19/11/2025

Տոկաևը թուրքական ինքնության կենտրոն է ընդունում ղազախստանյան տափաստանը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցությունները: «Անադոլուի» հաղորդմամբ՝ կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Թուրքիայի նախագահի խոսքում կարևորվում է երեք արձանագրում:

Ըստ Էրդողանի՝ Ղազախստանը և Թուրքիան կարող են մեծացնել և հինգի փոխարեն տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնել տասնհինգ միլիարդ դոլարի: Թուրքիայի նախագահը կարևորել է ահաբեկչության, այդ թվում՝ Feto-ի դեմ համատեղ պայքարը, պաշտպանության, անվտանգության և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցությունը:

Էրդողանը նաև ասել է, որ Տոկաևի հետ քննարկել է թուրքական աշխարհի համերաշխության ամրապնդման հարցը և երկուստեք ընդգծվել է, որ Կիպրոսի թուրքերի «հավասար իրավունքները պետք է հարգվեն»:

Ավելի վաղ կանխատեսել էինք, որ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն վարչախմբի հարցը Տոկաևի համար «քննություն է լինելու»:

Բանն այն է, որ Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի մյուս երկրները Եվրամիության հետ գրավոր համաձայնության են հասել, որ ճանաչում են Կիպրոսի հանրապետությունը՝ որպես ԵՄ անդամ միասնական պետություն:

Թուրքիան ոչ միայն ինքն է ճանաչում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», այլև թուրքախոս երկրներին մղում է նույն քայլին:

Ղազախստանյան tengrinews էլեկտրոնային հարթակը, որ նախագահի աշխատակազմի հետ աֆիլացված լրատվամիջոց է, Էրդողան-Տոկաև բանակցություններից հետո մամուլի համար կողմերի հայտարարությունից առանձնացրել է Տոկաևի այս ձեւակերպումը:

«Ղազախստանը պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Ղազախստանը և Թուրքիան կշարունակեն միջազգային ասպարեզում արդյունավետ համագործակցությունը: Ղազախստանյան դիվանագիտությունը հատուկ ուշադրություն կդարձնի Թուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացմանը»:

Հասկացվում է, որ ԹՊԿ զարգացման և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման հարցերը երկկողմ բանակցություններում քննարկվել են, բայց Ղազախստանը սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցությունը, չի փոխել:

Համենայն դեպս, ղազախստանյան լրատվամիջոցը Տոկաևի հայտարարությունից հակառակը փաստող մեջբերում չի արել, ոչ էլ Կիպրոսի հյուսիսի թուրքերի «հավասար իրավունքների հարգման անհրաժեշտության» մասին Թուրքիայի նախագահի ընդգծումն է փոխանցել:

Կիպրոսի թուրքերի «հավասար իրավունքների ճանաչման» հարցում Ղազախստանի վերապահ մոտեցումը լիովին հասկանալի է, երկրի հյուսիսային մարզերում ավելի քան երեք միլիոն ռուս կամ ռուսախոս բնակչություն կա, իսկ Մոսկվայից փորձագետների և պետդումայի որոշ պատգամավորների մակարդակով պարբերաբար հիշեցնում են, որ այդ հողերը նվիրաբերված են: Ռուսաստանի համար այդ շրջաններում անջատողական շարժում հրահրելը, ինչպես ասում են՝ «միայն տեխնիկայի հարց է»:

Ղազախստանն, ինչ խոսք թուրքական ինքնության պետություն է, ՔՊԿ առանցքային անդամ: Թուրքական պետությունների կազմակերպության անցյալ տարվա գագաթաժողովում նույնիսկ խոսք է գնացել Աստանան ԹՊԿ ֆինանսա-տնտեսական կենտրոն ճանաչելու և կառույցի մշտապես գործող մարմիններ կազմավորելու մասին:

Այդուհանդերձ, Տոկաևը որոշակի տարաձայնություններ ունի նաև թուրքական էթնիկ-քաղաքակրթության ինքնության հարցերում: Օդանավակայանում անձամբ դիմավորելով նրան՝ Էրդողանը ողջունել է այսպես, «Բարի գալուստ Ձեր երկրորդ հայրենիք»:

Տոկաևը թուրքական ինքնության կենտրոն է ընդունում ղազախստանյան տափաստանը: Դա ամենևին էլ պատմության ինտերպրետացիա կամ անձնական քմահաճույք չէ: