08/11/2025

Հայաստանի 71 համայնքներից 37-ը ղեկավարում են ՔՊ-ականներ, 12-ը՝ այլ կուսակցություններից․ ովքեր են նրանք

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո հնչում էին հայտարարություններ, թե իշխանությունները ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրում, քրեական գործեր են հարուցում, իսկ իշխանական համայնքապետերը մնում են ստվերում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ովքեր են Հայաստանի բոլոր 71 համայնքների ղեկավարները ու որքան համայնքապետ, ինչ քրեական գործերով են անցնում։

Այսպես, 71 համայնքներից 37-ում համայնքը գլխավորում են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ներկայացնող համայնքապետեր, մյուսները կա՛մ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են, կա՛մ անկուսակցականներ։

Այդ 37 համայնքապետերի թվում կան անձինք, ովքեր իրենց կյանքի նախորդ շրջանում պատկանել են ժամանակի կառավարող ուժին, օրինակ՝ ՀՀԿ-ին, սակայն այժմ ներկայանում են որպես ՔՊ անդամներ։  Նրանցից ոմանք այլ կուսակցությունների անդամներ են եղել։

Այսպես, Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է որպես «Հանրապետություն» կուսակցության թեկնածու, սակայն հետագայում դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ՝ 2021 թ․ դեկտեմբերին որպես ՔՊ-ական մասնակցելով Թալին համայնքի ղեկավարի ընտրություններին։

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որը համարվում է ՔՊ-ի ներկայացուցիչ (ընտրվել է ՔՊ ցուցակով), ըստ համայնքապետարանի կայքէջի, անկուսակցական է։ Նա ՀՀԿ նախկին անդամ է, և այդ կուսակցության կայքէջում նրա անունը դեռ նշված է որպես Շնող գյուղի ղեկավար։

Թեպետ համայնքապետարանի պաշտոնական կայքէջում Վայոց Ձորի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը անկուսակցական է, 2022 թ․ նա այս համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ցուցակով։

Արտապատկերումը՝ Սահակյանի ֆեյսբուքյան էջից:

Այս պաշտոնյան քաղաքական այլ միջավայր է ունեցել մինչև 2022-ի ընտրությունները․ ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ նա ևս նախկին ՀՀԿ-ական է, 2017 թվականին առաջադրվել է, որպես Արենի համայնքի ղեկավար այդ կուսակցության կողմից։

Արտապատկերումը՝ ԿԸՀ պաշտոնական կայքից:

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը ևս նույն հետագիծն ունի․ ավելին, նա եղել է «Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին՝ ՕԵԿ) անդամ, 2017-ին լքում է այս կուսակցությունը, դառնում ՀՀԿ-ական, սակայն կարճ ժամանակ անց 2021 թվականին ՔՊ-ի հովանավորությամբ դառնում է Գյուլագարակի ղեկավար։

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց, որից հետո նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայանալու են ավագանու ընտրություններ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող մյուս համայնքապետերի նկատմամբ, ճիշտ է, քրեական վարույթներ չկան, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) շահերի բախման հիմքով վարչական վարույթի է ենթարկել նրանց՝ տուգանելով հարյուր հազարավոր դրամներով։

Օրինակ՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ԿԿՀ-ն տուգանել է երկու անգամ՝ հայտարարագրերում սխալներ թույլ տալու և շահերի բախման երևույթ բացահայտելու համար։

Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ ԿԿՀ-ն վարույթ է նախաձեռնել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման և վերջինիս գործողություններում շահերի բախման առկայության հիմքով։ Ավելին, ԿԿՀ-ն դիմել է համայնքի ավագանուն՝ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի լիազորությունների դադարեցման հարցը քննության առնելու նպատակով, սակայն ավագանին հայտնել է, որ Մաթևոսյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնեական լիազորությունների դադարեցման հարց չի դիտարկում։ Արդյունքում համայնքապետը պաշտոնավարում է մինչ օրս։

Նկատենք, որ ԱլավերդիիԴիլիջանի, ԻջևանիԱխուրյանիԱրթիկիՀրազդանիԱրտաշատիԱշտարակի ՔՊ-ական համայնքապետեր Դավիթ ՂումաշյանըԴավիթ ՍարգսյանըԱրթուր ՃաղարյանըԶավեն ՄանուկյանըԱնանիկ ՈսկանյանըՍևակ ՄիքայելյանըԿառլեն ՄկրտչյանըԹովմաս Շահվերդյանը ևս տուգանվել են ԿԿՀ-ի կողմից՝ շահերի բախման դեպքի բացահայտման պատճառով։

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, որը նախկին ՀՀԿ-ական էր և 2022-ին ընտրվել է ՔՊ-ի ցուցակով, մեղադրվում է գույքի հափշտակության և պաշտոնական կեղծիքի համար, և այժմ դատական նիստեր են ընթանում։

22 համայնքապետ համայնքապետարանների պաշտոնական կայքէջերում ներկայանում է անկուսակցական՝

  • Ջեմմա Հարությունյան–Ամասիա,
  • Ֆելիքս Միրզոյեվ–Արզնի,
  • Նորայր Սարգսյան–Նաիրի,
  • Էդիկ Չախալյան–Լերմոնտովո,
  • Ալեքսեյ Չիչյով–Ֆիոլետովո,
  • Գուրգեն Մարտիրոսյան–Գավառ,
  • Վազգեն Ադամյան–Ճամբարակ,
  • Սարգիս Մուրադյան — Սևան
  • Ռուստամ Հասանյան–Ֆերիկ,
  • Լյուդմիլա Պետրովա–Վերին Դվին,
  • Ջասմ Մախմուդով–Ալագյազ,
  • Էդիկ Օսեյան–Արևուտ,
  • Մրազ Միրոյան–Մեծաձոր
  • Գևորգ Փարսյան–Կապան,
  • Մանվել Փարամազյան–Քաջարան
  • Հակոբ Բալասյան–Բյուրեղավան,
  • Գագիկ Մաթևոսյան–Նոր Հաճն,
  • Հակոբ Շահգալդյան–Չարենցավան,
  • Էդգար Արշակյան–Տաշիր,
  • Կարեն Եղիազարյան–Ապարան,
  • Ահարոն Խաչատրյան–Վարդենիս,
  • Աստղիկ Հակոբյան — Բերդ

Այս անձանցից ոմանք նախկինում քաղաքական այս կամ այն իրադարձությունների ժամանակ հայտնել են ակտիվ դիրքորոշում՝ ընդդիմանալով իշխանություններին, սակայն որպես կուսակցականներ հանդես չեն գալիս։ Նրանց մի մասը համայնքը ղեկավարում է երկար տարիներ։

Ցանկից միայն Քաջարանի և Բյուրեղավանի համայնքապետերի՝ Սամվել Փարամազյանի և Հակոբ Բալասյանի նկատմամբ այս պահին տեղի են ունենում իրավական գործընթացներ։ Փարամազյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, իսկ Բալասյանը՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Բերդ համայնքում իրավիճակն այլ էր՝ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո առավելագույն ձայներ ստացած «Զորավոր համայնք» դաշինքի առաջին համար Հարություն Մանուչարյանը վայր դրեց մանդատը։ Նա մեղադրվում էր որդու կողմից ապօրինի շինարարությունը չկանխելու համար։

Ինչ վերաբերում է մյուս համայնքապետերին, ապա 71-ից 12-ը այլ կուսակցությունների, հիմնականում՝ քաղաքական դաշտում գործող ընդդիմադիր ուժերի  ներակայացուցիչներ են։

  • Առուշ Առուշանյան — Գորիս (Վերածնվող Հայաստան)
  • Խաչատուր Անդրեասյան — Մեղրի (Ազատական կուսակցություն)
  • Մանվել Լալայան — Տաթև (Շանթ Դաշինք ազգայնական կուսակցություն)
  • Դավիթ Հարությունյան — Եղեգնաձոր (Բարգավաճ Հայաստան )
  • Էդուարդ Բաբայան — Աբովյան (Բարգավաճ Հայաստան)
  • Վարդան Ղուկասյան — Գյումրի (Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
  • Սուրեն Թումանյան — Թումանյան (Հանրապետություն)
  • Օնիկ Ախվերդյան — Փարաքար (Ապրելու երկիր)
  • Արսեն Աղաբաբյան — Նոյեմբերյան (Ապրելու երկիր)
  • Դավիթ Համբարձումյան — Մասիս (ՀՀԿ)
  • Մրազ Բրոյան — Շամիրամ (ՀՀԿ)
  • Արայիկ Ներսիսյան — Լոռի բերդ (ՀՀԿ)

Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ազատազրկվեց վերջերս։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման: Համբարձումյանը նաև իմպիչմենթի գործընթացում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն էր։

Գյումրու համայնքի ղեկավար ՀԿԿ-ական Վարդան Ղուկասյանը ևս կալանավորվել է՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քննություն է տարվել՝ ապօրինի հավաք կազմակերպելու առթիվ։ Նա նաև մեղադրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերով: Դատարանը նախորդ տարի ամռանը Առուշանյանին մեղավոր էր ճանաչել և արգելել Առուշանյանին 5 տարով զբաղեցնել համայնքապետի պաշտոնը։ Սակայն Գորիսի ավագանին հրաժարվել էր կատարել դատարանի պահանջը ու պաշտոնանկ չէր արել Առուշանյանին։ Առուշանյանի մասով ևս ԿԿՀ-ն 2025 թվականին անհամատեղելիության եզրակացություն է կազմել։

Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու Երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը ԿԿՀ-ի կողմից տուգանվել է շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու համար։