Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոն»-ի (CIDOB) կողմից կազմակերպված՝ լրագրողների և փորձագետների Հայաստան այցի մասնակիցներին: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության, զարգացման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությանը:
Նախարար Միրզոյանը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՀՀ տեսլականը, որն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում և որի կարևոր բաղադրիչ է «Թրամփի ուղին»:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան: Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման, տնտեսական, մարդկանց միջև կապերի ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղություններով։
Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերի շուրջ, ինչի կապակցությամբ նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց արդյունավետ հաղթահարման հարցում ՀՀ մոտեցումները:
Նախարար Միրզոյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող այլ հարցերի:

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում