Ինչպես հայտնի է, մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն՝ համաձայն ԿԳՄՍՆ որոշման:
Այս համատեքստում, որպես հիմնավորում բերվում է այն հանգամանքը, որ շատ մարզերում (ըստ վերջին ցուցանիշների` 1-ին տեղում Սյունիքն է) դպրոցների 2/3-ը մինչեւ 100 աշակերտ ունի, իսկ, ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր սահմանային գյուղերը, որտեղ այսօր անվտանգային խնդիրներ են առաջացել, դպրոցներն ունեն փոքրաթիվ աշակերտներ, ըստ այդմ` ենթակա են օպտիմալացման։
«ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու մասին» ԿԳՄՍՆ թիվ 1790-Ա/2 հրամանում քարտեզագրված են բոլոր այն դպրոցները, որոնք մինչեւ 2026-ը ենթակա են միավորման: Այդ դպրոցների թիվը կազմում է 232, ամենաշատ միավորվող դպրոցները Սյունիքի մարզում են` 47, ամենաքիչը` Արարատի մարզում` 4:
Ինչպես տեղեկացանք, այդ ցանկում արդեն կան դպրոցներ, որոնք կա՛մ լուծարվել են, կա՛մ՝ միավորվել, օրինակ` Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը։ Մի քանի դպրոց փակվել է Շիրակի մարզում, Լոռու մարզի Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցը մինչեւ 100 աշակերտ ունեցող այն կրթօջախներից է, որոնք 2026-ին ենթակա են օպտիմալացման։
Դեռ ամիսներ առաջ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խոսքը ոչ թե փակման, միավորման, այլ նոր կրթահամալիրների, նոր ուսումնական հաստատությունների ստեղծման մասին է, որոնք կապահովեն այն ժամանակակից միջավայրը, որտեղ երեխաների կրթությունը շատ ավելի լավ կկազմակերպվի։
«Մենք նախագծերն արդեն ուսումնասիրել ենք, շատ լավն են, ունեն ենթակառուցվածքներ` մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, եւ դրանք միայն դպրոցի համար չպետք է օգտագործվեն, այլ նաեւ արտադպրոցական պարապմունքներ անելու համար, սպորտային, ժամանցային, երիտասարդական, մշակութային տարբեր միջոցառումներ էլ կարող են իրականացվել, որովհետեւ դրանք տվյալ համայնքի տարածքն են դառնալու` լավ ենթակառուցվածքներով, կահավորված, բոլոր պայմաններով, եւ, հետեւաբար, պետք է օգտագործվեն հնարավորինս շատ»,- մեզ հետ զրույցում նշել էր ԿԳՄՍ փոխնախարարն ու հավելել, որ ամբողջ հանրապետության մարզերի դպրոցներն արդեն քարտեզագրվել են:
Ոլորտի մասնագետները, սակայն, բարձրաձայնում են, որ կրթության որակի բարելավման անվան տակ հարված է հասցվում սահմանամերձ բնակավայրերի հատկապես փոքր գյուղական դպրոցներին, որոնք նախեւառաջ ազգային անվտանգության կարեւորություն ունեն, քանի որ դպրոցը գյուղի կենսական զարկերակն է, մինչդեռ այս որոշումը տանում է մեզ գյուղերը փակելու ճանապարհով:
Բաց մի թողեք
Վրաստանում ամենաշատը հայերենով ուսուցման սեկտոր ունեցող դպրոցներն են՝ թվով 130
Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը. Ուրալօղլու
Ձերբակալություններ Արմավիրի մարզի Նորավան գյուղի դպրոցում. մանրամասներ