետությանը ծառայելու պատրաստակամությունը:
Քննչական կոմիտեն համալրված է բազմաթիվ փորձառու և պրոֆեսիոնալ կադրերով, որոնց մասնագիտական հմտությունների և ձեռքբերումների վկայությունը ոչ թե ֆեյսբուքյան հարթակում ինքնագովազդով զբաղվելն է, այլ քննիչի վարքագծի կանոնների պահպանմամբ իր մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացումը:
Վստահեցնում ենք, որ որոշ քննիչների՝ համակարգը լքելու փաստը որևէ կերպ չի կարող անդրադառնալ որևէ քրեական վարույթի նախաքննության իրականացման օրինականության վրա»,- վստահեցրել է ՔԿ խոսնակը:
Ազատվածներից մեկը՝ Միլենա Մանուկյանը, «Իգդիր» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ աղջիկն է, ով ՊԵԿ-ում նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել: Նոր վարչության պետ Շիրազ Գրիգորյանի նշանակմամբ անձնակազմին պահանջներ է ներկայացվել, մասնավորապես՝ տևական ժամանակ քննվող քրեական վարույթներով ձգձգումը բացառելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Արդյունքում վարչության մի քանի քննիչ, միմյանց հետ համաձայնության գալով, դիմել են սաբոտաժի, որպեսզի ձախողվի վարչության աշխատանքը, և միաժամանակ ազատման դիմում են ներկայացրել այն հույսով, որ իրենց ոչ ոք չի ազատի:
Բացի այդ՝ օգտվելով վարչության առանձնահատկություններից՝ ինքնուրույն կապեր են հաստատել օտարերկրյա կազմակերպությունների հետ և օգտագործելով իրենց կապը՝ այնպես են արել, որ գործուղման հրավերները ստացվեն միայն իրենց անուններով՝ բացառելով այլ քննիչի գործուղման գնալու հնարավորությունը, ինչն էլ, բնականաբար, առաջացրել է Քննչական կոմիտեի ղեկավարության դժգոհությունը:
Վերջիններս նաև կապ են հաստատել տարբեր լրատվամիջոցների ու փաստաբանների հետ և կազմակերպել արտահոսք:
***
Ի՞նչ է կատարվում հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում․ լռությունն այլևս անհնար է
Վերջին շաբաթներին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից տեղի է ունենում անհասկանալի, բայց հստակ օրինաչափություն ունեցող գործընթաց՝ փորձառու քննիչները մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են ներկայացնում և լքում համակարգը։
Սա պարզապես կադրային շարժ չէ։ Սա իրավապահ համակարգում հասունացող խորքային ճգնաժամի ամենախոսուն վկայությունն է։
Խոսքը տարիներ շարունակ աշխատած, բարդ քրեական գործեր քննած, կիբեռհանցագործությունների դեմ պայքար մղած քննիչների մասին է՝ մասնագետներ, որոնք ոչ միայն գիտելիք ու փորձ են կուտակել, այլ նաև հավատք՝ արդարության նկատմամբ։
Ինչո՞ւ են նրանք հեռանում։
Ինչո՞վ է պայմանավորված այս հեռացումների ալիքը։
Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի ձևավորման համար։
Այս լռությունը անթույլատրելի է։
Հասարակությունն ունի լիարժեք իրավունք իմանալու՝
արդյո՞ք համակարգում ներքին ճնշումներ կամ միջամտություններ են,
արդյո՞ք կորցվել է պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետների համար աշխատելու միջավայրը։
Պահանջում ենք ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի բաց, հստակ և հանրային բացատրությունները։
Սա ոչ թե ներքին խնդիր է, այլ հանրային պատասխանատվության և վստահության հարց։
Երբ լքում են ամենանվիրված և պրոֆեսիոնալ քննիչները, դա ազդում է ոչ միայն գործերի վրա, այլ ողջ արդարադատության համակարգի վրա։
Հանրային լռությունն այս իրավիճակում վտանգավոր է։ Պահանջում ենք թափանցիկություն, պարզաբանում և պատասխանատվություն։
Հանրային վերահսկողություն ՀԿ/Public Control NGO
Հանրային վերահսկողության նախագահ Մհեր Կարագոզյան
Բաց մի թողեք
470 մլն դրամի փողերի լվացում և ապօրինի ձեռնարկատիրություն. Աբրահամյանի գործի նախաքննությունն ավարտվել է
Դատարանը հրապարակել է Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը. Լուսանկար
Դատախազությունը պահանջում է առոչինչ համարել Աբրահամյանի կնոջն ու որդուն օտարված հողամասերի պետական գրանցումը