11/08/2025

Թե ինչպես ՋեյԼոն իր հետ տարավ «ՆարեկաԾինի» կուժը․ Լուսանկար

«ՆարեկաԾին» զադերի բրենդը ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես է ներկայացվել հայկական մշակույթը համաշխարհային մեգաաստղ Ջեյ Լոյին:

«Օրեր առաջ համագործակցության առաջարկ ստացանք seven_visions_resort-ից (շնորհիվ մեր լավ բարեկամներ Մարիամ Մարտիրոսյանի եւ Մելանյա Բաբայանի), որի շրջանակում նախատեսվում էր երգչուհուն հենց իր սենյակում նվիրել իրական հայկական զարդեր՝ հնամենի երկրի մշակույթը ճիշտ ներկայացնելու համար:

Մեր թիմը շատ արագ արձագանքեց առաջարկին եւ հաշված ժամերի ընթացքում  վարպետ Մհերը պատրաստեց Վան-Վասպուրականի շրջանի ազգային վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով:

Գիշերը՝ մինչ հյուրերի ժամանումը, սենյակում դրվեցին Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ  դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում):

Իհարկե երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ մեր ընտանիքի անբաժան մասնիկ ԿՈՒԺԸ…»:

Հավելենք, որ Ջենիֆեր Լոպեսը Երեւան էր ժամանել օգոստոսի 2-ին. նրա մենահամերգը, որը կազմակերպվել էր Doping Space ընկերության կողմից, կայացավ օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: