28/09/2025

Պարզվել է, Մերձավանում սպանություն կատարած խմբի մյուս անդամի ինքնությունը, 20-ամյա երիտասարդ է․ ՔԿ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։

Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարող անձին:
Շարունակելով ՆԳՆ աշխատակիցների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարարող անձը 20-ամյա  Գեւորգն է,որը դեռեւս 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակիցն է եղել։