31/07/2025

Ի՞նչ կտա Թրամփի «վերջնագիրը», եթե այն, լուրջ է, իսկ Պուտինը նահանջել չի կարող

Ոչ պաշտոնական այցով Շոտլանդիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:

Բանակցությունների մեկնարկին նա լրագրողներին ասել է, որ մտադիր է կրճատել Ուկրաինայում հրադադարի հասնելու ժամկետները: Թրամփը կրկնել է, որ հիասթափված է Պուտինից:

Սթարմերի հետ բանակցություններից հետո Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ սահմանում է ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման նոր վերջնաժամկետ՝ «մոտ տասը-տասներկու օր՝ այսօրվանից սկսած»:

Այդ որոշումը Թրամփը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի նախագահի հետ մի քանի անգամ բանակցություններ է ունեցել, բայց հետո Պուտինը «հրթիռակոծել է ուկրաինական քաղաքները, օրինակ՝ Կիևը»: Ընդսմին, նա խոստովանել է, որ «սիրում է Ռուսաստանը» և չէր ցանկանա «նրան վատություն անել»:

Ակնարկն, ըստ երևույթին, պետք է հասկանալ այնպես, որ Թրամփը նշված ժամկետում հրադադարի հասնելու հույս ունի, այլապես հարկադրված կլինի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը հնչում է Ստամբուլում Թրամփ-Պուտին հանդիպում կազմակերպելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի «բացահայտումից» հազիվ երկու օր հետո:

Այդ առթիվ, սակայն, ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպման կազմակերպումը ժամանակ և ջանքեր է պահանջում:

Դիտարժան է նաև, որ Պուտինից հիասթափության և Ուկրաինայի հետ հրադադարի հասնելու նոր ժամկետներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ բանակցություններից հետո:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը վերջերս Մեծ Բրիտանիային բաց տեքստով քննադատել է 2022 թվականի ստամբուլյան պայմանավորվածությունները ձախողելու և Ուկրաինային պատերազմը շարունակելուն հարկադրելու մեջ:

Եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական աջակցության եռանդուն պաշտպաններից է: Վերջերս Լոնդոնը ռազմական համագործակցության պայմանագիր է ստորագրել նախ Ֆրանսիայի, ապա և Գերմանիայի հետ:

Եթե Թրամփի «վերջնագիրը» քարոզչական հնարք չէ, ապա, թերևս, կարելի է ասել, որ Ուկրաինայի, հետևաբար և Արևելյան Եվրոպայի ապագայի հարցում եվրոպական «եռյակին»՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, հաջողվել է ԱՄՆ նախագահին տարհամոզել, և նա Ռուսաստանին վերաբերվում է որպես Եվրոպայի անվտանգության սպառնալիքի:

Ի՞նչ կտա Թրամփի «վերջնագիրը», եթե այն, կրկնենք, լուրջ է: Վլադիմիր Պուտինը նահանջել չի կարող և, կարծես, չի էլ մտածում այդ մասին: Նրա նկատմամբ Եվրոպայի «հաղթանակը» կարող է վերածվել ավելի մեծ աղետի: