30/10/2025

Բանակային ժամկետի կրճատման հիմքում հաշվարկներ չկան. զուտ որոշում

«Այսօր ՀՀ Կառավարությունը կհաստատի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին նախագիծը։ Սա ՔՊ-ի նախընտրական հերթական PR նախագիծն է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իհարկե, գործադիրը հղում է անում ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:

Բայց իրականում նախընտրական տարվան շեմին ՔՊ-ն որոշել է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով այն 18-ամիս:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Այսինքն՝ 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած զինվորները կծառայեն մեկուկես տարի:

Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ՔՊ-ն փակ հանդիպում էր ունեցել, որից հետո ինչպես ակնհայտ դարձավ, Կառավարությունը հրատապ կերպով հավանություն կտա նախագծին։

Թե ծրագրային ինչ ենթատեքստ ունի այս նախագիծը, հայտնի չէ, ինչ հաշվարկ է կատարվել՝ պարզ չէ, միայն հայտնի է, որ ՔՊ-ն քաղաքական որոշում է կայացրել բանակի ժամկետը կրճատել: Մասնագետներն ահազանգում են, որ այս քայլը հանգեցնելու է լուրջ խնդիրների»։