Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն անդրադարձել է Իրանում սկսված բողոքի ցույցերին։
Հիշեցնենք, որ այս օրերին մայրաքաղաք Թեհրանում եւ Իրանի այլ բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են՝ արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացման եւ երկրում տիրող տնտեսական վատ վիճակի հետ կապված։
Նախագահ Փեզեշկիանը ասել է, որ հաջողության աստիճանն ու խնդիրների լուծումը, որոնք առկա են այսօր Իրանում, շատ դեպքերում կապված է մտածողության ու մոտեցման ձեւերից։
Նա ընդգծել է, որ կառավարությունը պետք է ապահովի արդյունավետ ծառայություններ, ճիշտ կերպով կարողանա կառավարել ռեսուրսները, եւ գտնի գործնական լուծումներ՝ առկա տնտեսական ու սոցիալական խնդիրների համար, որպեսզի այդպիսով չեզոքացնի հանրային դժգոհությունները։
«Եթե մարդիկ դժգոհ են, դա մեր մեղավորությունն է։ Այստեղ Միացյալ Նահանգներին կամ մեկ այլ ուրիշին մեղադրելու կարիք չկա։ Պատասխանատվությունը մեր ուսերին է»,- ընդգծել է Իրանի նախագահը։
Իրանի նախագահ Փեշեզկեանը փորձում է երկխոսություն պահպանել ապստամբների հետ եւ զսպել ուժայինների բռնությունները։ Հատկանշական է, որ Համացանցը երկրում չի անջատվել։
Իրանի իշխանությունները դատապարտել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղղակի միջամտություն ներքին գործերին»։
«Թրամփը պետք է հստակ հասկանա, որ ամերիկյան միջամտությունը մեր ներքին խնդիրներին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ շահերը»,- ասել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի մոտեցումները բացահայտում են վերջին իրադարձությունների շարժիչ գործոնները»,- ընդգծել է Լարիջանին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը գրել էր, որ «եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին», «Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության»։
Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը, ցավոք, նրանց համար սովորական պրակտիկա է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության, գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք լիովին կազմակերպված և բեռնված ենք ու պատրաստ ենք գործել»,- ասել է Թրամփը։
Անկարգությունները շարունակում են պայմանավորված լինել ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով. գնաճը մոտեցել է 40%-ի, իսկ ազգային արժույթն արագորեն արժեզրկվում է։ Այս ֆոնին սննդամթերքի գները բարձրացել են 60-70%-ով։







Բաց մի թողեք
Եվրամիության խորհրդի նախագահությունն անցնում է Կիպրոսին
Բուլղարիան՝ քաղաքացիների խառը արձագանքների ֆոնին, անցնում է եվրոյի. Լուսանկարներ
Շնորհավորանքներ և շնորհավորանքներ, Իսպանիա և Պորտուգալիա. Ֆոն դեր Լեյեն