26/12/2025

Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել

Անկարայի դատախազությունը «հետաքննությունն է սկսել սոցիալական ցանցերի այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետի ինքնաթիռի կործանման մասին կեղծ լուրեր են տարածում»:

Լրատվամիջոցը միեւնույն ժամանակ տեղեկություն է փոխանցել, որ Լիբիայում անցկացված «հարցման արդյունքներով հանրության զգալի մասը կասկածում է աղետի պատճառների մասին տեղեկատվության իսկությանը»:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքային աղետի վայրում լրագրողներին ասել է, որ օդանավի անձնակազմը հայտնել է «էլեկտրասարքավորումների խափանման մասին և արտակարգ վայրէջքի թույլտվություն խնդրել, բայց այդ պահին նրա հետ կապը խզվել է»:

Աղետի հետևանքով զոհվել է լիբիացի հինգ բարձրաստիճան զինվորական: Նրանք ներկայացնում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված՝ Լիբիայի ազգային համերաշխության կառավարությունը:

Թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնն զբաղեցրած գեներալ ալ-Հադադի կենսագրությունը: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020թ. աշնանը և անցած հինգ տարիներին մի քանի անգամ պաշտոնական այց է կատարել Անկարա:

Գեներալ Հադադը հանդես է եկել Լիբիայում Թուրքիայի «կայունացնող դերակատարության օգտին»:

Ըստ տեղեկությունների, Լիբիայի ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը Թուրքիա է գործուղել զինվորականների և տեխնիկական մասնագետների: Նրանք Թուրքիայի պատկան կառույցների հետ հետաքննում են օդանավի աղետի պատճառները:

Ուշագրավ է, որ ինքնաթիռի «սև արկղի» տվյալների վերծանության համար «ընտրվել է չեզոք երկիր»: Խոսքը ո՞ր երկրի մասին է, որին միասնաբար վստահում են Թուրքիան և Լիբիան, առայժմ չի հրապարակայնացվում:

Ավելի վաղ ուկրաինական մի շարք թելեգրամ-ալիքներ գրել են, որ լիբիական ինքնաթիռը «խորտակվել է արտաքին ռադիոէլեկտրոնային միջամտությամբ»: Ուկրաինացի փորձագետները միաձայն տեսակետ են հայտնել, որ Թուրքիայի և Լիբիայի միջև ռազմական խորացող համագործակցությունը Հյուսիսային Աֆրիկայում «սահմանափակում է Ռուսաստանի ազդեցությունը»:

Որքանո՞վ են իրականությանը մոտ կամ առնվազն հավանական ուկրաինական կողմի տարածած կասկածները, չափազանց բարդ է ասել:

Եթե Անկարայի դատախազությունը նույնիսկ սոցիալական ցանցերի օգտատերերի տարածած լուրերն է հետաքննում, կարելի է ենթադրել, որ թուրքական կողմը նույնպես «արտաքին միջամտության» վերաբերյալ մտահոգություններ ունի:

Ինքնությունը վկայակոչեն չցանկացած մի աղբյուր Turkiye-ի լրագրողին աղետի վայրում ասել է, որ եթե «ահաբեկչության հավանականությունը նույնիսկ մեկ տոկոս լինի, այն նույնպես ամենաբծախնդիր և մանրամասն կերպով հետաքննվելու է»:

Լիբիան էներգետիկ պաշարներով հարուստ երկիր է: Չնայած քաղաքական մասնակտվածությանը, միայն այս տարվա տասը ամիսներին նավթի արտահանումից Տրիպոլիի կառավարության եկամուտները կազմել են քսանմեկ միլիարդ դոլար:

Երկրի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Հյուսիսային Աֆրիկայում ազդեցություն ամրապնդել: Այս առումով Թուրքիան, իրոք, մրցակիցների պակաս չի կարող ունենալ:

Որոշ տեղեկություններով, գեներալ ալ –Հադադը թեև Թուրքիայի հետ ռազմական համագործակցության կողմնակից էր, բայց սկզբունքորեն «դեմ է եղել Լիբիայում օտարերկրյա մշտական ռազմական ներկայությանը»: