Բաքվի իշխանական minval-politika-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է Եվրամիություն-Հայաստան ռազմավարական գործընկերության համաձայնագրին և արձանագրել, որ «Բրյուսելը հատել է կարմիր գիծը»:
Լրատվամիջոցն, ընդսմին, հղելով «հավաստի աղբյուրների», անոնսավորում է խնդրի շուրջ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Ի՞նչն է «զայրացրել» Ադրբեջանին: Դատելով հրապարակումից, Բաքվում համարում են, որ փաստաթղթում օգտագործելով «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայեր» ձևակերպումը, Եվրամիությունը «խախտել է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:
Խորքային առումով «Լեռնային Ղարաբաղ» տերմինի և «տեղահանված հայեր» բնորոշման օգտագործումը չէր կարող նման «հուզական պոռթկումի» պատճառ դառնալ: Լրատվամիջոցը դա չի թաքցնում: «Եթե ԵՄ-ն իրոք ցանկանում է Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնել, ապա պետք է հարգի նրա սկզբունքային դիրքորոշումը»:
Այս շեշտադրումն ուշագրավ է նրանով, որ երկու օր առաջ կայացել է Գերմանիայի կանցլեր Մերցի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը, իսկ դրան հաջորդել է տեղեկություն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին կայցելի Գերմանիա:
Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի, Ֆրիդրիխ Մերցը Իլհամ Ալիևին Գերմանիայի այցի հրավեր է փոխանցել, ի պատասխան Ալիևը նրան հրավիրել է Ադրբեջան, կողմերը փոխադարձաբար ընդունել են հրավերը:
Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի Գերմանիա այցը չի կարող Ալիևի համար, մեղմ ասած, անցանկալի չլինել: Մանավանդ որ այն, ինչի մասին արտաքին գործերի նախարար Բայրամովը Բրյուսելում բանակցություններ է վարել, Հայաստանի պարագայում արդեն ստորագրված համաձայնություն է:
Եվրամիության «երթուղով Ալիևի գնացքն» ակնհայտորեն ուշանում է: Ալիևը վերջերս «ընդունվել է Կենտրոնական Ասիայի ակումբ», որի հետ Բրյուսելը ռազմավարական համագործակցության խարտիա ստորագրել է ավելի վաղ:
Արտգործնախարար Բայրամովից երկու օր առաջ Բրյուսել է այցելել արտաքին քաղաքական հարցերով Ալիևի օգնական Հաջիևը: Հարցազրույցներից մեկում նա Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետի պատճառ է համարել Ռուսաստանի ՀՕՊ համակարգի «սխալը»: Հաջիևի գնահատմամբ, «ամենայն հավանականությամբ Կիևում Ադրբեջանի դեսպանատան մոտ պատահական հրթիռ է պայթել»:
Այս ձևակերպումներից հասկացվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Ալիևը չափազանց զգուշավորություն է դրսևորում: Եթե Եվրամիությունը չընդառաջի նրա «սուվերեն իրավունքները հարգելու պահանջին», Ալիևը կվերադառնա «Պուտինի գի՞րկը»:
Պետք է սպասել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը: Եթե, իհարկե, Բաքվի իշխանական լրատվամիջոցի տեղեկությունը հավաստի է:






Բաց մի թողեք
«Գազարի և մտրակի» մոտեցումը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում. Կարգավորման – ապակարգավորման պայքարը
Թուրքիայի և Իսրայելի ռազմական բախման վտանգ կա, Թրամփին կհաջողվի արդյոք զսպել նոր պատերազմը
Մինչ Վաշինգտոնը հակված է դեպի Մոսկվա, Գերմանիան վերազինվում է և շուտով կարող է ունենալ Եվրոպայի ամենաուժեղ բանակը