01/08/2025

Նոյեմբերյանի ոստիկանապետը Կողբում հարվածել է քաղաքացուն

Վարդավառի նախօրեին` հուլիս 25-ին Տավուշի մարզի Կողբ համայնքում միջադեպ է տեղի ունեցել։

Դեպքին ականատեսներից մեկը պատմել է, որ Կողբի ֆուտբոլի դաշտում այդ օրը երեկոյան, երբ միջոցառում է եղել, Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի պետ Արսեն Առաքելյանը հարվածել է մի երիտասարդի։

«Երիտասարդը իր կնոջ եւ ընկերոջ հետ երեկոյան միջոցառման տեղում է լինում՝ հանգիստ քայլելիս, հանկարծ լսում է հայհոյանքներ, շատ հանգիստ մոտենում է հայհոյանք հնչեցնողների ուղղությամբ, ասում՝ մի հայհոյեք կանայք եւ աղջիկներ կան։

Այդ պահին Նոյեմբերյանի քաղաքացիական հագուստով ոստիկանապետը հայհոյող մարդուն խփում է, հետո թեքվում ու խփում՝ այդ երիտասարդին, որը գնացել, ասել էր՝ մի հայհոյեք, էդ երիտասարդին խփում ա ու ասում՝ ոտիս տակ ես ընկնում»,- մեզ պատմեց ականատեսը՝ նշելով, որ տեղում պարեկային ծառայողներ կային, որոնք միջադեպին չեն խառնվել։

Ներքին գործերի նախարարությունից, հաստատեցին միայն այն, որ միջադեպ եղել է․ «Մի քանի անձինք ոչ սթափ վիճակում գտնված հասարակական կարգ են խախտել, ոստիկաններն էլ նշված անձանց հեռացրել են տարածքից՝ կանխելով հետագա միջադեպերը»։

Հարցին, թե բաժնի պետն այդ օրը եղե՞լ է այդ վայրում, արձագանքեցին՝ այո, նա էլ է եղել ծառայության մեջ։