16/10/2025

Դեռ ամոթաբար ասում է՝ ինչու ենք մեր երեխաներին ուղարկել Ադրբեջանի տարածք ծառայելու

Երեկ անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը` Արսեն Ղուկասյանին, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, կալանավորեցին մեկ ամիս ժամկետով:

Հրապարակ թերթը գրել է․ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ եւ ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը եւ Ապիջան Սարգսյանը: Ապիջան Սարգսյանը ստորագրություն է տվել չբացակայելու մասին:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները տեւական ժամանակ ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, սակայն նախարար Սուրեն Պապիկյանն իր պատվից ցածր համարեց ընդունել եւ լսել վերջիններիս, պատասխանել նրանց հարցերին: Առհասարակ, ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներն այս տարիների ընթացքում այնքան են մեծամտացել, որ անգամ մարդկանց լսելը, կարեկցելն այլեւս իրենց արժանապատվությունից վեր են համարում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2018-ին Հանրապետության հրապարակում ճիշտ հակառակն էր խոստանում հանրությանը:

Վերին Շորժայի դիրքերում պատերազմի ժամանակ անհետ կորած, ապա դին հայտնաբերած Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժ Ղազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով զոհվածների հարազատների նկատմամբ այս հետապնդումներին եւ իշխանությունների կեցվածքին, նկատեց. «Էնքան ստոր են սրանք դարձել այսօր, որ այնքան ձգձգեցին անհետ կորածների հարցը, որ մարդիկ սկսեցին ուրախանալ իրենց տղերքի դիերի վրա, ուրախացան, որ գոնե դի ունեն…. կարող են գերեզման ունենալ:

Նախորդ տարի, երբ աճյուններ էին հանձնում ծնողներին, ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ էր կատարվում: Սրանք այնքան ստոր ու լկտի են, որ մեկ անգամ չխոսեցին անգամ սեպտեմբերյան ագրեսիայի մասին, թե ինչպես Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա: Ոչ մեկը այսօր չի ակնարկում դրա մասին: Ես` որպես ծնող, շատ հարցեր ունեմ սրանց: Մինչեւ անցած տարի իմ տղայի գործը քննչական մարմինների սեղանին դրված էր: Այսքան ժամանակ է անցել. ո՞վ դատվեց, ո՞վ պատասխան տվեց` ոչ մեկը:

Իրավապահ մարմիններին հրահանգել են, որ ոնց ուզեն, էնպես էլ շարժվեն, ինչ ուզեն` անեն: Բայց ինչքա՞ն կարելի է մեր նյարդերի հետ խաղալ, ի վերջո՝ մարդ են, չէ՞: Հիմա էլ կալանքի են տանում պայքարող ծնողներին: Ես իմ տեղը, իմ հասցեն կարող եմ հրապարակել, թող գան ինձ հետ բանավիճելու: Ես կրթված մարդ եմ, ամեն ինչ հասկանում եմ, թող ինչ-որ պաշտոնյա գա ինձ հետ բանավիճելու: Նրանց տասը հարց ունեմ, եթե այդ տասը հարցից ռեալ կարողանան գոնե 7-8 հարցին պատասխանել, ես նրանց կդնեմ իմ ուսերի վրա եւ ամբողջ Երեւանով ման կտամ: Թե չէ՝ մարդկանց կալանավորելով ի՞նչ են ուզում ասել: Ո՞րն է դրա նպատակը: Քահանաներից ու բարեգործներից պրծան, հիմա անցել են անհետ կորած զինվորների ծնողների՞ն: Մինչեւ ո՞ւր են գնալու այսպես:

Նեղվո՞ւմ են, որ պաշտպանության նախարարության մոտ ակցիա են անում, բա ի՞նչ անեն: Առողջ տղերք ենք տվել իրենց, պահել, մեծացրել ենք, առայսօր ո՛չ դիակ են տվել մեծ մասին, ո՛չ էլ հստակ բան են ասում, ամեն ինչ անհայտ է: Այ քեզ բան, այսօր նույնիսկ մի փոքր միջադեպի դեպքում տանում՝ մարդկանց դատում են, բա մարդն իր տղային պահել-մեծացրել է, տվել է բանակին, ու նման անորոշ վիճա՞կ: Ու դեռ անամոթաբար Փաշինյան կոչեցյալը հայտարարում է, թե ինչո՞ւ ենք մեր երեխաներին ուղարկել Ադրբեջանի տարածք: Ես դրա եղած-չեղածը…. չեմ ուզում բերանս բացեմ, էնպիսի խոսքեր ասեմ, որ չկարողանաք գրել: Փորձեմ մտքերս գեղեցիկ ձեւարկերպել:

Այդ նույն Փաշինյանն ինչո՞ւ չի խոսում սեպտեմբերյան մարտերի մասին, ինչո՞ւ չի ասում, որ ադրբեջանցիները հասել են Ջերմուկ, Վերին Շորժա, 6 կիլոմետրով, 4 կիլոմետրով, 2 կիլոմետրով ադրբեջանցիները մեր տարածքում առաջ են եկել: Ինչո՞ւ նահանջի հրաման չտվեց, որ գոնե տղաները հետ գային, հետո նախահարձակ ճանապարհով մեր դիրքերը հետ վերցնեին: Էս տականքն էդքան գաղափար էլ չունի, չի հասկանում ոչ մի բանից: Գոյություն ունի ռազմական տակտիկա, ես՝ ինքս, ծառայել եմ, տիրապետում եմ այդ ամենին: Նման անգրագետ դեբիլին ո՞նց են նշանակել պաշտպանության նախարար: Ստորաբար ասում են՝ 114 զոհ են տվել տվյալ ժամանակահատվածում, բայց ես հստակ գիտեմ, որ զոհերի թիվը սեպտեմբերյան մարտերին 200-ից ավելի է եղել:

Պատկերացնո՞ւմ եք` իմ տղային ես մի կերպ, իմ ուժերով եմ գտել, ու հենց նրա ծննդյան օրը հուղարկավորությունն է եղել…. դա ինձ համար կրկնակի ցավ է, ոչ մեկին չեմ ցանկանա այդ ցավը: Պետությունն ինձ «նվեր արեց», իմ որդու ծննդյան օրը նրա թաղումն էր` նոյեմբերի 7-ին: Սարսափելի բան է»: