Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ հանդիպման ժամանակ սկանդալային միջադեպ է արձանագրվել։ Հանդիպման մասնակիցներից հինգը միջոցառման կեսից ոտքի են կանգնել եւ լքել դահլիճը։
Հայաստանի վարչապետը նրանց հորդորել է վերադառնալ, զբաղեցնել իրենց տեղերը, խոստացել է պատասխանել բոլոր հարցերին, բայց երիտասարդները չեն համաձայնվել ասելով, որ իրենց պետք չեն Փաշինյանի պատասխանները, քանի որ նրա խոսքն ու գործը նույնը չեն:
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջադեպի մասին ոչինչ չի հաղորդում։ Ովքե՞ր են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը եւ ինչպես եք ընտրել մասնակիցներին։ Վարչապետի խոսնակը սահմանափակվեց հետեւյալով. «Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական և մշակութային կազմակերպությունների անդամներ, գործարարներ, ինչպես նաև ակտիվ համայնքային գործիչներ։ Մասնակիցների ընտրությունը կատարվել է համայնքային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Մասնավորապես՝ «Սանկտ-Պետերբուրգի շրջանային հայ մշակութային ազգային ինքնավարություն», «ԱՌՄԱ», «Սանկտ-Պետերբուրգի շրջանային երիտասարդական ասոցիացիա», Ռուսաստանի Հայ իրավաբանների ասոցիացիա, «Մեր գործը» կազմակերպություն եւ այլն»:
Այս կազմակերպությունները՝ մասնավորապես, «Հայ իրավաբանների ասոցիացիան», որի ղեկավարը Շահեն Պետրոսյանն է եւ որը հաճախ հակադրվում է Արա Աբրահամյանի ղեկավարած «ՍԱՐ»-ին, Փաշինյանի բարեկամ-կառույցներն են Ռուսաստանում: Ավանդական կառույցները հանդիպումներին չեն հրավիրվում:
Առհասարակ, Սանկտ Պետերբուրգի հանդիպումը ծածուկ է կազմակերպվել, հատուկ ցուցակով։ Բազմաթիվ անձինք հավաքված են եղել հանդիպման վայրում՝ «Ֆոր սիզնս» հյուրանոցի փոքր դահլիճի մոտ, ցանկանալով ներս մտնել, սակայն նրանց մուտքը արգելել են։ Հանդիպել վարչապետի հետ, հայտնել իրենց մտահոգությունները մարդիկ չեն կարողացել: Հյուրանոցի շենքի մոտ նրանք կանգնել են բանտված սրբազանների, Սամվել Կարապետյանի նկարները պարզած: Գործարար Հովհաննես Ղադյանը, որը նաեւ Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ է, մեզանից իմացավ, որ Փաշինյանը համայնքի հետ հանդիպման է գնացել: Հայկական եկեղեցու ծխականներին, որոնք Փաշինյանին հրավիրել են զրույցի, նա մերժել է: Ղադյանը պատմում է, որ Երեւան այցելություններից մեկի ժամանակ Փաշինյանի աշխատասենյակում է եղել, խոսել են Մեղրիի տնտեսական խնդիրներից, որ ոչխարի բուրդը փչանում է, չկա իրացման շուկա: «Մի 4 տարի առաջ էր: Ես բուրդը տարա Ռուսաստան, վերամշակման: Որոշ շրջան աշխատել եմ, բայց մի պահ եկավ, որ շատ վատ որակի բուրդ էր մատակարարը ուղարկում, կեղտոտ, վատ մշակված, եւ մենք դադարեցինք ընդունել այն, քանի որ շատ թանկ էր ստացվում»:
Հովհաննես Ղադյանին հարցրեցինք, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգի հայերը վերաբերվում Փաշինյանին: «Մարդիկ տարբեր տրամադրվածություն ունեն: մենք դադարեցրեցինք առաքումները: Ես լավն էլ եմ տեսնում, վատն էլ: Մեծ սխալ է նրա վերաբերմունքը եկեղեցուն: Սա բացասական ազդեց նրա իմիջի վրա: Ես տեսել եմ նաեւ, թե ինչպես է զարգանում Հանրապետությունը, տեսել եմ, ինչպես են ճանապարհներ կառուցում, եւ այլն, բայց մյուս կողմից կարծում եմ, արտաքին քաղաքական հարցերում նա շատ լուրջ թերություններ ունի: Սկզբում թեքվում էր Եվրոպայի, Ամերիկայի կողմը, իսկ հիմա արդեն հասկացել է, որ երկու կողմն էլ պետք է նայել՝ եւ Ռուսաստանի, եւ Արևմուտքի»:
Պետք է հաշվի առնել, որ Պիտերի հայ համայնքը հիմնականում համախմբված է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու շուրջ: Եփրեմ քահանա Զարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ Փաշինյանի հետ հանդիպմանը հրավիրված են եղել հիմնականում երիտասարդներ, ուսանողություն: «Բայց այստեղ կան կայացած, հայրենասեր, հաջողությունների հասած մարդիկ՝ մշակութային գործիչներ, գիտնականներ, որոնք այդ հանդիպմանը ներկա չեն եղել: Եղել են հյուպատոսարանի աշխատակիցներ, երիտասարդներ, բայց անգամ նրանց թվում են եղել մարդիկ, որոնք բարկացել են ու լքել են դահլիճը», – ասում է նա:
Եփրեմ քահանային պատմել են, որ Փաշինյանը հանդիպման ժամանակ անակնկալի է եկել սուր հարցադրումներից, ասել է, որ մարդիկ իրեն մտածել ստիպեցին: «Հարցադրումները կապված են եղել Եկեղեցու հետ, Էրդողանի գիրքը կարդալու հետ, անհարմար վիճակներ են ստեղծվել վարչապետի համար: Որևէ մեկին թույլ չեն տվել, որ հեռախոսով ներս գնան, նկարահանումները չեն թույլատրել: Ու միեւնույն ժամանակ երեկոյան, մենք ժամերգություն ենք արել մեր Սուրբ Կատարինե եկեղեցում, եւ հավատացյալներով, հայորդիներով հայտարարություն ենք հղել վարչապետին, որ ներկայացնեն մեր մտահոգությունները նրա վարած քաղաքականության առթիվ: Երեւի, միայն Սովետի տարիներին է եղել, որ սրբազանները բանտարկվեն»:
Եփրեմ քահանա Զարգարյանը նկատում է, որ կիրակի օրը փոխանակ Փաշինյանը ներկայանար հայկական եկեղեցի, ժամերգության, գնացել էր Էրմիտաժ, ինչը հավատացյալին վայել չի: Պետերբուրգի հայ համայնքում վրդովմունք են առաջացրել նաեւ ՀՀ իշխանության քայլերը Եզրաս Արքեպիսկոպոս Սրբազանի դեմ, որի ջանքերով հայ համայնքը համախմբվել է, որը եկեղեցիներ է վերականգնել, եկեղեցապատկան շենքեր է վերադարձրել, դպրոց է բացել: «Այստեղ հայության ոգին եւ ազգասիրությունը պահպանվել է հենց իր՝ Եզրաս սրբազանի, այն ժամանակ դեռ աբեղա, կամ վարդապետ եղած տարիների գործունեությամբ: Նրան ճանաչողներից որևէ մեկի գլխով չի անցնում, որ այդ ամենը քաղաքականութուն է»:
Ինչպե՞ս է անցել հանդիպումն ընդհանուր առմամբ, ռուսաստանցիներն ինչպես են վերաբերել վարչապետի ներկայացրած TRIPP նախագծին․ «Մարդիկ այնտեղ հարցեր են տվել, եւ ամեն մի հարցին նա մի կես ժամ պատասխանում էր, այսինքն՝ ժամանակ էր լրացնում, որ հնարավորինս քիչ հարցադրումներ լինեն: Եւ այո՝ մարդիկ են եղել, որոնք բարձրաձայնել են, որ ունեն պրոռուսական կողմնորոշում, որ արտաքին քաղաքական գիծը փոխելը նույնպես սխալ է: Եւ մենք իրոք մտահոգ ենք, որովհետեւ աշխարհում առաջին սփյուռքն ենք, հայերի մեծամասնությունն ապրում է Ռուսաստանում, Հայաստանի տնտեսությունը սնվում է Ռուսաստանից, եւ այս քայլերը միայն բերում են նրան, որ մեր ազգը պառակտվում ու մասնատվում է» :
Փաշինյանը գիտի, որ Ռուսաստանի հայ համայնքը շատ ռուսամետ է, ո՞րն է Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպելու բուն նպատակը: Ըստ Տեր Եփրեմի, Փաշինյանը 7-8 տարիներ ընթացքում իր եւ իրեն ենթակա շատ կառույցների միջոցով Հայաստանի մեջ արդեն իսկ մեծ փոփոխություններ է արել, մարդկանց կողմոնորշումները փոխելու, ուղեղները լվանալու: «Նա իրեն այնքան հզոր է կարծում, որ մտածում է, թե Ռուսաստանում էլ կարող է նման քայլեր անել, բայց կարծում եմ, նա տեսավ, թե մարդիկ ինչպես են իրեն վերաբերվում»:






Բաց մի թողեք
ՔՊ հանգուցյալ պատգամավորի կինը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու է․ Լուսանկար
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան սահմանափակվելու է միայն Երևան այցով
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով