Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր բողոքի նոտա է հղել ռուսական կողմին՝ Ռուսաստանի կառավարության և Հայաստանի կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասով։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով թեմայի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկմանը, թե ռուսական հեռուստաալիքներով շարունակում են վիրավորական արտահայտություններ հնչել։
«Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին», – նշեց Հայրապետյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից այդ խախտումների վերաբերյալ գրություն են ստացել, իրենք ևս անցկացրած խորհրդակցությունից հետո արձանագրել են, որ խախտումները տեղի են ունեցել։
«Բավականին զգայուն հարց է, մենք պետք է առիթ չտանք, որ տարատեսակ խմբերի կողմից հարցը քաղաքականացվի, որովհետև այստեղ անիմաստ է փնտրել քաղաքական ենթատեքստեր, ես իմ կողմից նամակ եմ ուղարկել իմ ռուս գործընկերոջը՝ Կապի և թվային զարգացման նախարարին՝ առաջարկելով անհապաղ կոնսուլտացիաներ անցկացնել։ Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն այդ համաձայնագրին հավատարիմ են, բայց խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին, արդյոք վերախմբագրելու անհրաժեշտություն չունի», – հավելեց պաշտոնյան:
Բաց մի թողեք
ՔՊ-ի գաղափարաքաղաքական սնանկությունը
Ռուսաստանի սպառնալիքը տարաձայնությունների հաղթահարման խթան կդառնա՞
Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ