13/12/2025

Բաքուն և Թեհրանը փրկում են հարաբերությունները, Արաղչին հյուրընկալվել է Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև դարավոր հարաբերությունները նշանակալից են, գոհունակություն է հայտնել վերջին շրջանում կապերի ակտիվացման կապակցությամբ, ընդգծել է նաև, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկեանի այցն Ադրբեջան, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները նպաստել են համագործակցության հետագա ընդլայնմանը։ Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսական, առևտրային, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը։

Աբբաս Արաղչին իր հերթին ընդգծել է, որ Մասուդ Փեզեշքեանն Իրանի նախագահ ընտրվելուց հետո իրեն հանձնարարել է զարգացնել Ադրբեջանի հետ կապերը։

Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի հարաբերությունները որոշակի ճգնաժամ էին ապրում բազմաթիվ, այդ թվում՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակման, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իսլամական հանրապետության կոշտ դիրքորոշման պատճառով։