26/12/2025

Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»

ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աջակցվող ծրագրերի շրջանակներում Ղազախստանը եկող տարի կստանա միջուկային փորձարկումների ամերիկյան արդիական «սիմուլյատոր», որ կդառնա տարածաշրջանում մասնագետների պատրաստման կենտրոն:

Այդ մասին պաշտոնապես հաղորդել է Ղազախստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքը: Գիտափորձնական ծրագրերը կիրականացնի Աստանայի ֆիզիկայի ինստիտուտը:

Tengrinews-ը, հղում անելով բնագավառի մասնագետներին, հավելյալ մեկնաբանել է, որ խոսքը վերաբերում է «միջուկային ռեակտորի համակարգչային ծրագրավորմամբ նմանակի մասին, որ թույլ է տալիս իրակաանցնել բոլոր գործողությունները, բայց՝ առանց միջուկային վառելիքի»:

Մասնագետները համոզված են, որ ԱՄՆ-ը «մտադրված է Կենտրոնական Ասիայում ստեղծել մոդուլային ԱԷԿ-երի ցանց, որ բացի էներգետիկ նշանակությունից կունենա նաեւ անվտանգային բաղադրիչ:

Աստանայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը հրապարակվել է Միացյալ Նահանգների և Ղազախստանի նախագահների «տևական հեռախոսազրույցի» հաջորդ օրը: Փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ը «Կենտրոնական Ասիայում ներկայության կոորդնատները ճշտում են Աստանա-Տաշքենդ ուղղությամբ»:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը համարում է, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում «ներկայություն է ծավալում, որպեսզի Աֆղանստանի շուրջ անվտանգություն ապահովի»:

Ռուսաստանցի հեղինակը ենթադրում է, որ Վաշինգտոն-Աստանա «համագործակցությունը ձևավորվում է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա-Մերձավոր Արևելք աշխարհաքաղաքական եռանկյունու նկատառմամբ»:

Կարելի է հասկանալ, որ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ներկայությունը Ռուսաստանի համար մտահոգիչ է:

Պարբերականը հատկապես ուշադրություն է հրավիրում Թրամփ-Տոկաև հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական կարգավորման թեմայի շոշափմանը և ընդգծում, որ «Ղազախստանը վերահաստատել է չեզոքությունը, բայց միաժամանակ կողմերի միջև բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամություն հայտնել»:

Ոչ միայն Ղազախստանը, այլև հետխորհրդային բոլոր երկրները ռուս-ուկրաինական պատերազմի հարցում միանշանակ դիրքորոշում չեն հայտնել:

Ղազախստանին ներգրավելով միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ամերիկյան գիտափորձնական ծրագրերում՝ Թրամփի վարչակազմն, անշուշտ, ոչ միայն ընդգծում է կենտրոնաասիական այդ երկրի կարևորությունը, այլև բարձրացնում նրա միջազգային կարգավիճակը:

Ամերիկացի փորձագետ Այուշի Սայինին նկատել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգը չի ներառնում Կենտրոնական Ասիան: Նրա կարծիքով, դա նշանակում է, որ Թրամփ-Տոկաև դիվանագիտական շփումներն «առանձնակի կշիռ ունեն և նպատակաուղղված են տարածաշրջանի շուրջ անվտանգային վակուումի հաղթահարմանը»:

Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է, կառույց, որի վերջերս կայացած գագաթաժողովում Ռուսաստանի նախագահը հռչակել է եվրասիական միասնական և անբաժանելի անվտանգային համակարգի ստեղծման ծրագիր:

Ինչպե՞ս է Աստանան ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների անվտանգային երաշխիքները համադրելու է միասնական ռազմաարդյունաբերական համալիր կառուցելու պուտինյան նախագծումներին, մնում է ենթադրել:

Բացառված չէ, որ Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»: