27/09/2025

Վալոդիայի հաղթանակը մնացել էր իշխանության կոկորդին

Դագաղներով իշխանության եկած քայլիստների ձեւավորած մթնոլորտի հերթական զոհը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն էր, որի միակ «մեղքը» ընտրված լինելն էր։

Հրապարակ թերթը գրել է․ Համայնքը նրան 2 անգամ էր ընտրել՝ 2021 եւ 2025 թվականներին։ 2021-ին, սակայն, իշխանությունն ամեն ստոր քայլի գնաց, որ Վալոդյա Գրիգորյանը չստանձնի պաշտոնը։ Իրենց հատուկ ոճով խլեցին հաղթանակը եւ հանձնեցին ՔՊ ավազակախմբի երկու անդամին՝ ռոտացիոն կարգով ղեկավարելու համար։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ՔՊ-ական 2 ղեկավարն էլ` թե՛ Դավիթ Մինասյանը, թե՛ Լյուդվիգ Գյուլնազարյանը ապացուցեցին, որ համայնք ղեկավարելու արժանի չեն, եւ տարբեր հանցանքներ կատարելու համար երկուսն էլ ավարտին չհասցրին պաշտոնավարման իրենց ժամկետը, որից հետո Փարաքարում նորից ընտրություն նշանակվեց՝ արտահերթ։ Այս անգամ էլ Վալոդյա Գրիգորյանը հաղթեց ՔՊ-ին`ջախջախիչ պարտության մատնելով: Բայց չհասկացավ, որ հաղթանակն իրեն չէր ներվելու։

Հիմա որքան էլ ՔՊ-ն` իր ղեկավարով, փորձում է սպանությունը փաթեթավորել վենդետայի անվան տակ, համայնքի բնակիչները չեն հավատում դրան։ Ասում են՝ Վալոդյան թշնամիներ չուներ, ուներ քաղաքական հակառակորդներ։ «Հաղթանակը կոկորդներին էր մնացել։ Կեղտ էին ման գալիս, որ վարկաբեկեին տղուն։ Ավագանու վերջին նիստերից մեկին Վալոդյան չէր մասնակցել, համայնքի համար ինչ-որ կարեւոր գործերով պայմանավորվածություն էր ունեցել, չէր հասցրել ներկա լինել։ ՔՊ խմբակցությունն իրեն կոտորում էր, Գրիգորյանից հաշիվ էր պահանջում՝ չմասնակցելու համար… Թող Ախտոյանի տան բակում տեղի ունեցած սպանությունը չկապեն իրեն։ Այդ թեման վաղուց իրավապահների դաշտում է, իսկ եթե արյունն արյունով լվանալ էր պետք, դա հաստատ Վալոդյայինը չէր։ Նա քաղաքականության զոհ է»,- ասաց Գրիգորյանների ընտանիքի բարեկամը։

Որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական է, կամա թե ակամա՝ բացահայտել է նաեւ կարկառուն ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը։ «20 տարի առաջ օրը մեկ քաղաքական սպանություն էր լինում»,- ասել է նա՝ ըստ ամենայնի թափանցիկ ակնարկ անելով ընդդիմությանը, որ չհամարձակվեն աչք դնել նույնիսկ ամենափոքր պաշտոնի վրա, չփորձեն իրենց հետ ոտք մեկնել եւ լուրջ ակնկալիքներ չունենան առաջիկա ընտրություններից։

Իսկ առաջիկայում Վաղարշապատի ընտրություններն են, որն ինչ-որ առումով ցուցիչ է լինելու 2026-ի համար։ Վաղարշապատում ՔՊ-ի վախն ու անհանգստությունն այս պահին կապված են Սեւակ Խաչատրյանի թեկնածության հետ, որի դեմ վաղուց են արշավ սկսել։ Բայց հիմա ճիշտ պահն է, որ ընդդիմությունը ցուցադրի իր կամքն ու վճռականությունը` մասնակցելու, հաղթելու եւ երկրում իշխանափոխություն իրականացնելու:

Արեգ Մարգարյան