ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի երբեմնի տեղակալ, իրավաբան Արմեն Ռուբենի Սաքապետոյանը, նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ Մարիաննա Մկրտչյանը, Արեգ Ռուբենի Սաքապետոյանը և Հայկ Արմենի Սաքապետոյանը, հրավիրվել են դատախազություն։
Արմեն Սաքապետոյանին պատկանող գույքի վերաբերյալ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կատարվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր, իսկ նրան փոխկապակցված անձանց գույքը, ըստ հրապարակված ծանուցագրերի, ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրերի հիման վրա հանդիսանում է բռնագանձման առարկա։ Նշենք, որ հիշյալ անձինք պետք է դատախազություն ներկայանան ապրիլի 22-ին։
Նշենք, որ Արմեն Սաքապետոյանը իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսին։ Նա «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ է։ Հատկանշական է, որ 2023 թվականին կառավարությունը հաստատեց «Յու էմ Ագրո» ՍՊԸ-ի ներդրումային ծրագիրը, որի բաժնետերերն են Արմեն և Արեգ Ռուբենի Սաքապետոյանները։ Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ գյուղերում սեփականության իրավունքով իրեն պատկանող 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում հիմնել նուշի ինտենսիվ այգիներ և խոշոր ֆերմերային տնտեսություն։ Ընկերության կողմից ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալը կազմում է 1.6 մլրդ։
Հատկանշական է, որ 2020-ին Սաքապետոյանը, որը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի «շահառու»-ի կարգավիճակ ունի, հարցազրույց էր տվել կայքերից մեկին և հայտարարել՝ հիշյալ օրենքը ներդրումների վրա ուղղակի ազդեցություն չի ունենա, քանի որ վերաբերում է անցած ժամանակահատվածին: «Բերեմ մի կոպիտ օրինակ. ենթադրենք, ես ՌԴ-ում հարկերից խուսափելով՝ ակտիվներ եմ ձեռք բերել, հետո եկել եմ, ՀՀ-ում մի հատ շենք եմ կառուցել, այսօր եթե գան, ինձ ասեն՝ այդ փողերը քեզ որտեղի՞ց, ես դրանց ծագումը չեմ կարողանալու ասել, դա առաջացնելու է խնդիր, և իմ ձեռքից վերցնելու են, եթե, կրկնում եմ, իմ փողերի ծագումը չկարողանամ հիմնավորել: Սա արդեն իմ ընկերոջ մոտ, որը պոտենցիալ ինվեստոր է, մտավախություն է առաջացնելու՝ ես իմ փողը ո՞նց տանեմ, դնեմ այնտեղ, եթե անգամ դա կիսաանհայտ ծագման փող է կամ՝ կիսաօրինական:
Այսինքն՝ հետո իրեն ասելու են՝ այդ փողը քեզ որտեղի՞ց: Դրա համար եմ ասում, որ օրենքն անուղղակի ազդեցություն է ունենալու ներդրումների վրա»:
Բաց մի թողեք
Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներով իրար վրա են քշել, հնչել են կրակոցներ․ Լուսանկար
Ձերբակալվել է Տիրան Խաչատրյանը` առաջադրված մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների. մանրամասներ
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը