31/10/2025

Պիտի հսկեին, որ արյունահեղությունը չլիներ, հիմա հսկում են, որ ինչ

2025 թ․ սեպտեմբերի 23-ին Մերձավան գյուղում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակից Կարեն Աբրահամյանը։

Հրազենային ծանր վնասվածք էր ստացել նաեւ երրորդ անձը` Արծրուն Գալստյանը, որի կյանքը հաջողվեց փրկել։ Հանցագործությունը, հիշեցնենք, կատարվել էր բաց տարածքում․ մի անձ մոտեցել էր մեքենայի մոտ կանգնած երեք անձանց եւ կրակահերթ բացել նրանց ուղղությամբ, սպանել երկուսին, վիրավորել` երրորդին։

Տեղում մահացածը համայնքի ղեկավարն էր, որն ընդամենը մի քանի ամիս առաջ փայլուն հաղթանակ էր տարել ընտրություններում՝ պարտության մատնելով իշխող ՔՊ կուսակցությանը։ Այս դաժան սպանությունը փոթորկեց երկիրը, մարդիկ սկսեցին մեղադրել իշխանություններին՝ իրենց հակառակորդներին նման եղանակով հեռացնելու, երկրում կրիմինալ մթնոլորտ ձեւավորելու, քաղաքացիների պաշտպանված չլինելու համար։ Սպանության դեպքով քրեական գործ հարուցվեց, մի քանի օրից կալանավորվեցին Մերձավանի բնակիչներ` Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը:

Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, մյուս կալանավորվածը՝ Օհանյան եղբայրների ընկերը: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գեւորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: Սպանությունից հետո Մերձավանում կրքերը ոչ մի կերպ չէին հանդարտվում, օրեր անց կրկին տեղի ունեցան անկարգություններ եւ ծեծկռտուք՝ հնարավոր վրեժխնդրության կամ հուզական ֆոնի վրա։ Այդ դեպքն իրավապահների կողմից գնահատվեց որպես խուլիգանություն։ Միմյանց հետ ծեծկռտուքի մեջ էին մտել Մերձավանի 2 կլանները՝ Ախտոյանները եւ Գրիգորյանները, ձերբակալվել էր ամեն կողմից 7 անձ, սակայն նրանցից միայն 3-ի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, եւ միայն մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ «Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»,- մեզ հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ի դեպ, տեղեկացանք, որ երեք մեղադրյալներն էլ Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցներն են։ Իրավապահները հոկտեմբերի 8-ին Մերձավանում մեծամասշտաբ խուզարկություններ էին իրականացրել՝ 30-ից ավելի հասցեում։ «Վերջին սպանություններով պայմանավորված՝ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- նշել էին ՆԳՆ-ից։ Խուզարկությունները կատարվել էին սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում եւ կապ չունեին Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի հետ։ Ըստ ամենայնի, իշխանությունը հիմա փորձում է պաշտպանել մյուս ճամբարի ներկայացուցիչներին, որ վենդետան շարունակություն չունենա։ Այս վարույթի շրջանակում մեկ անձ է ձերբակալվել, որի տնից զենք էին հայտնաբերել։ Ձերբակալված միակ մերձավանցուն բաց են թողել։

Արձանագրենք, որ Մերձավանի հետ կապված՝ այժմ կա 3 քրեական վարույթ՝ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ սպանության, խուլիգանության եւ սպանության նախապատրաստման հատկանիշներով։

Երկու շաբաթ առաջ էլ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա էին արել Մերձավանում՝ պահանջելով, որ Ախտոյանները հեռանան համայնքից։ Համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել, մտադիր էին դիմել կառավարությանը, որ Ախտոյաններին թույլ չտան ապրել Փարաքարում։

Մերձավանցիների խոսքով՝ միայն ոստիկանության ներկայությունը բավարար չէ, պետք է ՔՊ-ականի ընտանիքը հեռանա, որ համայնքում մթնոլորտը հանդարտվի։

Սպանված Վալոդյա Գրիգորյանի հորից՝ Լեւոն Գրիգորյանից, «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ մթնոլորտ է այժմ գյուղում։ Նա ասաց, որ տեղյակ չէ, տնից դուրս չի գալիս, այցելում է որդու գերեզմանին ու վերադառնում տուն:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Ախտոյաններին գյուղից հեռացնելու պահանջին։ «Թող ապրեն, էլի, ո՞վ ա ասել՝ չապրեն, ո՞վ ա ստիպել իրենց»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ հոր կարծիքով որդու սպանությունը բացահայտվա՞ծ է։ «Սպանությունն ինձ համար որոշ չափով է բացահայտված, պետք է բացահայտեն՝ ով է հրահանգել, ով է կազմակերպել, ես ոչ մի հարցով չեմ հետաքրքրվել, տեղյակ չեմ»։

Նաեւ նշեց, որ գյուղում անընդհատ պարեկներ են շրջում՝ հերթապահող․ «Ոստիկանական աշխատողներ կան։ Պետք է հսկեին, որ այս արյունահեղությունը չլիներ, հիմա հսկում են՝ որ ի՞նչ»։