15/10/2025

Կգնան Վաշինգտոն, սակայն Ադրբեջանի և նրա նախագահի դեպքում «անակնկալներից» ոչ մի երաշխիք չկա

Առաջիկա ուրբաթ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն «ստորագրելու նպատակով» Սպիտակ տանը «կայանալիք Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովի» մասին տարածված տեղեկության ֆոնին Բաքվի կիսապաշտոնական haqqin.az-ը վերլուծական հոդված է հրապարակել, որի գլխավոր թեզն այն է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Մոսկվայի և Թեհրանի մոտեցումներում «տեղի է ունեցել խզում»:

Հեղինակն, ընդսմին, վկայակոչում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղայիի դիտրակումը, որ Թեհրանը «դեմ չի լինի «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, եթե այն գտնվի Հայաստանի իրավազորության ներքո»:

Ադրբեջանցի վերլուծաբանի գնահատմամբ՝ «դա փոխզիջումների տեղ է թողնում», մինչդեռ, ինչպես նա է պնդում, Ռուսաստանը ձգտում է «ձախողել բանակցությունները՝ երկյուղելով, որ կկորցնի Հարավային Կովկասում ազդեցության լծակները»:

Նա, ընդսմին, Իրանի դիրքորոշման «փոփոխությունը» պայմանավորում է վերջին տասներկուօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, երբ Թեհրանը «չի կարող իրեն թույլ տալ, որ ԱՄՆ-ին հակադրվելու ևս մեկ բարդություն ունենա»:

Ադրբեջանցի վերլուծաբանը համարում է, որ Իրանի այդ կեցվածքը «տարածաշրջանում ուժերի հավասրակշռություն է ստեղծում, ինչը մոտ ապագայում կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհ հարթել, որ երկար տարիներ ի վեր տեղի կունենա առանց Ռուսաստանի մասնակցության»:

Ադրբեջանում խոսքի, տեսակետ արտահայտելու իրավունքն առհասարակ բռնաճնշված է, իսկ նման դելիկատ հարցերում ոչ մի լրատվամիջոց «ազատ ոճ որդեգրելուց» առաջ պարտադիր հրահանգավորվում է համապատասխան կառույցից: Այս դեպքում haqqin.az-ի տեքստն, ամենայն հավանականությամբ, հեղինակվել է կամ Ադրբեջանի ԱԳՆ-ում, կամ Իլհամ Ալիևի աշխատակազմում:

Կարելի է զգուշորեն եզրահանգել, որ պաշտոնական Բաքուն առնվազն չի հերքում Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովի հավանականությունը: Բայց այստեղ, կարծես, գործ ունենք մի չափազանց կարեւոր խնդրի հետ:

ԱՄՆ նախագահը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին Վաշինգտոն է «հրավիրում», որպեսզի նրանք Սպիտակ տան Օվալաձև սենյակում տեսախցիկների առջև ստորագրեն «խաղաղության պայմանագրի» արդեն իսկ համաձայնեցված տե՞քստը, թե՞ մամուլի համար փակ բանակցություններում քննարկեն Մեղրիի անցուղու գործարկման հա՞րցը:

Բաքվի կիսապաշտոնական-իշխանամերձ լրատվամիջոցի հրապարակումից տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր գագաթաժողովի օրակարգում առաջնայինը Սյունիքում հաղորդակցության բացումն է:

Մինչդեռ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահն անոնսավորել է, որ Հայաստանը և Ադրբեջանը չափազանց մոտ են «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը: Տրամաբանական և օրինաչափ է, որ կողմերը նախ պետք է խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատեն, ապա անցնեն մյուս բոլոր հարցերի քննարկմանը:

Բայց Ադրբեջանի և նրա նախագահի դեպքում «անակնկալներից» ոչ մի երաշխիք չկա: Օգոստոսի 4-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի տարածքի միջդիրքային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ: