Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման է դրված «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Հրապարակ թերթը գրել է․ Նախագիծը սահմանում է ՀՀ բնակչության հաշվառման միասնական կարգը՝ հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այն ներառում է ՀՀ տարածքում եւ Հայաստանից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված հարցերը։ Հաշվառումն իրականացնելու է Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը։
Փաստաբան Սոսե Չանդոյանը «Հրապարակի» հետ զրույցում այս նախագծի մասին ասաց, որ ուսումնասիրել է այն։ «Առաջին հայացքից տպավորություն է, թե նմանօրինակ փոփոխություններով հեշտացվում են ՀՀ տարածքում եւ դրանից դուրս բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները, սակայն դա հերթական խաբկանքն է՝ համակարգի թվայնացման անվան տակ:
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ ոչ բոլորն ունեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, որոնց միջոցով էլ անձինք կարող են օգտվել նշված համակարգից՝ վառ օրինակ է չհաջողված հայտարարագրման գործընթացը: Անցում կատարենք նախագծին առնչվող իրավական խնդիրներին: Այսպիսով, կետերից մեկով նշված է, որ անձի հաշվառումն իրականացվելու է՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնությունից: Այս ձեւակերպման մեջ առկա է իրավական անհստակություն, որն էլ իր հերթին տարակարծությունների եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալու: Խոցելի ձեւակերպումն ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք»։ Սա նշանակում է, որ անձի՝ օրինական ճանապարհով ձեռք բերված սեփականություն համարվող գույքին վերաբերելի ցանկացած գործողություն թույլատրելի է սեփականատիրոջ իմացությամբ եւ աջակցությամբ, հակառակ պարագայում այլ անձանց կողմից կատարվելիք բոլոր գործողությունները հակասահմանադրական են եւ վիճարկելի: Կիրառվելիք մեխանիզմն ամենաուղիղ ձեւով հակասում է մարդու իրավունքներին եւ զուրկ է իրավական հիմքից, այն պարտադիր կերպով պետք է փոփոխվի»,- ասաց փաստաբանը:
Չանդոյանը նկատում է․ ցավալի է, սակայն փաստ, որ մեր երկրում գործում է «կամ-կամ»-ի մեթոդաբանությունը, այլ ոչ թե «եւ-եւ»-ի: Նման անցումները կտրուկ են եւ հայաստանյան իրականության մեջ մեծամասամբ պրակտիկորեն ոչ կիրառելի: «Տպավորություն է, որ 2026-ին կայանալիք ընտրություններից առաջ փորձում են անհասկանալի մեխանիզմներ կիրառել, իսկ թե որը կլինի դրանց հետեւանքը, կարծում եմ՝ դժվար չէ գուշակել: Չեմ կարծում, որ այս խորամանկ ձեւակերպումը պարզապես թափթփված աշխատանքի հետեւանք է, չէ՞ որ խոսքը ոչ թե համապատասխան մարմինների կողմից վերահսկողության՝ հաշվառված անձանց ցուցակագրման կամ ընտրություններից առաջ ընտրողների ցուցակների ճշգրտման, վերանայման մասին է, այլ հենց բուն գործընթացի»,- շեշտեց Սոսե Չանդոյանը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ սա տարբեր մանիպուլյացիաների առիթ տվող նախագիծ է, ու միայն ենթադրությունների մակարդակով կարելի է ինչ-որ բաներ ասել, ամենայն հավանականությամբ, փորձում են հասկանալ՝ կարո՞ղ են արդյոք այս նախագիծն անցկացնել, թե՝ ոչ: Իսկ նախագիծն անհանգստություն ու բազմաթիվ հարցեր է առաջացրել հանրության շրջանում, քանի որ հասկանալի չէ, թե արդյոք ինքնակամ ու առանց սեփականատիրոջ նրա բնակարանում կամ տանը հաշվառվող մարդիկ ազդելո՞ւ են այդ տան սեփականատիրոջ իրավունքների վրա, թե՝ ոչ: Իսկ շատերը կարծում են, որ սա ընտրություններից առաջ հապշտապ ընդունված նախագիծ է, որով ՔՊ-ն տարատեսակ մարդկանց առցանց կարող է գրանցել տարբեր հասցեներում եւ ապահովել իր օգտին քվորում: Այնինչ, նախագծով հասկանալի չէ, թե առցանց կոնկրետ որեւէ հասցեում հաշվառվող անձի մասով վերահսկողություն իրականացվելո՞ւ է արդյոք, թե՞ ոչ: Օրինակ, թաղային ոստիկանն արդյոք ստուգելո՞ւ է, թե այս հասցեում առցանց եղանակով գրանցված քաղաքացին իսկապես այդ հասցեում բնակվում է, թե՝ ոչ: Շատերին հուզում են նաեւ գրանցված եւ հաշվառված լինելու տարբերությունները․ իրավաբանները պատասխանում են՝ նույն բանն է, եւ հավելում, որ այս նախագիծը թերի է, եւ բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում:







Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ի աստղագուշակ․ Հավանական են կյանքի շատ ոլորտներում դեպի լավը փոփոխություններ
Փաշինյանը կիսատ ծրագիրը, որպես ավարտուն է ներկայացրել
Լոռու մարզում արդեն նախընտրական կաշառք են բաժանում