Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց:
Այս մասին Sputnik-ին հայտնել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը», – նշել է Ամատունին:
Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին:
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո:
Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Բաց մի թողեք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում
Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ Տեր Հեթում
Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել