08/09/2025

Իշխանության գործերը վաղուց լավ չէին, հիմա՝ ավելի կվատանան

Gallup  International Association-ի հարցումները՝ 2026 թ․ ընտրություններից ամիսներ առաջ, բավականին մռայլ պատկեր են արձանագրում իշխանությունների համար ու հերթական անգամ ի ցույց դնում Փաշինյանի գահավիժող վարկանիշը։

Հրապարակ թերթը գրել է․ Փոխարենը բարձրանում է ռուսաստանաբնակ գործարար, Փաշինյանի հրահանգով կալանավորված Սամվել Կարապետյանի նորաստեղծ շարժման վարկանիշը՝ կազմավորումից հետո մոտ 5 անգամ աճ գրանցելով։

GALLUP International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը նախօրեին ներկայացրել է օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։ Հարցվածների 13,4 տոկոսը պատրաստ է քվեարկել Կարապետյանի գլխավորած ուժի օգտին։ ՔՊ-ին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 17,3 տոկոսը, «Հայաստան» դաշինքին՝ 6,4 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 3,8, «Պատիվ ունեմ» դաշինքին (ՀՀԿ)՝ 3,4 տոկոսը։ Մյուս կուսակցություններն ու ուժերը 3 տոկոսից ցածր ցուցանիշ են գրանցել։ Միեւնույն ժամանակ, հարցվածների 71,5%-ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ, 56,8 %-ը բացասական է գնահատել Բագրատ եւ Միքայել սրբազանների կալանքը։

«Վաղուց կար նոր ուժի, նոր դեմքի, նոր կուսակցության պահանջարկը։ Այն, որ այս վիճակում, երբ Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը դեռ անգամ կուսակցություն չէ եւ ունի նման վարկանիշ, խոսում է հենց այդ պահանջարկի մասին եւ այն մասին, որ այդ ուժն աճելու ռեսուրս ունի, եթե սկսի աշխատել։ Հասարակությունն ավանդական ընդդիմությունից հիասթափված է ավելի շատ, քան իշխանությունից, եւ հիմա ձեւավորվում է ընդդիմադիր մի բեւեռ, որը կարող է միավորել ընդդիմության մնացած մասին»,- մեզ հետ զրույցում այս տվյալներն է վերլուծում ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի նախկին ղեկավար, ակադեմիկոս, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը։

Ըստ նրա, այս ֆենոմենն արդեն դրսեւորվել է Գյումրիում, որտեղ իշխանությունը պարտվեց հավաքական ընդդիմությանը։ Թեեւ այս պահին իշխանությունների վարկանիշն ավելի բարձր է, բայց ընդդիմադիր ուժերի վարկանիշը` միասին վերցրած, գերազանցում է նրան։ Սա, Գեւորգ Պողոսյանի խոսքով, ցույց է տալիս, որ իշխանությունը վերարտադրվելու համար ստիպված է լինելու դիմել այն մեթոդներին, որոնք Փաշինյանը նախկինում քննադատում էր՝ ընտրախախտումներից մինչեւ ընտրակաշառք ու լցոնումներ։
«Իշխանության գործերը վաղուց լավ չէին, հիմա նոր ուժ է ի հայտ եկել, եւ նրանց գործերը կարող են ավելի վատանալ»,- ասում է մեր զրուցակիցը։ Իսկ այն, որ հարցվածների 70 տոկոսից ավելիի կարծիքով Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նրա գնահատմամբ, ցույց է տալիս մեկ բան՝ իշխանությունը կա՛մ չի հասկանում, թե ինչ է անում, որովհետեւ սեփական գործողություններն աշխատում են իր դեմ, կա՛մ այնքան է վախեցած, որ դիմում է ցանկացած միջոցի։

«Այդ քայլերը Սամվել Կարապետյանի հերոսացման համար են աշխատում, նույնը կարող ենք ասել նաեւ սրբազանների դեպքում, երբ ոչ մի լուրջ մեղադրանք տակը չկա, եւ մարդիկ դա հասկանում են»,- բացատրում է սոցիոլոգը։ Հետաքրքիր պատկեր է արձանագրվել նաեւ վաշինգտոնյան հռչակագրի՝ հանրային ընկալումների մասով։ Հարցվածների 34 %-ը բացասական վերաբերմունք ունի, 13,6 %-ը՝ ավելի շուտ բացասական, լիովին դրական՝ 22,8 %-ը, ավելի շատ դրական` 19,3 %-ը։ Սյունիքով Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհի տրամադրումը հարցվածներ 47,6 %-ը բացասական է գնահատում, 11,3 %-ը՝ ավելի շուտ բացասական, եւ միայն 17,4 %-ը՝ լիովին դրական, իսկ 18,1 %-ը` ավելի շուտ դրական։
Մեր զրուցակիցն ասում է՝ հասարակության գերակշիռ մեծամասնությունն ընդհանրապես չի կարդացել ստորագրված փաստաթղթերը, եւ անգամ չկարդալու պարագայում վերաբերմունքը բացասական է, ինչը վկայում է իշխանության նկատմամբ անվստահության մասին։ Դրան, ըստ Պողոսյանի, նպաստում են հենց իշխանությունները՝չպարզաբանելով ու չմանրամասնելով ստորագրված փաստաթղթերը։ «Չխոսելով այդ մասին՝ նրանք բարձրացնում են անվստահությունը, որովհետեւ, եթե թաքցնելու բան չունեն, ամբողջությամբ բոլոր տեքստերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկները, պետք է հրապարակեին»,- շեշտում է նա։ Գեւորգ Պողոսյանը մի կարեւոր փաստի վրա էլ է ուշադրություն հրավիրում՝ գործ ունենք հեռախոսային հարցումների հետ, ինչը մարդկանց մոտ նույնականացվելու մտավախություն է առաջացնում, ուստի, եթե հարցումն իրականացված չլիներ հեռախոսով, իշխանության անվստահության պատկերը կրկնակի-եռակի կլիներ։

Սոցիոլոգի խոսքով, լուրջ թիվ են կազմում հասարակության չկողմնորոշված շերտերը, եւ ընդդիմության աշխատանքի թիրախը հենց նրանք պետք է լինեն։ Մյուս կողմից` միայն անվտանգային խնդիրների, Արցախի կորստի շեշտադրումը բավարար չէ, թիրախում պետք է լինեն նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ «Համենայնդեպս, այսօր միայն Ղարաբաղի խնդիրը չի ընկալվում, գուցե 5 տարի հետո այլ պատկեր ունենանք։ Խաղաղության դիսկուրսը դուր է գալիս մարդկանց, բոլորն ուզում են, որ պատերազմ չլինի, բայց լինի արժանապատիվ, հանգիստ խաղաղություն։ Մարդկանց դժգոհությունը ոչ միայն անվտանգային դաշտում է, այլեւ սոցիալ-տնտեսական, եւ Սամվել Կարապետյանի դերակատարումն այստեղ մեծ նշանակություն կարող է ունենալ։ Մարդիկ նրան ընկալում են որպես մեծ գումարների տեր մարդ, որը գալիս է ոչ թե օգուտ քաղելու այս խեղճուկրակ հանրապետությունից, այլ ներդրումներ անելու, որ զարգացում ապահովի, այսինքն՝ զարգացման դիսկուրս պետք է լինի»,- եզրափակում է Գ. Պողոսյանը։