Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Գերմանիա, հանդիպեց կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, որը նոր էր վերադարձել Լոնդոնից, որտեղ տեղի էր ունենում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլերի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քառակողմ հանդիպումը:
Հրապարակ թերթը գրել է․ Եվրոպան տարանջատվում է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիան իր վերահսկողության տակ է վերցնում Եվրամիությունը՝ Գերմանիային եւ Ֆրանսիային հերթական անգամ ներքաշելով աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ` պատերազմ Ռուսաստանի դեմ: Վերջին հարյուրամյակի ընթացքում Մեծ Բրիտանիան արդեն երրորդ անգամ է օգտագործում նույն փորձված հնարքը` եվրոպական մայրցամաքի հսկաներին` Գերմանիային եւ Ֆրանսիային թուլացնելու, նրանց հնարավորինս վերահսկելի դարձնելու համար: Մեծ Բրիտանիային պետք է, որ պատերազմն Ուկրաինայում չկանգնի, այն պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչեւ ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, պատրաստ լինեն անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին:
Խոսքը գնում է 2030 թվականի մասին, հաշվել են, որ 5 տարին բավարար կլինի պատերազմին պատրաստվելու համար: Իսկ մինչ այդ Ուկրաինան պետք է շարունակի պատերազմել՝ հնարավորինս թուլացնելով եւ հյուծելով Ռուսաստանը: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայտարարեց, որ Հայաստանը Գերմանիայի հետ մտնում է ռազմավարական գործընկերության փուլ, միանում է այդ նախագծին, որն այլ կերպ, քան արկածախնդրություն, չես անվանի:
«Այս այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջեւ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա»,- կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Փաշինյանը:
Երկրների հարաբերություններն առաջին հերթին հիմնված են լինում փոխադարձ շահերի վրա եւ ոչ թե հարգանքի, վստահության կամ, առավել եւս՝ մարդու իրավունքների հանձնառության: Իսկ ո՞րն է Հայաստանի եւ Գերմանիայի ընդհանուր շահը, ո՛չ Հայաստանը Գերմանիայում լուրջ հետաքրքրություններ ունի, ո՛չ էլ առավել եւս Գերմանիան՝ Հայաստանում: Հայաստանը եւ Գերմանիան ռազմավարական գործընկերություն են կնքում ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ՝ ընդդեմ Ռուսաստանի, Հայաստանը միանում է Ռուսաստանի դեմ պայքարին, Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու եվրոպական նախագծին:
ԱՄՆ-ն տարանջատվում է ԵՄ-ից եւ եվրոպական հարցերից, որովհետեւ ուկրաինական պատերազմն ԱՄՆ-ի համար կյանքի եւ մահվան հարց չէ, ԱՄՆ-ի համար կյանքի ու մահվան հարց է Վենեսուելան, որը տիրապետում է նավթի համաշխարհային պաշարների 20 տոկոսին, համեմատության համար Ռուսաստանն ունի միայն 5, իսկ Միացյալ Նահանգները՝ 3 տոկոս: Վերահսկողություն հաստատելով Վենեսուելայի, նրա նավթային պաշարների նկատմամբ՝ ԱՄՆ-ն ապահովում է իր 100 տարվա էներգետիկ անվտանգությունը, Թրամփին հիմա դա է հետաքրքրում, եւ նա ուզում է պայմանավորվել Ռուսաստանի հետ, որ նա առանձնապես չխոչընդոտի այդ պլանների իրականացմանը: Վենեսուելայի զենքի եւ զինամթերքի հիմնական մասը ռուսական է, հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Միացյալ Նահանգները փոխարենը խոստանում է չմիջամտել ուկրաինական գործերին, հնարավոր է, որ խաբի, բայց դա իրենց գործն է:
Եվրամիության համար կյանքի եւ մահվան հարց է Ռուսաստանը․ առանց Ռուսաստանի պարտության, առանց այն մասնատելու եւ նրա ռեսուրսներին տիրանալու ԵՄ-ն ապագա չունի, չունի ռեսուրսային այն բազան, որն անհրաժեշտ է հետագա զարգացման համար: Դրա համար էլ եվրոպական երկրներն ուզում են ամեն գնով շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ, առայժմ՝ Ուկրաինայի ձեռքերով, հետո, երբ համոզվեն, որ Ռուսաստանը բավականաչափ թուլացել է, իրենք եւս կմիջամտեն: Ռուսաստանն ատոմային գերտերություն է, Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումը վտանգավոր է, պլանը հետեւյալն է. այնպես անել, որ Ռուսաստանը տնտեսապես թուլանա, քայքայվի ներսից, ներքին խնդիրների ազդեցության տակ փլուզվի: Այդ ժամանակ իրենք սպիտակ ձեռնոցներով կմտնեն խաղի մեջ եւ կբաժանեն Ռուսաստանն ու նրա հարստությունները:
Իսկ Ռուսաստանին թուլացնելու համար պետք է պրոքսի պատերազմների եւ պատերազմողների թիվն ավելանա: Հայաստանը դրա հավակնորդներից մեկն է, նաեւ՝ Ադրբեջանը եւ Վրաստանը: Հիմա Հայաստանին համոզում են, որ ինքը տնտեսապես կարող է ապրել նաեւ առանց Ռուսաստանի` ինչ է դրա համար պետք՝ ցորե՞ն, դա կարող է գալ Ղազախստանից, շրջանցելով Ռուսաստանը, վառելիք կարող է գալ Ադրբեջանից: Ուրիշ էլ ի՞նչ` մենք կապահովենք, բայց դրա փոխարեն Հայաստանը պետք է միանա հակառուսական ճամբարին եւ ոչ թե խոսքով, այլ՝ գործով: Գործերից մեկը կլինի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին լիարժեք միանալը, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ցամաքային կապը փակելը, այդ երկրի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները դադարեցնելը:
Ի՞նչ է ստանում Հայաստանը դրա դիմաց. ոչինչ, փոխարենը ստանում է Փաշինյանը: Ստանում է երաշխիք, որ իր իշխանությունը կստանա անսահմանափակ քաղաքական աջակցություն ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների կողմից իր իշխանությունը հավերժացնելու հարցում: Որպես ասվածի ապացույց, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Փաշինյան-Մերց հանդիպման օրը եվրապառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հերթական անգամ հայտարարեց փաշինյանական իշխանությանը պաշտպանելու եւ դրա վերարտադրմանը նպաստելու իրենց վճռականության մասին:
Ահա մի հատված Կալլասի նախորդ օրվա ելույթից. «Ռուսաստանը եւ նրա լիազորված անձինք ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում՝ Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններից առաջ։ Մոլդովան այս տարվա հիմնական թիրախն էր, բայց նաեւ լավագույն ապացույցը, որ այս մարտահրավերը կարելի է հաղթահարել: Մեր կողմից մենք կշարունակենք մոբիլիզացնել վերջին տասնամյակում ստեղծված Արտաքին գործողությունների ծառայության միջոցները՝ միաժամանակ աջակցելով քաղաքացիական հասարակությանը եւ ազատ լրատվամիջոցներին։ Եվրոպական Միությունը մեծ փորձ ունի առաջարկելու ամբողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության գործում։ Ես անհամբեր սպասում եմ գարնանը մեր համատեղ համաժողովին այս կարեւոր թեմայով»։
Կալլասն ասում է, որ ինչպես Մոլդովայում մենք ապահովեցինք գործող իշխանության հաղթանակը, նույնն անելու ենք Հայաստանում՝ դրա համար օգտագործելով Արտաքին գործողությունների ծառայության միջոցները եւ ժողովրդավարության պաշտպանության ոլորտում ունեցած մեր փորձը: Փաշինյանական իշխանության դեմ ուղղված ցանկացած ընդդիմախոսություն, այդ ռեժիմը հեռացնելու ցանկացած փորձ իրենք դիտարկելու են որպես Ռուսաստանի միջամտություն, իսկ իրենց միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ ժողովրդավարության պաշտպանություն:
Ահա, այն չակերտավոր ռազմավարական գործընկերությունը, որը կայացել է ԵՄ-ի եւ Փաշինյանի, Գերմանիայի եւ Փաշինյանի միջեւ. իրենք օժանդակում են Փաշինյանին՝ իշխանությունը պահելու եւ ընդդիմախոսներին ճնշելու հարցում, Հայաստանը միանում է Ռուսաստան-ԵՄ հակամարտությանը, որը ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի: Վատ գործարք չէ, միայն թե ոչ Հայաստանի համար, որը կարող է ընդհանրապես ոտնատակ գնալ այս արկածախնդրության արդյունքում: Բայց եթե Գերմանիան եւ Ֆրանսիան խելքի չեն եկել` հանուն անգլոսաքսերի շահերի Ռուսաստանի դեմ 2 պատերազմ մղելուց հետո, Հայաստանն ի՞նչ է որ․․․






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու