27/10/2025

Հիմա էլ՝ «Մարտունակ բանակ» հասկացողությունն են ուզում փոխել

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերը զարգանում են ոչ միայն տեխնիկապես, այլև գաղափարական մակարդակով։

Նրա խոսքով՝ այժմ ուշադրությունը կենտրոնացած է ոչ միայն բանակի հզորացման, այլ նաև դրա հայեցակարգային հիմքերի վերանայման վրա։

Փաշինյանը ընդգծեց, որ հայկական բանակը գործում է բացառապես Հայաստանի միջազգայնորեն ճանաչված և ինքնիշխան տարածքի սահմաններում, և այդ տարածքից դուրս որևէ խնդիր լուծելու նպատակ չունի։

Նա առաջարկեց փոխել «մարտունակ բանակ» ձևակերպումը՝ այն փոխարինելով «պաշտպանունակ բանակ» հասկացությամբ։ Վարչապետի խոսքով՝ սա կարևոր է, քանի որ բանակի հիմնական առաքելությունը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքացիների անվտանգության պաշտպանությունն է։

Փաշինյանը հավելեց, որ այս նոր մոտեցումը նպաստում է խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի պաշտպանական համակարգը։