22/11/2024

Կպարզվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ. Խաչատրյանը՝ Ներքին Հանդում ռուս սահմանապահների մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, արձագանքելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Ներքին Հանդում ռուս զինվորականները մանդատ ու պայմանագիր չունեն, ասաց.

«Դուք երևի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր է ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծեն, բայց հիմա, իրավիճակով պայմանավորված, քննություն է իրականացվում, ուսումնասիրություն, որպեսզի բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ»:

Հարցին՝ ի՞նչ կարգավիճակ ունենք նրանք, Խաչատրյանը նկատեց՝ ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ են. 2021 թվականին, իրավիճակով պայմանավորված, տեղակայվել են այդտեղ անվտանգային խնդիրներ լուծելու համար, քանի որ դա այն ժամանակ պետք էր:

«Իրավական հիմքի մասով մենք պատասխանները կստանանք, որովհետև վարչապետն ասեց, որ ուսումնասիրություններ են կատարվում, բայց 2021 թվականին, իրավիճակից ելնելով, այո, նման տեղաշարժեր եղել են, նաև Գորիսում է տեղակայում եղել, որը պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- ասաց Խաչատրյանը: